Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գրիգոր Բալասանեան. «ՀԱՊԿ-ից Հայաստանը հանել չեն կարող, որովհետեւ այլ տեղ տանել չեն կարող»

Թէեւ մօտ մէկ ամիս առաջ է Բելառուսի նախագահ Լուկաշենկօն այցելել Ադրբեջանի կողմից օկուպացւած Շուշի, բայց միայն օրերս Փաշինեանը յայտարարեց, որ հայկական կողմի պաշտօնական այցերը Բելառուս դադարեցւում են, եւ ինքը չի այցելի Բելառուս այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրի նախագահն է Լուկաշենկօն։

Փաշինեանի այս յայտարարութիւնից յետոյ Երեւանն ու Մինսկը ետ կանչեցին իրենց դեսպաններին, ինչից յետոյ Բելառուսի ԱԳՆ-ից տարածւեց յայտարարութիւն, որում ասւած էր.

«Հայ ժողովրդին անկեղծօրէն մաղթում ենք ղեկավարներ, որոնք իսկապէս կմտածեն երկրի ապագայի եւ ժողովրդի բարօրութեան մասին»:

Սրան անմիջապէս յաջորդեց ՀՀ ԱԳՆ-ի բողոքի նոտան՝ հետեւեալ բովանդակութեամբ.

«Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ յղելիս մաղթողն ինքը պէտք է սեփականն ունենայ: Բելառուսի պարագայում այս պահին դա յիրաւի շռայլութիւն է»:

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով հայ-բելառուսական լարւած յարաբերութիւնների մասին, միջազգայնագէտ Գրիգոր Բալասանեանը խորհուրդ տւեց ուշադրութեամբ դիտարկել այն ժամանակաշրջանը, երբ բարձրաձայնւեց Բելառուսի նախագահից Հայաստանի ղեկավարի դժգոհութեան մասին՝ ընդգծելով՝ ընտրւած ժամանակաշրջանը պատահական չէ Հայաստանին իրենց կամքը թելադրող այլ կենտրոնների համար։

«Փաշինեանի յայտարարութիւնը պայմանաւորւած է պահի թելադրանքով եւ կապ ունի Հայաստան յաճախակիացած եւրոպացի եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեաների այցերի հետ։ ԱՄՆ-ը, Բելառուսի ղեկավարութեան հետ կապւած՝ ունի խնդիրներ։ Ուկրաինայով չկարողացան խնդիր լուծել, հիմա Հայաստանին են մտցնում խաղի մէջ, որովհետեւ Արեւմուտքը Լուկաշենկոյի հետ ունի խնդիր, որն ուզում են լուծել Հայաստանի հաշւին»,- ասաց Բալասանեանը։

Ինչ վերաբերում է հայ-բելառուսական լարւած յարաբերութիւնների ֆոնին Politico ամերիկեան հանդէսի հրապարակման վերաթարմացմանը, Բալասանեանը նշեց, որ յօդւածը շատ աւելի վաղ է գրւել, այս օրերին դրա վերաթարմացումը հայ-բելառուսական լարւած յարաբերութիւններն է՛լ աւելի սրելու նպատակով է։

Նշենք, որ Politico ամերիկեան հանդէսի հրապարակման համաձայն՝ Բելառուսն Ադրբեջանին գաղտնի զէնք է վաճառել։ Թերթի տրամադրութեան տակ գտնւող արտահոսած փաստաթղթերի համաձայն՝ Բելառուսի բելառուսական ռազմարդիւնաբերական ընկերութիւններին Ադրբեջանի համար նախատեսւած նորագոյն հրետանու թիրախային սարքաւորումների պատւէրներ են իջեցւել։

Բալասանեանն այս գործարքի վերաբերեալ նկատեց՝ Հայաստանը զէնք գնելու համար թող դիմէր, Հայաստանին վաճառէին։

Ինչ վերաբերում է Փաշինեանի ակնարկներին ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերեալ, ապա Բալասանեանն ընդգծեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի գայ առաջին հերթին նրա համար, որ այլ անվտանգային համակարգ մտնել ուղղակի չի կարող։

«Որոշումներ կայացնելիս չեն կարող հաշւի չառնել տարածաշրջանի հեգեմոն երկրների կարծիքը. Իրանի եւ Ռուսաստանի կարծիքը Հայաստանի՝ այլ անվտանգային համակարգի միանալու հարցում հնարաւոր չէ անտեսել: Անտեսումը կը բերի հակազդեցութեան»,- ասաց միջազգայնագէտը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button