Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յակոբ Բադալեան. «Անգամ ձեռք բերւած եւ իրականացման փուլում գտնւող պայմանաւորւածութիւններին չենք կարողանում լինել տէր ու պատասխանատու»

«ԱԼԻՔ» – «Հայաստանի նախագահը մեկնել է Արաբական Միացեալ Էմիրութիւններ՝ ներդրումային ամենամեայ համաժողովին մասնակցելու: Գրաւիչ գործուղում է, անշուշտ: Բայց հարց է առաջանում, Հայաստանն ինչ է շահում դրանից, եւ ինչ էր կորցնելո՞ւ, եթէ օրինակ չլինէր այդ գործուղումը: Իհարկէ, եթէ հրաւիրողը եղել է ԱՄԷ նախագահը, մերժելը կը լինէր սխալ»,-անդրադառնալով Վահագն Խաչատուրեանի այցին՝ գրում է քաղաքական վերլուծաբան Յակոբ Բադալեանը։

Նա ընդգծում է՝ բայց, ամբողջ հարցն այն է, որ ամենամեծ «սխալն» այլ դաշտում է, մասնաւորապէս, օրինակ նոյն Էմիրութիւնների հետ ներդրումային երկու խոշոր, բայց ձախողւած ծրագրերի դաշտում:

«Յիշեցնեմ, Ֆլայ Արնայի նախաձեռնութիւնը, որ Շարժայի ազգային աւիափոխադրող Էյր Արաբիայի հետ համատեղ ծրագիր էր՝ «բարեյաջող» տապալւած, իսկ միջազգային հեղինակաւոր ներդրողն էլ դժգոհ՝ պաշտօնեաների հետ բարձր մակարդակով ձեռք բերած պայմանաւորւածութիւնների հանդէպ հետագայ անտարբերութիւնից եւ անպատասխանատւութիւնից:

Միւսը Էմիրութիւնների խոշոր ընկերութիւններից մէկի, վերականգնողական էներգետիկայի ոլորտում գործող Մասդարի հետ արեւային էլեկտրակայանի կառուցման խոշոր ծրագիրն է, արդէն պէտք է լինէր աւարտւած կամ աւարտին շատ մօտ, բայց կարծես թէ նոյնիսկ սկսած էլ չէ: Ի դէպ, աւելորդ չեմ համարում նշել, որ Ադրբեջանն օրինակ, Մասդարի հետ սկսել է արեւային կայանի կառուցման հարց քննարկել աւելի ուշ, բայց արդէն իրականացրել է առաջին փուլը, ընդորում Հայաստանից աւելի խոշոր մասշտաբով:

Միայն այս երկու ներդրումային մեղմ ասած անմխիթար օրինակների պարագայում առաջանում է հարցը՝ Հայաստանի նախագահը գնում է ԱՄԷ ներդրումային համաժողովին, որ ի՞նչ անի, եթէ գործուղման զբօսաշրջային գրաւչութիւնն անհամեմատ աւելի բարձր է, քան Հայաստանի ներդրումային գրաւչութիւնը:

Ընդորում, որպէս կանոն այստեղ գիտակցւած, թէ ոչ, ներբեռնւում է մանիպուլիատիւ մի հակափաստարկ, թէ Հայաստանը համեմատելի չէ Ադրբեջանի հետ:

Բայց, այստեղ Ադրբեջանի հետ ծաւալային համեմատութիւն չէ, որ կատարում եմ: Իհարկէ օբիեկտիւ չէ համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի ներդրումային պոտենցիալը:

Համեմատութիւնն այստեղ այն է, որ մենք անգամ ըստ էութեան ձեռք բերւած եւ անգամ իրականացման փուլում գտնւող պայմանաւորւածութիւններին չենք կարողանում լինել տէր ու պատասխանատու, ինչը բիզնեսի համար առանցքային ցուցիչ է, յատկապէս այն երկրներում, որտեղ կայ ներդրումային միջավայրի բարձր ռիսկայնութիւն: Այդպիսի երկրներում գերկարեւոր է դառնում, թէ խոշոր ներդրողի համար որքան պատասխանատու գործընկեր է պետութիւնը, կառավարութիւնը՝ ելնելով միջավայրի սուբիեկտիւ հանգամանքներից: Ներդրողի համար շատ կարեւոր է, եթէ ինչ որ բան են պայմանաւորւել՝ որքանով է յարգւում այդ պայմանաւորւածութիւնը, որքանով է ձեռքսեղմումը ամուր, որքանով է խօսքի արժէքը աներեր:

Սրանք գործօններ են, որոնց շնորհիւ պէտք է առաւելագոյնն արւի միջավայրային այսպէս ասած բնական ռիսկայնութիւնը գոնէ մասամբ փոխհատուցելու եւ խոշոր ներդրող ներգրաւելու համար: Որովհետեւ, խոշոր ներդրողը այդ իմաստով նաեւ դառնում է շահընկեր, հետեւաբար արտաքին դաշտում՝ դիւանագիտական «այլընտրանքային» գործընկեր ու ռեսուրս: Դէ, իսկ թէ ինչքան կարեւոր ու կենսական է ներդրումների միջոցով երկրի արդիւնաբերական ներուժը աւելացնելը, որովհետեւ հէնց այդորակ տնտեսութիւնն է իրապէս համակարգային պաշտպանունակութեամբ պետութեան բազային նախադրեալը, ընդհանրապէս աւելորդ է խօսել»,-գրել է նա։

Related Articles

Back to top button