Արա Զոհրաբեան. «Եւ թող դատաւորն այս նամակը կարդալով իր (ոչ թէ Սրբազանի) դատավճիռը կայացնի»

«ԱԼԻՔ» – Միքայէլ Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբեանը ֆէյսբուքեան իր էջում հրապարակել է Միքայէլ Սրբազանին ուղղւած «Հայկական Զարդանախշեր» պարային համոյթի 65 սաների նամակը:
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ՝ ՈՐՊԷՍ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՆՁԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔ
«Այսօր, դատարանում, որպէս Միքայէլ Սրբազանի անձը բնութագրող հանգամանք չենք ներկայացրել ոչ Սրբազանի կենսագրութիւնը, ոչ տարիների կատարած աշխատանքների նկարագրութիւնը, ոչ ստացւած պարգեւները (Սրբազանը եւ մենք համաձայն չէինք Սրբազանին ակնյայտ անհիմն ձեւով մեղաւոր ճանաչած դատարանին նման նիւթեր ներկայացնել), այլ ներկայացրել ենք Գիւմրիում գործող «Հայկական Զարդանախշեր» պարային համոյթի սաների նամակը ուղղւած Միքայէլ Սրբազանին: Այս նամակից լաւ բնութագիր չէինք էլ կարող ներկայացնել:
Եւ թող դատաւորն այս նամակը կարդալով իր (ոչ թէ Սրբազանի) դատավճիռը կայացնի:
Կանխատեսելի դատավճիռը հրապարակւելու է 03.10.2025 թ. ժամը 17:30-ին»,- գրել է նա՝ կից հրապարակելով նամակը:
…..
«Հայկական Զարդանախշեր» պարային համոյթի 65 սանի նամակը
Գերաշնորհ Սրբազան Հայր,
Սիրելի Սրբազան, գրում են Ձեզ՝ Ձեր երեխաները՝ «Հայկական Զարդանախշեր» պարային համոյթի սաները:
Համոյթ, որը երկար ու դժւար ճանապարհ է անցել Ձեր հետ միասին:
Համոյթ, որի հիմնադիրն ու հոգատար ծնողն էք եղել: Համոյթ, որի քսանհինգ ամեակը լրանում է այս տարւայ հոկտեմբերի մէկին:
Մեր բոլորի ցանկութիւնն է, որ մե՜ր Սրբազանը ներկայ լինի այս տօնին, քանի որ առանց Ձեզ մեր ուրախութիւնը մնալու է կիսատ: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք յետաձգել եւ սպասել Ձեր վերադարձին եւ կը սպասենք ինչքան լինի հարկաւոր: Ամէն մեր պարապմունքից առաջ միասնական աղօթում ենք Ձեզ համար:
Աստւած օգնական Սրբազան Հայր:
Որդիական սիրով «Հայկական Զարդանախշեր պարային» համոյթի սաներ»: