ՌԴ-ն հեռու գնացող պլաններ ունի. հայ-ռուսական առեւտրաշրջանառութեան անկումն ու Ռուսաստանի ներգրաւումն Ադրբեջանի տարածքով մատակարարումներին

«ԱԼԻՔ» – Մինչ հայաստանեան արեւմտամէտ եւ իշխանական շրջանակները շարունակում են ոգեւորութեամբ նշել, որ վաշինգտոնեան պայմանաւորւածութիւնները Ռուսաստանին դուրս են մղել ռեգիոնից, կամ էլ աւելի թուլացրել ՌԴ դիրքերը Հարաւային Կովկասում, Ռուսաստանը կարծես ամրապնդւում է Հարաւային Կովկասի ապաշրջափակման գործընթացում: Ներկայումս Ռուսաստանն այն տէրութիւններից է, որն ակտիւօրէն օգտւում է վաշինգտոնեան պայմանաւորւածութիւնների ընձեռած հնարաւորութիւններից՝ ծրագրելով ընդլայնել ապրանքների շարքը, որոնք մատակարարում է դէպի Հայաստան Ադրբեջանի տարածքով գործարկւած երկաթուղային ճանապարհով:
Վերջերս՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ կատարած այցից յետոյ ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում յայտարարել է, թէ Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանիւթերի մատակարարման հնարաւորութիւնը, ինչպէս նաեւ ուսումնասիրւում է հակադարձ բեռնման հնարաւորութիւնը:
«Կարեւոր իրադարձութիւն տեղի ունեցաւ, մենք այն համարում ենք իսկապէս նշանակալից՝ ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքն անցաւ Ադրբեջանի եւ Վրաստանի միջով դէպի Հայաստան։ Այսինքն՝ աւելի քան 30 տարւայ ընթացքում եւ Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյութիւնից ի վեր առաջին անգամ անցաւ հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը: Այնուհետեւ անցաւ ղազախական հացահատիկը։ Մենք նաեւ քննարկում ենք այս գիծն այլ տեսակի բեռներով՝ պարարտանիւթերով բեռնելու հնարաւորութիւնը»,- ասել է Օվերչուկը՝ ցոյց տալով, որ Ռուսաստանը մեծ թափով ներգրաււում է այս գործընթացում:
Յիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ժամանել ռուսական, ղազախական ցորեն, իսկ օրերս՝ ադրբեջանական նաւթամթերք: Բացի այս, ՀՀ իշխանութիւնները, որոնք իրենց ամէն յայտարարութիւնում խօսում են ինքնիշխանութեան պահպանման կարեւորութիւնից, ապաշրջափակման գործընթացում ակնկալիքներ ունեն Ռուսաստանի Դաշնութիւնից եւ ՀՀ տարածքում երկաթուղային որոշ տեղամասերի վերականգնման խնդրանքով դիմել են Ռուսաստանին:
Մէկ շաբաթ առաջ ՀՀ կառավարութեան նիստին յաջորդած ճեպազրոյցում Նիկոլ Փաշինեանն ասել էր, որ Ռուսաստանի գործընկերներին խնդրել է շտապ կարգով զբաղւել երկաթուղու՝ Երասխից մինչեւ Նախիջեւանի սահման եւ Ախուրիկի հատւածից մինչեւ Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ:
«Ես ՌԴ մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղւել մասնաւորապէս երկաթուղու՝ Երասխից մինչեւ Նախիջեւանի սահման եւ Ախուրիկի հատւածից մինչեւ Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ: Կարծում եմ՝ առաջիկայում նաեւ նոյն հարցը կը բարձրացնեմ Իջեւան-Ղազախ հատւածի հետ կապւած, որովհետեւ կարծում եմ՝ այդ հատւածը նոյնպէս հնարաւորինս արագ վերականգնելու անհրաժեշտութիւն կայ»,- ասել է նա:
Փաշինեանը յոյս էր յայտնել, որ ՌԴ գործընկերները մաքսիմալ արագութեամբ այդ խնդրանքն իրականութիւն կը դարձնեն:
Դեկտեմբերի 22-ին էլ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպմանը Փաշինեանն ասաց, որ Ռուսաստանից գնացքներն արդէն ուղեւորւում են դէպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը, նրա կարծիքով, պատմական իրադարձութիւն է։ Փաշինեանի խօսքով, բացւում են նոր հնարաւորութիւններ, իսկ Հայաստանում երկաթուղային որոշ այլ հատւածների վերականգնման օրակարգն արդէն հասունացել է։
«Ես, մասնաւորապէս, նկատի ունեմ Իջեւանի, Երասխի եւ Ախուրիկի հատւածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ, քանի որ բաւականին ակտիւ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդէն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերեալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- այսպէս թեմային անդրադարձաւ Փաշինեանը՝ Պուտինին եւս ներկայացնելով ՀՀ տարածքում երկաթուղային տեղամասերը վերականգնելու մասին խնդրանքը:
