Գրենլանդիայի համընդհանուր ընտրութիւններում յաղթել է ընդդիմադիր «Դեմոկրատներ» կուսակցութիւնը

«ԱԼԻՔ» – Գրենլանդիայի աջ կենտրոնամէտ ընդդիմադիր «Դեմոկրատներ» (Demokraatit) կուսակցութիւնը յաղթել է համընդհանուր ընտրութիւններում՝ անկախութեան օգտին ձայների ճնշող մեծամասնութեամբ եւ կիսաինքնավար տարածքը վերահսկողութեան տակ առնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումով, յայտնում է BBC News-ը։
«Դեմոկրատները», որոնք հանդէս են գալիս Դանիայից աստիճանական անկախութեան օգտին, հաւաքել են ձայների մօտ 30%-ը, ինչը վկայում է գրեթէ լիակատար յաղթանակի մասին:
«Գրենլանդիային պէտք է, որ մենք միասնական լինենք այն ժամանակ, երբ դրսից մեծ հետաքրքրութիւն կայ,- տեղական լրատւամիջոցներին տւած հարցազրոյցում յայտարարել է կուսակցութեան առաջնորդ Եէնս-Ֆրեդերիկ Նիլսենը։ Միասնութիւնն անհրաժեշտ է, ուստի բոլորի հետ բանակցութիւնների մէջ ենք մտնելու»:
Այժմ նրա կուսակցութիւնը պէտք է բանակցի այլ կուսակցութիւնների հետ կոալիցիա կազմելու համար։
«Դեմոկրատները», որոնց ձայները 2021 թւականի համեմատ աւելացել են աւելի քան 20%-ով, համարւում են անկախութեան համար պայքարող չափաւոր կուսակցութիւն։
Մէկ այլ ընդդիմադիր Naleraq («Ուղենիշ») կուսակցութիւնը, որը ձգտում է անյապաղ սկսել անկախութեան ձեռքբերման գործընթացն ու աւելի սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ ձայների գրեթէ մէկ քառորդով երկրորդ տեղում է:
Naleraq-ի աջակցութիւնը մեծացել է քւէարկութեան նախաշեմին Գրենլանդիայի ամենայայտնի երիտասարդ քաղաքական գործիչներից մէկի՝ Ակի-Մաթիլդա Հեղ-Դամի՝ իշխող կուսակցութիւններից մէկը լքելու որոշումից յետոյ:
Ժողովրդական քւէարկութեան արդիւնքում «Դեմոկրատների» առաջնորդ Եէնս Ֆրեդերիկ Նիլսենից յետոյ այն երկրորդ տեղում է:
Գրենլանդիան՝ աշխարհի ամենամեծ կղզին Հիւսիսային Սառուցեալ եւ Ատլանտեան ովկիանոսների միջեւ, շուրջ 300 տարի վերահսկւում է Դանիայի կողմից։
Գրենլանդիան կառավարում է իր ներքին գործերը, սակայն արտաքին եւ պաշտպանական քաղաքականութեան վերաբերեալ որոշումներն ընդունւում են Կոպենհագենում։ Ընտրութիւններին մասնակցող վեց հիմնական կուսակցութիւններից հինգը պաշտպանում են Կոպենհագենից անկախութիւնը, սակայն համաձայն չեն դրան հասնելու տեմպերի հետ։