Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գէորգ Մինասեանը՝ «Հաքան Ֆիդան. ուրւագծեր Թուրքիայի ապագայ հաւանական նախագահի կերպարին» գրքի մասին

«ԱԼԻՔ» – Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան պահեստազօրի գնդապետ Գէորգ Մինասեանը Alpha News-ի հետ զրոյցում պատմել է իր նոր՝ ««Հաքան Ֆիդան. ուրւագծեր Թուրքիայի ապագայ հաւանական նախագահի կերպարին» գրքի մասին։ Հեղինակը գիրքը նւիրել է գնդապետ Կարէն Պարունակեանին, ով ծառայութեան ընթացքում զբաղւել է թուրքական հետախուզութեան հակազդեցութեամբ։

Նա սկսել է հակահետախուզութիւնից, յետոյ անցել հետախուզութեան եւ ներկայումս համարւում է հայկական յատուկ ծառայութիւնների միակ գործող աշխատակիցը, որը բացայայտել է թուրք գործակալ Մուրադ Բոջոլեանին, ով աշխատել է առաջին նախագահի աշխատակազմում եւ ԱԳՆ-ում։ Հայկական հակահետախուզութիւնն այնքան պրոֆեսիոնալ է աշխատել այս գործում, որ դատավճռի օրինականութիւնը չեն կարողացել վիճարկել անգամ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում:

«Գիրքը բազմաշերտ է։ Այնտեղ կարելի է տեսնել ԱԱԾ որոշ սպաների ողբերգութիւնը, որոնք ողջ կեանքում ծառայել են Կարէն Պարունակեանի նման։ Ի վերջոյ, նրան նախանձող մարդիկ հասցրեցին նրան, որ նա հրաժարական տւեց եւ չէր պատկերացնում իր կեանքն առանց այդ աշխատանքի: Մի քանի ամիս անց նա մահացաւ։ Շատ սպաներ հիմա հեռացել են եւ լուռ անհանգստանում են այն ամէնի համար, ինչ տեղի է ունենում Հայրենիքի հետ»,- նշել է Մինասեանը։

Գիրքը պատմում է Թուրքիայի ներկայիս գործող արտգործնախարար Հաքան Ֆիդանի կերպարի մասին, որը երկար տարիներ գլխաւորել է թուրքական հետախուզութիւնը։ Մինասեանի խօսքով՝ թէ հայ, թէ ռուս ընթերցողներին հետաքրքիր կը լինի իմանալ այդ մարդու կեանքի մասին, քանի որ նրա կենսագրութիւնն ինքնին արտասովոր է։ Իր գրքում Մինասեանը նշում է, որ Ֆիդանը արտաքին քաղաքական աշխատանքի սկզբունքօրէն նոր մոդել է կառուցել՝ միաւորելով հետախուզութիւնն ու դիւանագիտութիւնը։

«Ֆիդանը գիտի հետախուզութեան տեղը, գիտի դիւանագիտութեան տեղը, եւ անցնելով ԱԳՆ-ում աշխատելու, փաստօրէն Թուրքիայի ԱԳՆ-ն դարձրել է հետախուզութեան կառուցւածքային ստորաբաժանումներից մէկը։

Նա դուրս է գալիս հանրային տարածք, ելոյթ է ունենում, ունի դասախօսի հռետորական շնորհ, լսարանի հետ աշխատելու ունակութիւն։ Դրան գումարած՝ հետախուզական աշխատանքի փորձառութիւն. հանդիպման է գնում՝ նախապէս ուսումնասիրելով զրուցակցի հոգեբանական դիմանկարը: Սա հետախուզութեան եւ դիւանագիտութեան սինթեզ է, որը նա անւանում է «հետախուզական դիւանագիտութիւն», – ասել է Մինասեանը։

Նրա կարծիքով՝ Ֆիդանի քրդական արմատները, նրա հետեւողականութիւնը, Արեւմուտքի հետ կապերը եւ Էրդողանի վստահութիւնը նրան դարձնում են Թուրքիայի ապագայ առաջնորդի դերի գլխաւոր թեկնածուներից մէկը՝ յատկապէս թուրքական հասարակութեան ներկայիս պառակտման ֆոնին։

«Նա կարող է լինել Էրդողանի իրաւայաջորդների կարճ ցուցակում առաջին կամ երկրորդ տեղում, քանի որ ե՛ւ ընդդիմութիւնը, ե՛ւ էլիտաների մի մասը կարող են պայմանաւորւել նման ֆիգուրի շուրջ՝ համակարգային, չափաւոր, փորձով, միջազգային կապերով։ Նա Էրդողանի նման փողոցային քաղաքական գործիչ չէ: Ֆիդանը վերլուծաբան է, մենեջեր, գումարած՝ էթնիկ քուրդ: Իսկ դա կարող է ապահովել քրդական ընտրազանգւածի ձայները։ Նա ներկայացւում է որպէս աւանդոյթի շարունակող. ասում են, որ նախապապը սուլթանի հետախուզութեան ղեկավարն էր, ծառայում էր մեծ կայսրութեանը: Դա միաւորող կերպար է եւ իսլամիստների, եւ ազգայնականների համար»,- յաւելել է Մինասեանը։

Գրքի հեղինակն ընդգծել է, որ, չնայած «տեխնոկրատի» կերպարին, Ֆիդանը բացարձակապէս հաւատարիմ է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի գաղափարական գծին։

«Նա աշխատում է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած ողջ քաղաքականութեանը համահունչ։ Անկախ իշխանափոխութիւնից՝ Հայաստանը համարւում է թշնամի։ Նա հաստատ ոչ հայամէտ է, այլ մինչեւ հիմքը թուրքամէտ։ Սա զուտ քաղաքական դիրքորոշում չէ, դա նրա մտածելակերպն է։ Նա հօր կողմից քուրդ է, մօր կողմից՝ թուրք, բայց Հայաստանի հարցում նա բացարձակապէս թուրքական պարադիգմ է։

Եւ, ցաւօք, դա պէտք է հասկանալ եւ ընդունել որպէս փաստ։ Գրքի առաջին գլխում, որտեղ պատմւում է նրա ընտանիքի մասին, մի քանի անգամ նշւում է, որ նրա հարազատներն ինչ-որ սերնդում պատկանել են քրդերի ջոկատներին, որոնք թուրքերի հետ կռւել են հայերի դէմ»,- ասել է Մինասեանը։

Վերջում գրքի հեղինակը շնորհակալութիւն է յայտնել իր գործընկերներին՝ Եւրասիական համագործակցութեան զարգացման հիմնադրամի ղեկավար Մհեր Սիմոնեանին, ինչպէս նաեւ «Դիալոգ» հասարակական կազմակերպութեան ղեկավար եւ համանուն գրքաշարի հեղինակ Իւրի Նաւոյեանին՝ գրքի հրատարակման գործում ցուցաբերած աջակցութեան համար։

«Նոյնիսկ հանճարեղ միտքը կարող է պարզապէս միտք մնալ, եթէ չստանայ հովանաւորութիւն եւ չհրապարակւի»,- ընդգծել է Մինասեանը։

Related Articles

Back to top button