ՀԺՄ. «ՀՀ գործող իշխանութիւնն անցել է լրագրողներին բացայայտ ահաբեկելու գործելակերպին»

«ԱԼԻՔ» – Հայաստանի ժուռնալիստների միութիւնը կոչ-ուղերձ է տարածել միջազգային լրագրողական կազմակերպութիւններին, որում նշւած է.
«Յարգելի գործընկերներ,
Հայաստանում լրագրողների դէմ 2018 թ. «թաւշեայ յեղափոխութիւնից» յետոյ մեկնարկած արշաւը ոչ միայն շարունակւում է, այլեւ նոր դրսեւորումներ է ստանում:
Գործող իշխանութիւնն ակնյայտօրէն անցել է լրագրողներին բացայայտ ահաբեկելու գործելակերպին: Վերջին շրջանում լրագրողների դէմ իշխանական պատգամաւորների յարձակումները, այդ թւում՝ սոցիալական ցանցերում եւ իրենց հետ փոխկապակցւած լրատւամիջոցների անւան տակ հանդէս եկող կայքերում թիրախաւորման դէպքերը այլ կերպ հնարաւոր չէ բացատրել:
Ապրիլի 18-ին Ազգային ժողովում, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան գործարար պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանը հերթական անգամ թիրախաւորել էր Factor.am-ի լրագրող Նարեկ Կիրակոսեանին՝ վերջինիս՝ իր մասնագիտական գործունէութիւնն իրականացնելու ժամանակ՝ ակնյայտօրէն խոչընդոտելով նրա լրագրողական գործունէութեանը:
Ազգային ժողովի շէնքում ցանկացած լրագրող ցանկացած պատգամաւորի հարց տալու իրաւունք ունի, եւ այդ հարցերին պատասխանելը պատգամաւորի աշխատանքի մասն է:
Հէնց իր այդ իրաւունքից էր փորձում օգտւել լրագրողը, երբ իշխանական խմբակցութեան պատգամաւորը, առանց լսելու հարցի բովանդակութիւնը, կորցրեց ինքնատիրապետումը, սկսեց գոռգոռալ, խփել լրագրողի միկրոֆոնին, թափահարել հեռախոսը, վիրաւորել, մատ թափ տալ նրա վրայ:
Լրագրողների նկատմամբ նման անթոյլատրելի պահւածքը, ցաւօք, նոր չէ, նոր մակարդակների է հասնում, եւ պատճառն այն է, որ իշխանական պատգամաւորներն իրենց անպատժելի են համարում, քանի որ ոչ միայն հրապարակային չեն դատապարտւում, այլեւ իրաւական որեւէ պատասխանատւութեան չեն ենթարկւում:
Նման երեւոյթներն անպատժելիութեան պատճառով վարակիչ եւ նորանոր դրսեւորումներ են ստանում՝ թիրախաւորելով լրագրողին եւ լրագրողի աշխատանքը: Իշխանութիւնները ցանկացած իրավիճակում քաւութեան նոխազ են դարձնում լրագրողներին՝ ատելութիւն սերմանելով նրանց նկատմամբ:
Այդ անպատժելիութիւնը լրագրողների թիրախաւորման նորանոր դէպքերի ու դրսեւորումների պատճառ է դառնում:
Երեւանում Արցախի ներկայացուցչութեան մօտ Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեանի դէմ բողոքի ակցիա իրականացնող փոքրաթիւ, բայց բաւականին ագրեսիւ վարքագիծ ցուցաբերող խմբի անդամներն անգնահատելի վարքագիծ դրսեւորեցին՝ լրագրողների հասցէին դատապարտելի անւանարկումներ անելով, նրանց վրայ գոռալով, «հրամայելով» հեռանալ, չլուսաբանել ակցիան:
