Կարէն Խանլարեան. «Խաղաղութեան խաչմերուկով» ստացւում է՝ Գոբլի ծրագիրն իրագործւում է Փաշինեանի միջոցով
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սէյրանեանի հիւրն Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի նախկին պատգամաւոր (2012-2020թթ.), պատմական գիտութիւնների թեկնածու Կարէն Խանլարեանն է։
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
- Իրանցիները, մանաւանդ վերջին գէոպոլիտիկական փոփոխութիւնների լոյսի տակ, յայտարարել են, թէ իրենց կարմիր գծերը որոնք են։ Իրենք յատկապէս 44-օրեայ պատերազմից յետոյ յստակ ասել են՝ «Զանգեզուրի միջանցք»-ն իրենց համար կարմիր գիծ է։
- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման մասին Իրանն աւելի դեկլարատիւ յայտարարութիւններ արեց, ձեռնպահ մնաց՝ կրկին, ինչպէս ՌԴ-ն, հիմք ընդունելով Նիկոլ Փաշինեանի՝ Պրահայի յայտարարութիւնները (Պրագայում Փաշինեանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որտեղ յայտարարւած էր՝ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականութիւնը,- խմբ.)։
- Թէեւ ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում քաղաքականութեան առանցքում հակաիրանական գիծը գերակշռում է, բայց շատ ջրեր են հոսել։ Օրինակ, երբ Նանսի Փելոսին եկաւ Հայաստան, Իրանից շատ կոշտ գնահատականներ չհնչեցին։ Կարծում եմ՝ Իրան-Հայաստան փոխյարաբերութիւնները շատ զգայուն են թէ ԱՄՆ-ի, թէ Իրանի համար։ Հայաստանը պէտք է գործուն քայլեր անի։
- «3+3» ձեւաչափը նպատակ ունի տարածաշրջանում բացառել Արեւմուտքի ազդեցութիւնը, իսկ Վրաստանն արեւմտեան կողմնորոշում ունեցող երկիր է, այդ պատճառով չմասնակցեց։ Այդ պատճառով էլ պատրւակ բերելով Ռուսաստանի մասնակցութիւնը՝ Վրաստանը հրաժարւեց մասնակցել դրան։ Բայց ես կարծում եմ՝ այս ձեւաչափը երկար կեանք չունի։ Մեծ հաշւով, ՆԱՏՕ-ական Թուրքիայի ներկայութիւնն այդ ձեւաչափում եւ տարածաշրջանում՝ նշանակում է Արեւմուտքի եւ Իսրայէլի ներկայութիւն։
- Հայաստանը, առանց վեկտորը փոխելու մասին յայտարարութիւնների, կարող էր դիւերսիֆիկացւած արտաքին քաղաքականութիւն վարել։ Սակայն քաղաքական վեկտորի փոփոխութիւնը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել։ Հայաստանի իշխանութիւնները յայտարարութիւններ են անում՝ առանց հաշւի առնելու թէ Ռուսաստանի, թէ Արեւմուտքի տրամադրութիւնները։
- Հայաստանը դեռ շատ հեռու է արեւմտամէտ կոչւելուց։ Հայաստանի իշխանութիւնները գտնւում են Ռուսական կայսրութեան ազդեցութեան գօտում։
- ԱՊՀ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւնները սպառնալիքների են նման, բայց դրանք կարող են շատ թանկ արժենալ մեզ համար։ Ես չգիտեմ՝ ինչ նպատակով են դրանք արւում։
- Նիկոլ Փաշինեանի՝ ռուս խաղաղապահների անգործութեան մասին Եւրոխորհրդարանում եւ «Wall Street Journal»-ին տւած հարցազրոյցում արած յայտարարութիւնները պատասխանատւութիւնն իր վրայից ցրելու փորձ էին։
- Երբ ԼՂ-ում էթնիկ զտում էր իրականացւում, բոլորը դրսում ակնկալում էին, որ իր էթնիկ խմբի անվտանգութիւնն ապահովելու համար Հայաստանը ռազմական ներգործութեան փորձ պէտք է անէր, եւ դա նրա բնական իրաւունքն էր, բայց դա տեղի չունեցաւ։ Ու հիմա դրա ամբողջ պատասխանատւութիւնը նրանք բարդում են ռուսական խաղաղապահ զօրքերի վրայ։
- Իրանի ներկայութիւնը Սիւնիքում ինչ-որ չափով մեր Սիսական աշխարհի անվտանգութեան երաշխիք կարող է լինել։
- Չեմ կարծում, որ Ֆրանսիան տարածաշրջանում կարող է փոխարինել Ռուսաստանին՝ որպէս ՀՀ ռազմավարական դաշնակից, բայց ես կարծում եմ, որ ռազմական վտանգի դէպքում բոլոր դիւանագիտական կորպուսներն էլ դուրս կը գան։
- Մենք մեր անվտանգութեան համակարգն ամբողջութեամբ պիտի վերանայենք, յատկապէս՝ Սիւնիքի մասով։ Պէտք է ունենանք պաշտպանական, հետախուզական եւ հակահետախուզական հզօր համակարգեր։
- Հարաւային Կովկասի հիմնական խաղացողներն Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան են, բայց այլազան կենսական շահերով։
- Եթէ Սիւնիքի վրայ յարձակում լինի, կարծում եմ՝ Իրանը բաւականին կոշտ կարձագանգի։ Չեմ կարող ասել՝ դա կը լինի ռազմակա՞ն, թէ՞ զսպողական մեխանիզմ, բայց Իրանը կոպիտ պատասխան կը տայ։ Բայց վտանգն այն է, որ Իրանի հակազդեցութիւնը մեզ համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել այն առումով, որ Իսրայէլը կարող է Իրանի նկատմամբ գործողութիւններ ձեռնարկել։ Սա ամենավատ սցենարն է։
- Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխութիւնը կարող է լուրջ ազդեցութիւն ունենալ Սիւնիքի ու Իրանի վրայ։ Իրանը զգուշացնում է Հայաստանին՝ չընթանալ սխալ ճանապարհով։
- Հարթակների փոփոխութիւնն Ադրբեջանի իշխանութեան տակտիկան էր՝ սկսած 2000-ական թթ.-ից, երբ Մինսկի խմբին զուգահեռ՝ Ադրբեջանը փորձում էր այլ հարթակներ հարցը տեղափոխել։ «3+3» ձեւաչափն այդ հարթակներից մէկն է։
- Հաւանականութիւն կայ, որ Իսրայէլն Ադրբեջանի տարածքից հարւածի Իրանին, բայց մէկ դէպքում, երբ Իրանը Լիբանանի տարածքից անմիջականօրէն հարւածի Իսրայէլին։
- Նիկոլ Փաշինեանի ասած «Խաղաղութեան խաչմերուկն» առերեւոյթ տնտեսաառեւտրական կոմունիկացիաների ծրագիր է թւում, բայց այդ անմեղ թւացող ծրագրի տակ կարող է տեղի ունենալ Սիւնիքի էթնոգրաֆիկ պատկերի փոփոխութիւն։ Խաչմերուկի պատկերացումն ինքնին մտահոգիչ է։ Չեմ ուզում յոռետես լինել, բայց այս ծրագրից ես Հայաստանի համար ոչ մի շահ չեմ տեսնում։
- Մենք գործ ունենք նորալլուկ, ագրեսիւ ու կիսավայրենի ադրբեջանական նացիոնալիզմի հետ։ Այդ մարդիկ խաղաղ ապրելու նպատակ չունեն, նրանք գալիս են՝ Թուրքիայի հետ իրագործելու Մեծ Թուրանի երազանքը։ Արդեօք այս բաները հաշւի են առնւա՞ծ։ Խաղաղութիւնն այսպէս չի ստեղծւում։
- Նախիջեւանի պատմական հայկական Ջուղայից մենք բաւականին լաւ որակի աւտոճանապարհ ենք ունեցել դէպի Հայաստան, դուք երբեւէ լսե՞լ էք, որ Ալիեւն ասի՝ կը բացի այդ ճանապարհը։ Եթէ խաղաղութեան մասին խօսքերը պէտք է համեմւեն գեղեցիկ խոստումներով, ինչո՞ւ են դրանք միակողմանի, միայն Հայաստանի կողմից։
- Փօլ Գոբլի ծրագիրը «Խաղաղութեան խաչմերուկ» ասւածի նման մի բան էր։ Եթէ Փաշինեանը ռազմական գործողութեան արդիւնքում համաձայնի դրան, ստացւում է՝ Գոբլի ծրագիրն իրագործւում է Փաշինեանի միջոցով։
- Այն, որ մեր դիւանագիտութիւնը չունի վճռականութիւն, ակնյայտ է։ Նոյն «3+3» ձեւաչափում մեր դիւանագիտական ներկայացուցիչը չկարողացաւ օգտագործել այդ հարթակը ԼՂ էթնիկ զտման մասին խօսելու համար։ ՀՀ իշխանութիւնները խիզախութիւն չունեն հայկական շահն առաջ տանելու համար։
- Բոլոր փաստերն ասում են՝ Ռուսաստանը դուրս կը գայ տարածաշրջանից, բայց դա չի նշանակում, որ վաղը յետ չի գալու ու աւելի առաջ չի գալու՝ յիշելով այն, ինչ կատարւել է իր հետ։ ՌԴ-ն այդ առումով յիշաչար է։ Ուկրաինայի պատերազմը վաղ թէ ուշ կաւարտւի, եւ Ռուսաստանը՝ աւելի հզօրացած, կը վերադառնայ տարածաշրջան։
(Ընթերցողին յիշեցնենք. 1992 թ. տարածքների փոխանակման գաղափարն առաջ քաշեց ԱՄՆ Պետքարտուղարութեան նախկին աշխատակից Փօլ Գոբլը: Նա նշում էր ղարաբաղեան կարգաւորման երեք տարբերակ («Գոբլի պլան»)․
առաջին` Ղարաբաղի հայերի ոչնչացում կամ արտագաղթ, ինչը հնարաւոր չէ բարոյական տեսանկիւնից,
երկրորդ` Ղարաբաղի յանձնում Հայաստանի իրաւասութեանը, ինչը հնարաւոր չէ քաղաքական տեսանկիւնից, քանի որ Ադրբեջանը կը զրկւի ինչպէս տարածքներից, այնպէս էլ՝ ջրային պաշարներից,
երրորդ` խոշոր ուժերի տեղակայում հակամարտող կողմերին իրարից անջատելու համար, ինչը հնարաւոր չէ ֆիզիկապէս:
Գոբլը փակուղին յաղթահարելու ճանապարհ էր նկատում տարածքների փոխանակման հնարաւորութիւնը. Ղարաբաղի մի մասի յանձնում Հայաստանին: Բաքւին ջուր սնուցող գետերի ակունքներ ընդգրկող տարածքն առաջարկում էր յանձնել Ադրբեջանին՝ ադրբեջանաբնակ բնակավայրերի հետ միասին: Առաջարկւում էր նաեւ Հայաստանի վերահսկողութեան տակ գտնւող եւ Նախիջեւանն ու Ադրբեջանն իրարից անջատող տարածքների մի մասի յանձնում Ադրբեջանի իրաւասութեանը:
Հետագայում` 2000-ի յունիսին, Գոբլն ընդունեց, որ երկու սխալ է թոյլ տւել, առաջինը` ԼՂ-ից Ադրբեջան ջրի հոսքն է, որն այնքան էլ մեծ կարեւորութիւն չունի, երկրորդ` աւելի նշանակալի սխալն Իրանի հետ սահման ունենալու կարեւորութիւնն է հայերի եւ Հայաստանի համար:
Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանը, որը վերահսկում էր ԼՂ-ի ազատագրւած 7 շրջանները, պէտք է զօրքերը դուրս բերէր այնտեղից, ստանար Լաչինի շրջանից որոշ հատւած՝ Լեռնային Ղարաբաղի հետ միանալու համար եւ ըստ տարածւած տեղեկութիւնների՝ նաեւ հասնէր Արցախի վերաբերեալ յստակ կարգավիճակի։ Դրա դիմաց Հայաստանն իր սահմանով ապահովում էր Ադրբեջանի կապը Նախիջեւանի հետ՝ Մեղրիի տարածքով):
«168.am»