Սրան զուգահեռ՝ ռուսական կողմը փոխվարչապետի մակարդակով արձանագրում է՝ ՀՀ-ն պէտք է կողմնորոշւի ԵԱՏՄ անդամակցութեան ու ԵՄ ինտեգրացիայի մտադրութեան հարցի շուրջ, քանի որ սրանք համատեղելի միութիւններ չեն: Բացի այս, ռուսական կողմն արձանագրում է, որ ռուսական «բիզնեսը կորցնում է հետաքրքրութիւնը» Հայաստանի նկատմամբ, եւ այդ կորստի հետեւանքն այն է, որ այս տարի նախորդ տարւայ համեմատ հայ-ռուսական առեւտրաշրջանառութիւնը պակասել է 50%-ով:
Դեկտեմբերի սկզբին Օվերչուկն ասել էր՝ անցեալ տարի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառութիւնը կազմում էր 15.4 մլրդ դոլար, իսկ այս տարի, ակնյայտ է, որ այն կը լինի 6 մլրդ դոլարի մակարդակում:
Ի դէպ, Փաշինեան-Պուտին հանդիպմանն առեւտրաշրջանառութեան վերոնշեալ ծաւալների մասին շեշտեց նաեւ ՌԴ նախագահը՝ ընդգծելով ծաւալների անկման փաստը: Հայաստանի նման փոքր պետութեան համար, որը մեծ կախում ունի Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական յարաբերութիւններից, սա չափազանց նշանակալի անկում է, որով Ռուսաստանը փորձում է ցոյց տալ այն վնասները, որոնք կը կրի Հայաստանը՝ հրաժարւելով ԵԱՏՄ-ից ու Ռուսաստանից:
Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրոյցում ասել է, որ Հարաւային Կովկասում ՌԴ դիրքերը վերջին շրջանում թուլացել են՝ մի շարք օբիեկտիւ խնդիրներից ելնելով, բայց ազդեցութիւնն ու լծակները պահպանւում են, աւանդական յարաբերութիւնները գործընկեր երկրների հետ՝ եւս: Ըստ նրա՝ բնականաբար, այդ յարաբերութիւններում ամէն ինչ հարթ չէ, քանի որ Արեւմուտքն ակտիւօրէն առաջ է մղում իր օրակարգն ու պլանները, հաշւի չառնելով տեղում առկայ իրավիճակն ու ռեգիոնում գործող յարաբերութիւնների ողջ համակարգը: Վերլուծաբանի խօսքով, ՌԴ-ն ունի՝ ինչպէս աւանդական ազդեցութիւն, յարաբերութիւններ, ռեգիոնի խնդիրների իմացութիւն, այնպէս էլ՝ համատեղ ինտեգրացիոն ձեւաչափեր:
«Եթէ ԵՄ անդամակցութեան հեռանկարը մշուշոտ է, յայտնի չէ, թէ Հայաստանն ի՞նչ օգուտներ կարող է ստանալ ԵՄ-ից, եթէ նոյնիսկ դառնայ ԵՄ անդամ, ինչը դեռ բարդ է պատկերացնել, ապա ԵԱՏՄ-ն կոնկրետ աշխատող եւ օգուտներ տւող կազմակերպութիւն է՝ յատկապէս Հայաստանի համար: Եթէ այդպիսին չլինէր, ամենայն հաւանականութեամբ ՀՀ-ն նաեւ այս միութեան աշխատանքներին ակտիւ չէր մասնակցի, սակայն ԵԱՏՄ-ն տնտեսապէս իրեն արդարացնում է Հայաստանի համար: Եւ, կրկին, մինչ ԵՄ-ն քննարկում է՝ ինչպէս մասնակցել ռեգիոնի ապաշրջափակմանը, Ռուսաստանը կարողանում է միանգամից ներգրաււել այդ գործընթացում՝ սկսելով մատակարարման գործընթաց, ինչը եւս ցոյց է տալիս ռեգիոնում Ռուսաստանի՝ պայմանաւորւելու, գործունէութիւն ծաւալելու կարողութիւնները: Ուստի, ռեգիոնից ՌԴ-ին դուրս բերելու մասին խօսակցութիւնները չափազանցւած են: Ուկրաինայի պատերազմի ֆոնին, բնականաբար, ՌԴ-ն ամբողջութեամբ կենտրոնացած է այլ ուղղութեամբ, ունի խնդիրներ, ակտիւութեան պակաս այլ ռեգիոններում, սակայն ազդեցութիւնը վերացած չէ, եւ այն տեղ-տեղ աւելին է, քան մեծ ջանքեր ներդնող ԵՄ-ի դէպքում է ազդեցութիւնը»,- ասել է վերլուծաբանը:
Իսկ առեւտրաշրջանառութեան անկումը, վերլուծաբանի խօսքով, ամենայն հաւանականութեամբ, բնական գործընթացների հետեւանք է, քանի որ, երբ ՀՀ-ն փորձում է մի շարք գործընթացներ մօտեցնել եւրոպական չափանիշներին, դրանք չեն համընկնում ԵԱՏՄ-ի հետ եւ առաջանում են բարդութիւններ, դրա հետեւանքով՝ նաեւ ցուցանիշների անկում:
«Երբ խօսւում է, որ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, խօսքը ոչ միայն աշխարհաքաղաքական, քաղաքական անհամատեղելիութեան մասին է, այլեւ առեւտրատնտեսական ստանդարտների տարբերութիւնների ու այլ հարցերի մասին է»,- նկատել է նա:
ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ



