ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ Ս. ԶԱՏԿՒԱՅ ՊԱՏԳԱՄԸ

«ՄԵՌՆԵ՛Մ ՅԻՍՈՒՍԻ ԶՕՐՈՒԹԵԱՆԸ…»
«Գիտեմ, որ խաչւած Յիսուսին էք փնտռում…»:
(Մտ 28.5)
Յարուցեալ Փրկչի հրաշագործ զօրութեամբ համակւած, նրա սուրբ Յարութեամբ յուսադրւած նայում ենք ո՛չ միայն ապագային, այլեւ՝ մեր առօրեայ կեանքին:
Տիրոջ մարմինը աւանդական իւղով օծելու համար գերեզման եկած կանայք՝ «Մարիամ Մագթաղենացին եւ միւս Մարիամը» (Հմմտ Մտ 28.1), զարմանքով տեսան փայլակի նմանւող մի լուսազգեստ հրեշտակ, որը տապալելով գերեզմանաքարը, նստեց դրա վրայ, աւետելով նրանց Յիսուսի յարութեան աւետիսը: Քահանայապետի հրահանգով գերեզմանի համար նշանակւած պահապանները, տեսնելով կնքւած հսկայ քարի տապալւելը, իրենց վախիցը «մեռելի նման եղան», ինչպէս վկայում է Աւետարանը (Հմմտ Մտ 28.4):
Լուսասփիւռ հրեշտակը իւղաբեր կանանց ազատեց պահապանների զգացած վախիցը, եւ ասաց.
Դուք մի՛ վախեցէք, գիտեմ, որ խաչւած Յիսուսին էք փնտռում: Այստեղ չի, որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասել էր: Եկէք եւ տեսէք այն տեղը, որտեղ դրւել էր (Մտ 28.5-6):
Այդ պահին արտայայտւած խօսքերի մեծ մասը, բնականաբար, չի՛ արձանագրւել Աւետարանում, երբ գրաւոր լեզուն ունի իր արտօնեալ սահմանները: Աստւածաշունչը, այս բոլորից վերեւ՝ երկնային շնորհքով արձանագրւած հատոր է:
Վստահաբար գերեզմանը այցելող կանայք շատ ուրիշ խօսակցական արտայայտութիւններ ունեցան իրենց զգացած վախի բերմամբ, որոնք իրենց առօրեայ լեզւի բառամթերքից արտաբերեցին: Աստւածաշնչի մեկնաբանները շատ յաճախ լայնածիր բացատրութիւններով մի նոր Աւետարան գրւած ունենալու չափ մեկնաբանութիւններ են տալիս, անցեալում տեղի ունեցած դէպքերի մասին ճոխ պատմելաոճով:
Յիսուսի Սուրբ Յարութեան տօնի այս օրերին, երբ աշխարհը պատերազմի օրօրոցում է օրօրւում այն օրօրողների հարւածային շարժումներով, քրիստոնեայ աշխարհը իր յոյսը կապում է Յիսուսի օգտագործած մտրակին: Նա խստութեամբ հարւածեց, Երուսաղէմի տաճարում հաստատւած «խաղաղութեան աղաւնու» օրօրոցը օրօրողներին:
Մինչեւ այսօր, վաղ երիտասարդութիւնից մնացած մի յուշ, որը ծերունի մէկ զոյգի արտասանած խօսքից է կտակ մնացել ինձ, նրանց գիտակցութեամբ յօրինւած սեփական աղօթքի մի տող է, որը անվերջ արտասանում էին նրանք.
Մեռնե՛մ Յիսուսի զօրութեանը:
Նրանց զաւակներն էլ սովորել էին այս կրկնասացութիւնը, եւ յաճախ երկրորդում էին իրենց մեծահասակ ծնողների սոյն աղօթաձայն խօսքը. իսկ այժմ, երբ նրանց ծնողները փոխադրւել են միւս կեանքը, եւ նրանք հասել են հասուն տարիքի, շարունակում են կրկնել նոյն բառերը, առ ի յիշատակ հանգուցեալ ծնողաց:
Ներկայ ժամանակներում, երբ տեղացող ռմբերի պատճառով անմեղ զոհեր են վերջնականապէս հեռանում այս կեանքից, նրանց հարազատների լացակումած դէմքի վրայ սառած մի արտայայտութիւն կայ, հանգուցեալների յարութեան յոյսով ամրապնդւած.
-Մեռնե՜մ Յիսուսի զօրութեանը:
Այո՛, յատկապէս պատերազմական անորոշութիւնների, անապահով կեանքի եւ վախի մթնոլորտում մարդկանց զօրացնող խրախուսական խօսք է այս. «Մեռնեմ Յիսուսի զօրութեանը….»: Հայր, մայր, եղբայր, քոյր, զաւակ եւ հարազատներ կորցնելը հեշտ չի՛, յատկապէս ռազմական կատաղի, օդային ու այլ արհեստական զէնքերի կրակոցներից, որոնք նորանոր փորձեր են աշխարհում մարդկանց թիւը նւազեցնելու, եւ միւս կողմից այլ երկրների բնական հարստութիւնները շահարկելու միտող:
Ամէն անձի տրւած չէ՛ խաղաղութիւն հաստատելու շնորհքը: Դա երկնային ոյժի միջամտութեան կարիքն ունի, որը Աստւած է տալիս խաղաղասէր մարդկանց: Պատերազմական գործօն արարքներ կիրառողը եթէ կարծում է, թէ խաղաղութեան առաքելութիւն է ստանձնել, նմանւում է կրկէսային բեմերի վրայ կարմիր քթով, խոշոր կօշերով, եւ գունագեղ գլխարկով ցատկռտող, ու բոլորի մօտ ծիծաղ առաջացնող հտպիտի:
Ո՞րն է աւելի զօրեղ ոյժ ներկայացնում, պատերա՞զմը, թէ՞ խաղաղութիւնը: «Երանի՜ նրանց, ովքեր խաղաղութեան հաստատման համար են գործում, որովհետեւ նրանք Աստծու որդիներ են կոչւելու» (Մտ 5.9): Ահա Յիսուսի իմաստասիրական մօտեցմամբ կատարած եզրակացութիւնը: «Խաղաղասէր» կոչւելուց աւելի ուժեղ՝ «Աստծու որդիներ» կոչման արժանի է համարում Յիսուս այն անձերին, ովքեր խաղաղութեան հաստատման գործում յաջողւում են:
Պատերազմով խաղաղութիւն չի՛ հաստատւում, ինչքան էլ պատերազմի հերոս համարւողները սուր ճօճեն իրենց հակառակորդի գլխի վերեւ: Ինչքա՜ն նահատակների ծնողներ ու հարազատներ անէծք են տալու նրանց, ովքեր սկսել են պատերազմի եւ պատճառ դարձել մարդկանց սպանդին: Միառժամանակ յետոյ ծիծաղի առարկայ են դառնալու բոլոր նրանք, ովքեր պատերազմի սկիզբ են դրել, երբ նահատակ հոգիները յաւիտենութեան հրապարակներում պար բռնած, զւարթութեամբ հետեւեն «մեծափառ» յաղթանակների աւարտին, մանկամիտ «հերոսների» միջոցով, ցնծութեամբ կազմակերպած շքերթներին: Դրանք երբեք յաղթանակի թափօրներ չեն կարող լինել, նահատակների արեամբ ներկւած կարմիր պողոտաներում: Նահատակները, իրենց հողեղէն կեանքում Յիսուսի զօրութեան ապաւինած, ընտանեկան ու համայնքային առօրեայի մաս էին կազմում, ապրելով աստւածապարգեւ օրերը, ընկերական հասարակաց պայմաններում:
-Մեռնե՛մ Աստծու Կենդանի Որդու՝ Յիսուսի զօրութեանը…:
Արդարութիւնը յարուցեալ Փրկչի ափում է գտնւում, որի իրազէկ Տէրը, մեծ Դատաստանի օրւայ համար է պահում դրա ծանուցումը: Այս յոյսով ենք նայում ապագային, որի մօտաւոր լինելու մասին վկայում է Աւետարանը, երբ խօսում է պատերազմների մասին. «Նա որ տանիքում է, ցած գալուց տուն չմտնի մի բան վերցնելու, եւ նա որ դաշտում է, թող յետ չգայ վերարկու վերցնելու…: Այնպիսի՛ մեծ նեղութեան օրեր են գալու, որոնց նմանը աշխարհի ստեղծագործութեան սկզբից մինչեւ այսօր չի՛ պատահել, եւ ո՛չ էլ պատահելու է: Եթէ Աստւած այդ օրերի թիւը նւազեցրած չլինէր, ո՛չ ոք չէ՛ր կարող փրկւել» (Հմմտ. Մտ 24.17-22):
Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն:
Ահաւասիկ գլխաւոր հարցը, որը բոլոր հաւատացեաներին եմ ուղղում սուրբ Յարութեան այս հրաշափառ տօնի առաւօտեան: Խաղաղութեան Իշխանը երկնըքից նայում է խրոխտ մարդկանց, որոնք իրենց ճղճիմ ոյժի համար իսկ սնափառ գոռումգոչումներ են կատարում: Խաղաղութեան Իշխանը վաղուց է հաստատել իր զօրութիւնը այս աշխարհում, որի ունեցած առաւելութիւններին ո՛չ մի զէնք, կամ ոյժ չի՛ կարող յաղթել: Զգացե՞լ ես այդ ՈՅԺ-ը:
-Դա աղօթքի զօրութիւնն է…:
Աղօթի՛ր, ո՛չ թէ պատերազմական դրութիւնը կասեցնելու զօրութիւն հայցելով Երկնաւորից, այլ որպէսզի Աստւած կրթի պատերազմ հրահրողներին: Դաստիարակութիւնը, բարձրագոյն ուսմամբ տրւող կրթութիւն չէ՛, այլ բարոյական ուսմամբ իրագործւած երկնատուր շնորհք, մարդկութեան միջեւ խղճի հաւասարութիւն սերմանող:
Մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի սուրբ Յարութեան հրաշափառ տօնի առիթով ողջունենք իրարու եւ սրտաբաց ապրումներով ամրապնդենք մեր հաւատքը, ասելով. «Մեռնե՜մ Յիսուսի զօրութեանը»: Նրա զօրեղ միջամտութեամբ թող խաղաղի աշխարհը ներկայ պատերազմական մթնոլորտից, ընդառաջելով մեր բոլորի աղօթաձայն աղաչանքին:
Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց, օրհնեա՜լ է յարութիւնն Քրիստոսի:
ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ
Առաջնորդ Ատրպատականի Հայոց Թեմի
Ս. Զատիկ – 5 Ապրիլ 2026
Ազգային Առաջնորդարան, Թաւրիզ



