Հայաստան - Արցախ

Ադրբեջանցի սահմանապահները երկուշաբթի օրւանից Կիրանցում են

«ԱԼԻՔ» – Յուլիսի 15-ի ժամը 18:00-ից ադրբեջանցի սահմանապահները կանգնած են Կիրանցում՝ սահմանազատւած մասում: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասել է Կիրանցի համայնքապետ Կամօ Շահինեանը։

«Այնպէս չէ, որ կիրանցեցիները խուճապի են մատնւած: Մենք երբեւիցէ չենք վախեցել ոչ մէկից, հարցը ոչ թէ վախենալն էր, հարցն այդ մեր հողատարածքն էր, որ ընկնում էր նրանց։ Մեր պայքարը դրա համար էր: Եղաւ այն, ինչ եղաւ, մնում է՝ մենք էլ հասկանանք՝ ինչ է լինելու վերջը», – ասել է նա:

Շահինեանը վստահեցրել է՝ չեն լքելու գիւղը:

«Ի՞նչ անենք, թողնենք ու գնանք այստեղից: Թողնել-գնալը շատ ամօթ կը լինի, կիրանցեցիները միշտ էլ հերոս են, հզօր են, վախենալու բան չունեն: Երբ հարց կառաջանայ, կը տեսնենք՝ ինչն ինչից յետոյ է, էլի կանգնած ենք: Իմացէ՛ք՝ Հայաստանի դարպասները պինդ ենք պահելու»,- նշել է նա:

Վերջում Շահինեանը յաւելել է. «Մենք ամուր ենք, դուք էլ մեզ հետ ամուր կացէք, որ մեր երկիրը պահենք: Մենք շատ ենք սիրում մեր երկիրն ու ամուր կանգնած ենք»:

Related Articles

Back to top button