Էդգար Էլբակեան. «Տխուր լուր ունեմ յայտնի թուղթը ստորագրած անձանց համար. առաջին տողով ստորագրած մարդը ԱՄՆ-ում նստած, սպասում է Սուրբ Թադէի գահին բազմելուն»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Էդգար Էլբակեանը ֆէյսբուքի իր էջում գրառում է կատարել, որի հասցէատէրը նախօրէին Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպած եպիսկոպոսներն են:
Նա մասնաւորապէս գրել է.
«Տխուր լուր ունեմ յայտնի թուղթը ստորագրած հերթականութեամբ 2-10-րդ անձանց համար։ ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդեանց եկեղեցում նոյեմբերի 30-ին կայացած Սուրբ եւ Անմահ Պատարագի ժամանակ, ըստ կարգի, յիշատակւել է Վեհափառ Հայրապետի անունը։
Կարծում եմ՝ դուք հասկանում էք, որ առանց թեմակալ առաջնորդի թոյլտւութեան դա չէր կարող լինել։ Իսկ թեմակալ առաջնորդն այն նոյն մարդն է, ում անւան ներքոյ դուք դրել էք ձեր 9 ստորագրութիւնները։
Կը ներէք, իհարկէ, բայց ստացւում է, որ ձեզ «գցում են»։ Առաջին տողով ստորագրած մարդը հերիք չէ՝ զերծ է այն ճնշումներից ու կոմպրոմատներից, որի ներքոյ դուք էք։ Ըստ ամենայնի՝ նա, հանգիստ ԱՄՆ-ում նստած, սպասում է Սուրբ Թադէի գահին բազմելուն, բայց եւ չի շտապում կտրուկ քայլերի գնալ եւ «ստռախովկեքով» է խաղում։
Իսկ դուք «վառւում էք»։ Ի՞նչ կարող էք անել։ Օր առաջ դարձի՛ եկէք եւ վերադարձէ՛ք Մայր եկեղեցու ու նրա Հովւապետի գիրկը։ Ինձնից լաւ գիտէք, որ բոլորիդ աջակցողը, թէ՛ հոգեւոր, թէ՛ աշխարհիկ իմաստով պարտակողը Վեհափառ Հայրապետն է։ Այլ հենարան դուք պարզապէս չունէք»:



