ՄիջազգայինՔաղաքական

Հանրապետական ​​կուսակցութիւնը Թրամփին պաշտօնապէս առաջադրել է որպէս ԱՄՆ նախագահի թեկնածու

«ԱԼԻՔ» – Հանրապետական կուսակցութիւնը Դոնալդ Թրամփին պաշտօնապէս առաջադրել է որպէս ԱՄՆ նախագահի թեկնածու։

Ինչպէս հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները՝ այս մասին յայտարարւել է այսօր՝ առաւօտեան, Միլուոքիում անցկացւող կուսակցութեան համագումարի ժամանակ։

Աւելի վաղ, համագումարի նախօրէին Դոնալդ Թրամփը յայտարարել էր փոխնախագահի իր թեկնածուի անունը՝ սենատոր Ջէյմս Դէյւիդ Վենս:

Ծնունդով Օհայոյից 39-ամեայ սենատորը կարող է գրաւել աշխատաւոր դասի այն սպիտակամորթ ընտրողներին, որոնք դժկամութեամբ են քւէարկել Թրամփի օգտին 2016 թւականին։

Վենսն ութ տարի առաջ նախագահական մրցավազքից առաջ քննադատել է Թրամփին, ինչը դեմոկրատներն անկասկած կը մատնանշեն, բայց դրանից յետոյ նա դարձել է նախկին նախագահի պաշտպանը, յատկապէս հեռուստատեսային լրատւական ցանցերում: Ուստի նրա հաւատարմութիւնն ու արդիւնաւէտութիւնը որպէս քաղաքական գործիչ, անշուշտ, ազդել են Թրամփի որոշման վրայ:

Վենսը մօտ է Թրամփին արտաքին, ներքին եւ տնտեսական քաղաքականութեան վերաբերեալ իր հայեացքներով՝ նա տնտեսական պոպուլիստ է։

Վենսը պատկանում է Կոնգրեսի հանրապետականների խմբին, որը վեց ամսով հետաձգեց ամերիկեան օգնութիւնն Ուկրաինային։ Նա եւ իր համախոհները կարծում են, որ ԱՄՆ-ն առաջին հերթին պէտք է կենտրոնանայ իր հարաւային սահմանի ամրապնդման եւ անօրինական ներգաղթի դէմ պայքարի, ինչպէս նաեւ Չինաստանի դէմ պայքարի վրայ։

Նա ոչ նպատակայարմար է համարում ռազմական օգնութեան ցուցաբերումն Ուկրաինային:

Յիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրութիւնները կանցկացւեն 2024 թւականի նոյեմբերի 5-ին։

Related Articles

Back to top button