Հանրային վայրում հանրային գործունէութիւն իրականացնող որեւէ անձ կամ խումբ չէ, որ պիտի որոշի՝ լրագրողներն ինչ լուսաբանեն, ինչպէս, իրենց ինչ հարցեր տան կամ չտան: Հարց տալու իրաւունքը լրագրողինն է, պատասխանելու կամ չպատասխանելու իրաւունքը՝ ակցիա իրականացնողներինը:
Ոչ ոք չի կարող ցուցում տալ՝ ինչպէս աշխատի լրագրողը, ոչ ոք իրաւունք չունի նրա վրա գոռալ, վիրաւորել լրագրողին, առաւել եւս՝ նրա աշխատանքի անհնարինութեան գործողութիւններ կատարել:
Լրագրողի գործունէութիւնը պէտք է անխոչընդոտ լինի, լրագրողը որեւէ պարագայում չպէտք է աշխատի անվտանգային սպառնալիքների ներքոյ:
Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը դիմում է իր գործընկեր կառոյցներին՝ Ժուռնալիստների եւրոպական ֆեդերացիային (EFJ) եւ Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիային (IFJ)՝ նրանց տեղեկացնելով, որ առաջնային մանդատով օժտւած Հայաստանի Հանրապետութեան օրէնսդիր մարմնում ոչ միայն խոչընդոտւում է լրագրողների աշխատանքը, այլեւ նրանք Խորհրդարանում աշխատում են կառավարող կուսակցութեան առանձին պատգամաւորների ամենօրեայ ուղիղ սպառնալիքների, վիրաւորանքների ներքոյ, եւ խնդրում դատապարտել, համապատասխան զեկոյցներում ներառել, աջակցել գործընկեր միջազգային կառոյցներին խնդիրը հասցէաւորելու ու դրանով իսկ իշխանութեան ներկայացուցիչներին սանձելու հարցում:
Հայաստանը «Ժողովրդավարական բաստիոն» հռչակած իշխանութիւնները կեղծ ժողովրդավարութեան, կեղծ արեւմտեան արժէքների անւան տակ հետապնդումների են ենթարկում լրագրողներին, լրատւամիջոցներին, խոչընդոտում ազատ խօսքի իրաւունքը եւ ատելութիւն սերմանում ԶԼՄ-ների եւ լրագրողների հանդէպ, որոնք առանց այն էլ աշխատում են այս իշխանութիւնների կողմից ի վնաս ԶԼՄ-ների փոփոխւած օրէնքներով ստեղծւած խիստ ծանր պայմաններում:
Իշխանութիւններն աւտորիտար կառավարութիւններին բնորոշ գործիքներով ամէն ինչ են անում, որպէսզի երկրում ուղղորդւած եւ միակողմանի քարոզչութիւնն առաջնային տեղ զբաղեցնի:
Խօսքի ազատութիւնը ժողովրդավարական պետութեան հիմնասիւներից մէկն է, որը, սակայն, Հայաստանում վերածւել է կեղծիք տարածող ուղղորդւած քարոզչական, տեղեկատւական հաշւեհարդարի եւ հասարակութեան մանիպուլացման գործիքի:
Ընդդիմադիր հայեացքներով լրագրողները եւ լրատւամիջոցները շատ յաճախ յայտնւում են իշխանութիւնների սոցիալական ցանցերում եւ իրենց հետ փոխկապակցւած լրատւական եւ ոչ լրատւական կայքերում տեղեկատւական-քարոզչական գրոհի թիրախում, զրկւում են պետական գերատեսչութիւններին ուղղւած իրենց հարցերի պատասխաններից, չեն հրաւիրւում իշխանութիւնների մասնակցութեամբ միջոցառումների լուսաբանմանը, որոշ դէպքերում էլ՝ անվտանգութեան աշխատակիցների կողմից ուժի գործադրմամբ վռնդւում են դէպքի վայրերից:
ՀԺՄ-ն եւս մէկ անգամ կոչ է անում լրագրողներին չտրւել սադրանքներին, պահել լրագրողի էթիկայի կանոններն ու աշխատել մասնագիտական պրոֆեսիոնալիզմի շրջանակներում»: