«Նոր տարւայ գիշերը, երբ իրար խաղաղութիւն կը մաղթէք». պատգամաւորն ամփոփել է տարին
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանն ամփոփել է տարին՝ նշելով.
«Որեւէ բանական մարդ չի կարող պատերազմ ցանկանալ, չի կարող դէմ լինել խաղաղութեանը։ Պատերազմը մահ է, տառապանք, աւեր ու կոտորած է, արիւն, արցունքներ ու խեղւած ճակատագրեր է։ Որեւէ բանական մարդ չի կարող դէմ լինել խաղաղութեանը։ Խաղաղութիւնը շատ թանկարժէք է։ Եւ որպէս ցանկացած թանկագին մի բան, այն շատ դժւար է տրւում, ջանք ու պայքար է պահանջում, քանզի կը լինեն մարդիկ, ցեղեր ու պետութիւններ, ովքեր կը ցանկանան պատերազմով խլել այն ինչ որ քոնն է, ինչն Աստւած է քեզ տւել, ինչը դու ստեղծել ես քո արդար քրտինքով, ինչի համար պայքարել են քո նախնիները։ Կարող ես պայքարել ու պաշտպանել քո խաղաղութիւնը, արժանապատւութիւնը, բարեկեցութիւնը, իսկ կարող ես ասել․ «սա էլ քեզ, մենակ կռիւ չլինի»։ Ու այդպէս՝ ամէն ինչ տալ, քանի որ առանց դիմադրութեան արժանանալու քեզանից ձու խլողը ձի էլ կը խլի, տունդ ու ընտանիքդ էլ կը խլի, երկիրդ էլ կը խլի, կեանքդ էլ կը խլի…
Տարեվերջին, երբ ինտենսիւացան «խաղաղութեան պայմանանագրի» վերաբերեալ խօսակցութիւնները, շատ պարզ դարձաւ, թէ Ադրբեջանն ինչ զիջումներ է մեզանից պահանջում՝ «խաղաղութիւն» բաշխելու դիմաց։ Ինչը որ Հայաստանի իշխանութիւնները գաղտնի էին պահում, այլեւս թաքցնել չի ստացւում։ Մենք կանգնել ենք մի իրավիճակի առաջ, ինչը կամ տիեզերական անտաղանդութեան կամ դժոխային դաւաճանութեան հետեւանք է։
Չեմ ուզում շատ երկար պատմական էքսկուրս կատարել, յիշեցնել, թէ ինչ էին ասում ընդդիմադիր, նախապատերազմեան եւ յետպատերազմեան Նիկոլները, ինչպէս են իշխանութեան ներկայացուցիչները, գերագոյն գլխաւորի առաջնորդութեամբ, աղճատում պատմական փաստերը, աղաւաղում իրականութիւնը։ Անդրադառնանք Հայաստանի դէմ 2022 թւականի սեպտեմբերի ագրեսիայից յետոյ Փաշինեանի վարած քաղաքականութեանը։ 2022 թւականի հոկտեմբերի 6-ին Պրագայում նա յայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը։ Այստեղ ոչ մի նորութիւն չկար։ Որպէս ՄԱԿ անդամ-պետութիւն Հայաստանը միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, սակայն միշտ յստակեցրել է, որ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հետ որեւէ կապ չունի։ Արցախն Ադրբեջանի կազմում չէ, նրա իրաւազօրութիւնից ու ինքնիշխանութիւնից դուրս է։ Այս տարի մայիսին Փաշինեանն արեց այն, ինչ 1988-ից այս կողմ Հայաստանի որեւէ իշխանութիւն չէր արել։ Նա ճանաչեց Ադրբեջանի գերիշխանութիւնն Արցախի նկատմամբ։ Աւելի պարզ՝ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, յայտարարելով, որ ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը։ Շատ չընդարձակւելու համար հիմա չանդրադառնանք, թէ առանց սահմանազատման ու սահմանագծման (այսինքն՝ իրաւաբանօրէն ֆիքսելով, թէ որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը) ինչպէ՞ս որոշեցին Ադրբեջանի մակերեսը, կամ ի՞նչպէս է Հայաստանը «երաշխաւորելու» այդ 86,6 հազար քառակուսի կիլոմետրը, եթէ մի օր Ադրբեջանը որոշի Թուրքիայի լաւութեան տակից դուրս գալու համար նրան մի քանի քառակուսի կիլոմետր նւիրել։
Երբ Փաշինեանից պատասխան ես պահանջում, թէ ինչո՞ւ նա հրաժարւեց, լքեց ու դաւաճանեց Արցախը, նա էլ սկսում է մեղքը բարդել «նախկինների», «ներկայ» արցախցիների, միջազգային հանրութեան ու սատանան գիտի էլ ում վրայ։ Սակայն, նրա ուղերձը պարզ ու թափանցիկ է. ինքը ՀՀ վարչապետն է ու պատասխանատու է միայն Հայաստանի համար։ Այսինքն՝ Փաշինեանը հրաժարւեց Արցախի անվտանգութեան երաշխաւորի յանձնառութիւնից, քանզի պաշտպանելով Արցախը, ըստ իրեն, վտանգում է Հայաստանի անվտանգութիւնը, ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը։ Ըստ Փաշինեանի՝ Հայաստանն ու Արցախն իրար հետ անհամատեղելի են։ Նոյնիսկ այսօր, Արցախի հայաթափումից ու Ադրբեջանին ժամանակաւորապէս բռնակցումից յետոյ, Հայաստանի իշխանութիւնները վախենում են անգամ արտասանել «Արցախ» բառը եւ ամէն ստորութեան պատրաստ են, որպէսզի արցախցիները յանկարծ չունենան օրինական ներկայացուցիչներ ու կարողանան Արցախի դատը պաշտպանել միջազգային հարթակներում։
Բրիւսէլում կայացած հանդիպումից յետոյ Եւրոխորհրդի նախագահ Շառլ Միշէլը յայտարարեց, թէ Փաշինեանն ու Ալիեւը ճանաչել են համապատասխանաբար Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնները։ Անձամբ ես Ալիեւից որեւէ նման պնդում չեմ լսել։ Փաստօրէն, Եւրոխորհրդի տրամադրած հարթակում Փաշինեանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը…. Ադրբեջանը Նիկոլին ուղղակի խաբեց։ Նա այլեւս Բրիւսէլ չգնաց ու չհաստատեց, որ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը։ Նա չգնաց նաեւ Վաշինգտոն։ Արեւմուտքում zogovrdi varcapete պարտւեց խորամանկ աղւէս Ալիեւին։
Հիւսիսային հարթակում իրավիճակը պակաս ողբալի չէ։ Փաշինեանը փորձեց օգտւել Ուկրաինայում Ռուսաստանի «զբաղւած լինելու» հանգամանքից ու փոխել Հայաստանի, այսպէս կոչւած «արտաքին քաղաքական վեկտորը», փորձեց հակամարտութեան ու հրադադարի միջնորդ Ռուսաստանին դարձնել հակամարտութեան կողմ ու մի կողմ քաշւել՝ յայտարարելով, թէ Արցախը բացառապէս ռուսների պատասխանատւութիւնն է։ Արդիւնքում՝ ոչինչ չշահեց մինչդեռ Ալիեւը կարողացաւ բարեկամանալ թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Արեւմուտքի հետ։
Եւ ստացանք այն ինչ ստացանք։ Ադրբեջանը յայտարարում է, թէ պարտադիր չէ, որ «խաղաղութեան պայմանագիր»-ն անդրադառնայ սահմանազատմանն ու սահմանագծմանը (այսինքն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին ու հետեւաբար՝ երկու երկրների մակերեսին)։ Ի տարբերութիւն Փաշինեանի, Ալիեւը հրաժարւեց ճանաչել այն սահմանները, որոնք ուրւագծում են Հայաստանը։ Ակնյայտ է, որ Ադրբեջանն այսօր հող է ստեղծում, որ վաղը սահմանազատումը Հայաստանի դէմ նոր ագրեսիայի ու Հայաստանից նոր տարածքներ պոկելու պատրւակ օգտագործելու համար։ Բայց սա դեռ ամբողջը չէ։
