Հոգեհանգստեան արարողութիւն ի յիշատակ հանգուցեալ ուսուցիչների
Իրանահայ Ուսուցիչների միութեան նախաձեռնութեամբ՝ իւրաքանչիւր տարի հոկտեմբեր ամսի վերջին շաբաթւան, Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում կազմակերպւում է հոգեհանգստեան արարողութիւն ի յիշատակ այդ տարւայ ընթացքում հանգուցեալ ուսուցիչ-ուսուցչուհիների: Սակայն, վերջին չորս տարիներին, յայտնի պատճառներով տեղի չէր ունեցել հոգեհանգստեան արարողութիւնը: Ահաւասիկ հինգշաբթի, հոկտեմբերի 26-ի առաւօտեան հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Ս. Գէորգ եկեղեցում տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն ի յիշատակ անցեալ չորս տարիներին մեզանից առյաւէտ հեռացած 22 նւիրեալների: Արարողութիւնը կատարեց Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը: Կրօնական արարողութեան շարականները կատրում էին Ս. Գէորգ եւ Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցիների դպրաց դասը խմբավարութեամբ՝ Օդետ Մուրադեանի: Կրօնական արարողութեան աւարտին եկեղեցու բակում կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական միջոցառում:
Նախ ներկաներին իր խօսքը փոխանցեց վաստակաւոր ուսուցչուհի Անահիտ Արտաշեանը:
Օրւայ խօսքով հանդէս եկաւ Իրանահայ Ուսուցիչների միութեան վարչութեան նախագահ Տանիա Վարդանեանը: Իր խօսքի ընթացքում, նա նշեց. «Հոկտեմբերը մեր առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի տօնն է: Նա էր, որ Արցախի Ամարասի վանքում հիմնեց առաջին հայ դպրոցը եւ իր յօրինած հայոց գրերով, մեր մայրենին սովորեցրեց իր առաջին աշակերտներին, նրա թողած աւանդը, դարեդար շարունակում են հայ ուսուցիչները եւ սերունդներ են դաստիարակում, նրանց մէջ սերմանում հայերէն մտածելու, հայերէն խօսելու, հայօրէն ապրելու հրամայականը եւ յորդորում միշտ կառչած մնալ Հայ մշակոյթին եւ այդ ճամբով գործել ի բարօրութիւն հայրենիքի եւ հայ ժողովրդի»: Նա իր խօսքի ընթացքում նշեց, հանգուցեալ ուսուցիչ-ուսուցչուհիների անունները ըստ հետեւեալի՝ Նորայր Էլսայեան, Ջանի Զարգարեան, Ալմին (Ալբերտ Մինասեան), Լէոնիդ Սարվարեան Հրաչուհի Բունիադեան (Նորաւեան), Նազար Շահվերդեան, Արուսեակ Մարտիրոսեան (Ներսիսեան), Յովսէփ Փուլադեան, Տիրամայր Քաթրին (Կատարինէ) Մասեհեան, Մարգարիտ Կիւրեղեան (Սիմոնեան), Աստղիկ Բաբայեան, Սոնիկ Մանսուրեան, Ռոզա Օհանեան, Ժենիկ Համբարչեան, Սիլւա Օհանեան (Մինասեան), Գեղանոյշ Խոսրովեան, Ժենիկ Օհանջանեան (Մանուկեան), Արմինէ Մինա, Սեդա Բալայեան, Մինուշ Դաւթեան, Ծաղկուշ Երիցեան, Մարօ Պետրոսեան»:
