ԹեհրանՀամայնք

Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանի վերջին օծման եւ թաղման եկեղեցու կարգը կատարւեց Ս. Սարգիս եկեղեցում

Երկուշաբթի՝ 8 յուլիսի 2024 թւականին, Թեհրանում, իր մահկանացուն կնքեց Թեհրանի հայոց թեմում շուրջ 6 տասնամեակ ծառայած հոգեւորական, 92-ամեայ Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը:

Հանգուցեալ Տէր Հօր վերջին օծման եւ թաղման եկեղեցու կարգը կատարւեց շաբաթ՝ յուլիսի 13-ին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում: Պատարագիչն էր Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը իսկ Կրօնական արարողութեանը ներկայ էին հոգշ. Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, Քահանայից դասը, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, թեմի ազգային մարմինների եւ Եկեղեցական խորհուրդների ներկայցուցիչները, հանգուցեալի հարազատները եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ:

Յընթացս Ս. Պատարագի, «Ողջոյն»-ի պահից առաջ, Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանի դագաղը քահանայ հայրերի միջոցով եկեղեցու ատեանից բերւեց Ս. Խորան, որտեղ իր հոգեւոր եղբայրներից ու բարեպաշտ ժողովրդից հրաժեշտ առաւ հանգուցեալ Տէր Հայրը: Այնուհետեւ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը Ս. Միւռոնով օծեց նրա ճակատն ու աջը՝ վերջին օծումը տալով նրան:

Խորհրդի կատարումից յետոյ, Հայր Սուրբը քարոզեց:

Քարոզի աւարտից յետոյ Քահանայից դասն իր վերջին հրաժեշտն ու համբոյրը փոխանցեց հանգուցեալ Տէր Հօր եւ ստացան նրա վերջին ողջոյնը, ապա դագաղը կրկին տեղափոխւեց եկեղեցու ատեան եւ առիթ տրւեց ժողովրդին՝ իր հրաժեշտը տալու նրան:

Վերջին օծման արարողութիւնից յետոյ, հանգուցեալի դին փոխադրւեց Նոր Բուրաստան գերեզմանատուն, որտեղ Հայր Սուրբի ձեռամբ եւ թեմի բոլոր քահանայ հայրերի մասնակցութեամբ, ամփոփւեց հայոց ազգային գերեզմանատան քահանայից բաժնում:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Related Articles

Back to top button