Մի քանի օր առաջ Շառլ Միշէլը բացայայտում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի իրաւական ռեժիմի վերաբերեալ անհամաձայնութիւն կայ»։ Նիկոլն ու իր շրջապատը էդ անտէր «խաղաղութեան խաչմերուկ»-ի ծրագիրն առած երկրէ-երկիր են գնում, իսկ Ադրբեջան, պարզւում է, այդ խաչմերուկի ամենակարեւոր հատւածի շուրջ Հայաստանի հետ վէճ ունի։ Նիկոլի թւի Հայաստանն այդ թղթի կտորից բացի ոչինչ չունի, իսկ Ադրբեջանը հանգիստ մանեւրում է ՌԴ եւ ԵՄ միջեւ։ Նա կարող է ռուսներից էլի ինչ որ մի բան կորզել Հայաստանից պահանջելով, որ այդ ճանապարի անվտանգութիւնն ապահովեն ռուս սահմանապահները (ինչպէս որ նախատեսւած էր նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ), իսկ կարող է համաձայնւել, որ ճանապարհի ու սահմանի անվտանգութիւնն ապահովի եւրոպական FRONTEX-ը (ինչը ցանկանում կամ պահանջում է Եւրոպան եւ նախընտրում են ՀՀ իշխանութիւնները)։
Սա էլ դեռ քիչ է, վերջերս Ադրբեջանի խորհրդարանը յայտարարեց, որ պաշտպանում է «արեւմտեան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիքը վերադառնալու իրաւունքը»։ Ցանկացած գիտակից մարդու համար պարզ է, թէ ինչ ապագայ է սպասում Հայաստանին, եթէ Հայաստանում բնակութիւն հաստատեն հարիւր հազարաւոր ադրբեջանցիներ։ Անտարակոյս, նրանք կը ցանկանան այն շրջաններ, որտեղ որ նրանք բնակւել են 1988-90 թւականներին, այսինքն՝ Սիւնիք, Սեւանի արեւելեան ափ, Վայոց Ձոր ու Երեւանի անմիջական շրջակայք…
2022 թւականից յետոյ ադրբեջանցիները համարեա չեն խօսում «Արցախի օկուպացիայի վնասի փոխհատուցման» մասին։ Կարծում եմ, երկար չի տեւի մինչեւ նրանք նաեւ այդ խաղաթուղթն օգտագործեն։
Դէ ինչ, ի մի բերենք, թէ ի՞նչ «խաղաղութեան պայմանագիր» է ուրւագծւում։ Փաշինեանը զիջեց Արցախը, որպէսզի «ապահովագրի» Հայաստանը։ Սակայն, Ադրբեջանը հրաժարւում է 1) ճանաչել Հայաստանի սահմանները, 2) ճանաչել Հայաստանի բացարձակ ինքնիշխանութիւնը Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների վրայ, 3) Արցախից բռնի տեղահանում է հայերին (ենթարկում է էթնիկ զտման), բայց պահանջում է ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, 4) ՄԱԿ-ի ամբիոնից յայտարարում է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի «օկուպացիան» միլիարդների վնաս է Ադրբեջանին հասցրել։ Ուրեմն ի՞նչ։ Հայաստանը, չունենալով որեւէ իրաւունք, Արցախը զիջում է Ադրբեջանին, բայց փոխարէնը ստանում է…. Փոխարէնը ստանում է նոր, աւելի սարսափելի պատերազմի վտանգ։ Իսկ ո՞ւր կորան խաղաղութիւնը, ինքնիշխանութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը։ Սա՞ է արդեօք այն խաղաղութիւնը, որը դուք Նոր տարւայ գիշերն իրար էք մաղթելու…»։