Օրւայ միջոցառմանը բանախօս էր հրաւիրւել Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենադպիր եւ ուսուցչուհի Արփի Ալավերդեանը: Խօսքը ներկայացնում ենք ամբողջութեամբ: «Այսօր համախմբւել ենք այս սրբազան տարածքում ոգեկոչելու մեզանից առյաւէտ հեռացած մեր թանկագին ուսուցիչների յիշատակը: Այս վայրը շատ ոգեշնչող է, քանի որ սկզբնական շրջանում այստեղ է կառուցւել փոքրիկ մատուռը, որը նախատեսւած էր 1795 թւականին Արցախից գերեվարւած եւ բռնի տեղահանւած հայ բնակչութեան կրօնական կարիքները հոգալու համար:
Այսօր բոլորիս համար դժւար է Արցախի մասին խօսելը: Կարծես թէ բռնագաղթելը բնորոշ է մեր ժողովրդին:
Հայ ուսուցչի տօնը նշում ենք հոկտեմբերին՝ մեծարելով եւ վառ պահելով մեր առաջին ուսուցչի, հայ գրերի ստեղծող, հայագիր առաջին դպրոցի հիմնադիր, մեր առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի յիշատակը, ով մեր Արցախում գտնւող Ամարասի վանքում հիմնել է առաջին դպրոցը: Բայց ամենայն ցաւով բռնազաւթւել է հայ ազգի բարբարոս թշնամու կողմից եւ աւելի մեծ ցաւով նշեմ, որ օրեր առաջ Ամարասի վանքում սրբապղծւել է Ս. Գրիգոր Լուսաւորչի թոռան՝ Ս. Գրիգորիսի դամբարանը:
Վայրագ թշնամին այսպէս է վարւելու մեր հայրենի հողում ննջող մեր նախնիների յիշատակի հետ, ինչպէս Արեւմտեան Հայաստանում եւ Նախիջեւանում ոչնչացւել են դարերի անցեալ ունեցող մեր մշակութային կոթողներն ու սրբավայրերը, այսօր Արցախում մեր վանքերը, շիրմաքարերն ու մեր մշակութային հարստութիւնը ոչնչացման եզրին են կանգնած: Ուստի պարտաւոր ենք իւրաքանչիւրս մեր հնարաւորութիւնների եւ կարողութիւնների սահմանում այդ կոթողների ու մշակութային հարստութեան մասին բարձրաձայնել, որպէսզի ինչ-որ կերպ կարողանանք նպաստել դրանց պահպանմանը:
Այսօր շատ մեծ է հայ ուսուցչի դերը: Ուսուցիչ լինելը պատիւ ու պատասխանատւութիւն է: Մեր ժողովուրդը միշտ մեծ յարգանքով է ասել «ուսուցիչ» բառը:
Մեր մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Թումանեանն ուսուցչի մասին ասել է.
Սակայն երբեք փառք չի եղել,
Նպատակը քո ջանքի,
Ոչ կենացն ես դու համարել,
Արդիւնքը քո տանջանքի:
Նոյնպէս եւ դու չարչարանքով
Սերունդներ ես վերածնել,
Եւ տքնել ես ջերմ եռանդով
Մութն ու խաւար վերացնել:
Հայ ուսուցիչը սիրելիներ, այսօր ամենուր՝ Հայաստանում եւ Սփիւռքում պէտք է մեր ազգային պայքարի առաջատարը լինի: Այսօր էլ մենք լինելութեան վտանգի առջեւ ենք կանգնած: Ընդամէնը օրեր առաջ մեր ժողովուրդը կրկին ցեղասպանութեան ենթարկւեց, քանի որ զրկւեց իր հազարամեայ բնօրրանից եւ Արցախ աշխարհը էթնիկ զտման ենթարկւեց:
Այսօր վտանգւած է մեր պետականութիւնը, այսօր այս հազարաւոր կորուստներից յետոյ ահաւոր մեծ է մեր ցաւը: Այսօր թշնամու բանտերում գերեվարւած են Արցախի մեր գործիչները, այսօր մեր հայրենիքն ամէն կերպ մեր կարիքն ունի:
Իսկ հայ ուսուցիչը այսօր պէտք է լինի մեր ազգային պայքարի առաջատարը՝ մեր նորօրեայ ֆիդային:
Այսօր հայ ուսուցիչը պէտք է ինքնակրթութեամբ զբաղւի եւ միաժամանակ լիցքաւորի հայ աշակերտի մտածելակերպն ու աշխարհահայեացքը:
