Արա Զոհրաբեան. «Իշխանութեան թիրախում եկեղեցու ինքնակառավարման համակարգն է»
Փաստաբան Արա Զոհրաբեանի «Ֆէյսբուք»-եան գրառումը.
«Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շատ փորձութիւնների միջով է անցել, բայց կարողացել է հարիւրամեակներ շարունակ պետութիւն չունեցող հայ ազգին միաւորել: Եկեղեցու շնորհիւ է, որ զաւթիչների տիրապետման ժամանակ չենք ձուլւել նրանց եւ պահպանել ենք մեր ազգային ինքնութիւնը: Հայաստանի Հանրապետութիւնը Սահմանադրութեան մակարդակով ճանաչել է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպէս ազգային եկեղեցու բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում: Եկեղեցին կարողացել է դիմակայել այս փորձութիւններին եւ հարւածներին, ի շնորհիւ նաեւ իր ինքնակառավարման համակարգի: Այս իշխանութեան եւ նրա արբանեակների տարատեսակ եւ տարաբնոյթ շարժումները թւում է, թէ ուղղւած են անձի դէմ, բայց դա՝ միայն առաջին հայեացքից:
Իրականում, այս իշխանութեան թիրախում Եկեղեցու ինքնակառավարման համակարգն է, որին հասնելու համար կոնկրետ անձանց են թիրախաւորում: Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանութեան գերագոյն մարմինը Ազգային-Եկեղեցական ժողովն է, որն էլ լիազօրւած է որոշումներ ընդունելու ազգային-եկեղեցական գլխաւոր հիմնահարցերի վերաբերեալ: Այլ մարմին կամ մարդկանց խումբ չի կարող այս հարցերով որոշումներ կայացնել: Հանրահաւաքների կամ հանրային այլ միջոցառումների կամ ճնշումների միջոցով չի կարելի ազդել եկեղեցու ներքին կեանքի վրայ: Այդպիսի հնարաւորութիւն չունի եւ չպէտք է ունենայ նաեւ պետութիւնն իր իշխանութիւններով: Դարեր շարունակ եկեղեցու վրայ փորձել են ազդել ոչ միայն հայրենական իշխանութիւնները, այլ նաեւ օտար պետութիւնները, այդ թւում՝ զաւթիչները, կրօնական ծայրայեղականները, սակայն՝ ԱՊԱՐԴԻՒՆ:
Այս իշխանութեան բացասական վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ զգացւել է 2018 թւականից (արկածախնդիրների կողմից դիւանատան տարածքը գրաւելուն օժանդակելը, եկեղեցուն «հարկային» դաշտ բերելու փորձերը, «Հայ Եկեղեցու պատմութիւն» առարկան կրթական ծրագրից հանելը, նախածննդեան տօները վերացնելը, կաթողիկոսի ուղերձի ժամանակացոյցը փոխելը…..): ՄԻԵՒՆՈՅՆ Է ՉԻ ՍՏԱՑՒԵԼՈՒ: Որպէս քրիստոնեայ կանգնած եմ իմ եկեղեցու կողքին: Իմ ընկերները եւ հարազատները, ինչպէս նաեւ ինձ շատ անծանօթ հայրենակիցներ, որոնց իմ հարազատն եմ համարում, նոյնպէս կանգնած են եկեղեցու կողքին: Այսօր (յունւարի 5-ին, Խմբ.) ժամը 17:00-ին, ընկերներիս հետ, Սուրբ Գայիանէ վանքում մասնակցելու ենք Սուրբ Ծննդեան Ճրագալոյցի սուրբ պատարագին»: