Արաղչի. «Մարդու իրաւունքները չպէտք է լինեն քաղաքական ճնշման կամ երկրների ներքին գործերին միջամտելու գործիք»

Մենք պահանջում ենք անյապաղ վերացնել բոլոր միակողմանի պատժամիջոցները, որոնք ոչ միայն խախտում են Իրանի ժողովրդի մարդու հիմնարար իրաւունքները, այլեւ տառապանք են պատճառում միլիոնաւոր անմեղ մարդկանց։
«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի նիստում ԱԳ նախարարը մատնանշեց, որ աշխարհում մարդու իրաւունքների իրացման ամենամեծ խոչընդոտներից մէկը միակողմանի հարկադրանքի միջոցների դիմելն է:
ԻՌՆԱ-ի համաձայն երկուշաբթի, փետրւարի 24-ին, Մարդու իրաւունքների խորհուրդի 58-րդ նիստին, Իրանի դիւանագիտական ծառայութեան ղեկավարն ընդգծել է. «Մենք չենք կարող խօսել մարդու իրաւունքների մասին՝ չյիշատակելով պաղեստինեան ժողովրդի տառապանքներն առանց դատապարտելու Իսրայէլի ռեժիմի յանցագործութիւնները։ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը վճռականօրէն դատապարտում է Գազայում օկուպացիոն ռեժիմի իրականացրած ցեղասպանութիւնը։
Դիմելով դահլիճին՝ իրանցի բարձրաստիճան դիւանագէտը յիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս ընդգծել է մարդու իրաւունքների յարգումը եւ հասարակական արդարութեան ամրապնդումը տարբեր շրջանակներում: «Հաշւի առնելով իր հարուստ մշակոյթը եւ մարդու իրաւունքների ոլորտում երկար պատմութիւնը՝ Իրանը ձգտել է յարգել քաղաքացիների անհատական եւ սոցիալական իրաւունքները: Այս առումով մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ խթանելու մարդու իրաւունքները յարգելու աշխատանքներին, այդ թւում՝ կանանց, երեխաների եւ փոքրամասնութիւնների իրաւունքների հարցում»,- նշել է նա:
Նշենք, որ փետրւարի 24-ից 26-ը, Ժնեւում իր աշխատանքն է շարունակում Մարդու իրաւունքների խորհրդի 58-րդ նստաշրջանը՝ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի, Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարի, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նախագահի եւ անդամ երկրների աւելի քան 130 բարձրաստիճան դիւանագէտների ու դիտորդների մասնակցութեամբ։
ԱԳ նախարարը դիմելով Ժնեւում զինաթափման կոնֆերանսի մասնակցներին.
«Անհրաժեշտ է միջուկային զէնքի վերաբերեալ կնքւի համապարփակ համաձայնագիր»:
ԱԳ նախարարը Ժնեւում ընթացող զինաթափման կոնֆերանսում եւս ելոյթ ունենալով միջուկային զէնքի վերաբերեալ համապարփակ համաձայնագրի կնքումը համարելով անյետաձգելի անհրաժեշտութիւն, ընդգծել է. «Միջուկային զինաթափման հետ կապւած իրաւաբանօրէն պարտաւորեցնող յանձնարարութիւնների չկատարումը, յատկապէս NPT-ի 6-րդ յօդւածով ամրագրւած, կարող է բերել զինաթափման եւ սպառազինութիւնների վերահսկման ռեժիմի թուլացմանը, եւ անհրաժեշտ է, որ միջազգային հանրութիւնը միջուկային զէնք ունեցող պետութիւններին պատասխանատւութեան կանչի իրաւական պարտաւորութիւնների չկատարման դէպքում»։
Զինաթափման կոնֆերանսի լիագումար նիստում Սէյէդ Աբբաս Արաղչին մտահոգութիւն է յայտնել միջուկային զէնքի լուրջ սպառնալիքի եւ մարդկային ու բնապահպանական աղէտալի հետեւանքների վերաբերեալ եւ կոչ է արել միջուկային զինաթափման հարցը համարել որպէս առաջնահերթութիւն ՄԱԿ-ի ու միջազգային հանրութեան աշխատանքային օրակարգերում:
Միաժամանակ ափսոսանք յայտնելով, որ տեսանելի ապագայում փոփոխութիւնների խոստումնալից հեռանկար չկայ՝ Արաղչին նշել է. «Միջազգային հանրութիւնն ակնկալում է, որ միջուկային զէնք ունեցող պետութիւնները հաշւետու կը լինեն ունեցած պարտաւորութիւնների նկատմամբ։ Այնպէս, որ 2015 եւ 2022 թւականներին NPT-ի վերանայման համաժողովների ձախողումներից յետոյ յաջորդ համաժողովի յաջողութիւնը կախւած է միջուկային զէնք ունեցող պետութիւնների (NWSs) քաղաքական կամքից»:
Նա ընդգծել է. «Միջուկային զէնքը շարունակում է սպառնալիք լինել մարդկութեան գոյութեան համար։ Հետեւաբար, միջուկային զինաթափումը պէտք է լինի ՄԱԿ-ի ամենաբարձր առաջնահերթութիւնը, ինչպէս համաձայնեցւել է «զինաթափման» օրակարգով տեղի ունեցած ՄԱԿ-ի առաջին արտակարգ նստաշրջանում (SSOD I):
Արտգործնախարարը, նշելով, որ «միջուկային ռիսկի նւազեցման» կամ նմանատիպ նախաձեռնութիւնները չպէտք է պատրւակ հանդիսանան բացարձակ իրաւական պարտաւորութիւնների կատարումը հետաձգելու համար, յաւելել է. «Իսրայէլի ռեժիմը խափանել է Մերձաւոր Արեւելքում միջուկային զէնքից մաքուր գօտու ստեղծմանը, որը Իրանի նախաձեռնութիւնն էր եւ արծարծւել էր 1974 թւականին: Այսպիսով Իսրայէլը շարունակում է սպառնալ միւսներին միջուկային ոչնչացմամբ»:
Արաղչին եզրակացրել է. «ռեժիմի անօրինական գործողութիւնների վառ օրինակը՝ «Իրանի դէմ միջուկային սպառնալիքի» բարձրաձայնումն էր, որը ռեժիմի վարչապետը թոյլ տւեց 2023 թւականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի գագաթնաժողովի ժամանակ»։