Հայ երեխան պարտաւոր է մեծանալ ազգային ոգով եւ դա կարող է անել մեր ուսուցիչը: Հայ ուսուցիչը թէ՛ դասատու է, եւ թէ՛ դաստիարակ: Մեր ուսուցիչները մեր մատղաշ սերնդին փոխանցում են հայեցի ոգին ու դաստիարակութիւնը եւ կերտում մշակոյթ:
Այսօրւայ ժամանակակից կեանքում, ցաւօք նկատելի է, որ մոռացութեան են մատնւում մեր ազգային արժէքներն ու անտարբերութիւն է տիրում մեր լեզւի նկատմամբ: Կարծես թէ ողջ աշխարհն է ձգտում մեզ հեռացնել մեզանից: Իհարկէ խնդիրը հիմնականում արմատաւորւած է անտարբերութեան մէջ: Ուստի՝ այսօր ուսուցիչը պարտաւոր է նորարական մօտեցումներով զարգացնել ազգայինը:
Յամենայնդէպս մեր նւիրեալ ուսուցիչները մեծ ներդրում են ունեցել մեր ազգային ու հոգեւոր կեանքում: Նրանք իրենց կեանքն են ներդրել հայեցի դաստիարակման համար:
Ս. Գէորգ եկեղեցու շրջափակում ամփոփւել եւ իրենց յաւիտենական հանգիստն են գտել Թեհրանի առաջին կրթական երկու գործիչները, եւ սա առիթ է հանդիսանում, որ այս սուրբ տաճարի կամարների ներքոյ, յիշենք եւ ոգեկոչենք մեզանից հեռացած մեր թանկագին նւիրեալ ուսուցիչների յիշատակը:
Բարձր եմ գնահատում Իրանահայ Ուսուցիչների միութեան այս գեղեցիկ նախաձեռնութիւնը:
Սիրելի ուսուցիչներ, ջերմօրէն շնորհաւորում եմ ձեզ հայ ուսուցչի օրւայ առիթով: Մաղթում եմ ձեզ քաջառողջութիւն եւ արեւշատութիւն, իսկ ներկայիս մեր կրթօջախներում դասաւանդող մեր ուսուցիչներին մաղթում եմ կամք ու եռանդ այս դժւար ու պատասխանատու աշխատանքում:
Խօսքս կաւարտեմ հանգուցեալ ուսուցիչների յիշատակին նւիրւած մի քանի տողով՝
Ամէն մէկդ մի ճառագայթ
Լոյսի թել էք սրտերում թողել.
Ձեր գործերն են սիրելիներ,
Մեր հոգու մէջ դարձել տողեր:
Դուք այն երջանիկ մեծերից եղաք,
Որ հոգիներում Ձեր մի լոյս կար թաքուն,
Եւ այդ լոյսերի կորուստն եմ երգում:
Յայտագրի գեղարւեստական բաժնում ասմունքներով հանդէս եկան հայոց ազգ. «Թունեան» աղջ. դպրոցից Թալին Ալավերդեանը, եւ հայոց ազգ. «Նայիրի» դպրոցի աշակերտ Դաւիթ Շահնազարեանը:
Ընթացքում «ԱԼԻՔ» օրաթերթի կողմից հանգուցեալ ազգային հասարակական գործիչ եւ «ԱԼԻՔ» օրաթերթի ժամանակի գլխաւոր խմբագիր հանգուցեալ Նորայր Էլսայեանի մասին հակիրճ տողերով անդրադարձաւ Բեսի Յովհաննիսեանը: Իսկ հանգուցեալ բանաստեղծ Ալմինի մասին անդրադարձաւ Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը:
Միջոցառման աւարտին Իրանահայ Ուսուցիչների միութեան անունից իր շնորհակալութիւնը յայտնեց Տանիա Վարդանեանը Ս. Գորգ եւ Ս. Թադէոս Բարթուղիմէոս եկեղեցիների Եկեղեցական խորհրդին, իրենց անվերապահ համագործակցութեան համար, նաեւ գնահատանքի խօսք ուղղեց միջոցառման իրականացման գործում իրենց մասնակցութիւնը դրսեւորած բոլորին:
Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:
Թղթակցութիւնը կազմեց Կարինէ Դաւթեանը