
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակին նւիրւած, Հ.Բ.Ը.Մ.-ի նախաձեռնութեամբ, մայիսի 7-ի երեկոյեան միութեան Կենտրոնական սրահում, իրականացաւ գեղարւեստական-մշակութային յայտագրով յագեցած ծրագիր:
Ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որից յետոյ կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսքով հանդէս եկաւ Լուսինէ Յովհաննիսեանը: Խօսքի մի բաժնում այսպէս էր ասւած. «Հայոց Ցեղասպանութիւնը մեր պատմութեան ամենախոր վէրքերից է, բայց այդ վէրքից ծնւել է նաեւ ապրելու, արարելու եւ հայրենիքն ու ինքնութիւնը պահպանելու ոյժ»: Նա նշեց. «Հ.Բ.Ը. միութեան կարեւորագոյն նպատակներից մէկն է մանուկների, պատանիների եւ երիտասարդների մէջ սերմանել Հայ մշակոյթը եւ վառ պահել ազգասիրական ոգին: Այս նպատակը իրագործելու համար կեանքի կոչւեց «Ամարաս» երաժշտական խումբը, առիթ ստեղծելով համայնքիս երաժշտասէր նոր սերնդին ցուցաբերելու իրենց տաղանդը»:
Նա այսպէս շարունակեց. «Այս տարւայ ծրագիրը իւրայատուկ է քանի, որ ՀԲԸՄ-ի «Նւարդ Գիւլբենգեան» դպրոցի սաները իրենց մասնակցութիւնն են բերել «Ոչ մշակութային ջարդին» հինգերորդ ցուցահանդէսին, «Խաչքարեր» խորագրով»: Նշենք, որ ցուցահանդէսը շարունակւեց ուրբաթ մայիսի 8-ին:
Բացման խօսքից յետոյ մէկը միւսն յաջորդեց «Ամարաս» խմբի սաների ազգային երգերի կատարման շարանը, ինչու չէ նաեւ երաժշտական գործիքներով կատարումները:
Հոգեպարար երաժշտական կատարումներից յետոյ հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Հայր Սուրբը փոխանցելով Սրբազան Հօր ողջոյնները, իր խօսքի ընթացքում գնահատանքով անդրադարձաւ «Ամարաս» խմբի կատարումներին եւ միջոցառմանը իրենց դերակատարութիւնը ցուցաբերած երիտասարդներին:
Իր խօսքերի ընթացքում Հայր Սուրբը ընդգծեց. «Սա «Ամարաս»-ի երկրորդ ելոյթն է եւ կարելի է ասել երկրորդ յաջողութիւնը: Որեւէ ժողովրդի հարստութիւնը իր հաւատքից, հայրենիքից եւ հերոսներից յետոյ իր նոր սերունդն է: Այս երկու շաբաթների ընթացքում եւ այսօր երբ մեր հայմանքի տարբեր բեմերի վրայ տեսայ մեր նոր սերունդի կատարումները, ես համոզւեցի թէ որքան հարուստ է մեր ժողովուրդը, հարուստ է այնպիսի նոր սերունդով, որ հայրենասէր է, ազգասէր է եւ Աստւածասէր: Սերունդ, որ ապրում է Արցախով, ապրում է պատմական Հայաստանով, ապրում է մեր մէկուկէս միլիոն Սրբադասւած նահատակների յիշատակով»: Հայր Սուրբը ընդգծեց. «Երգն ու երաժշտութիւնը կարող են ազդելու թէ՛ կատարողի, եւ թէ՛ ունկնդրողների վրայ, որտեղ բառերից եւ եղանակից անկախ, հոգին է, որ խօսում է եւ այսօր մեր սիրելի երիդասարդներն ու պատանիները իրենց հրաշալի կատարումների միջոցով մեզ փոխանցեցին իրենց հոգիներում գտնւող ազգային ապրումները»:
Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Ալեքս Կարապետեանը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ-հովիւ Վեր. դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ անդամներ, Պատգամաւորական ժողովի անդամներ, Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ Մհեր Անդրէասեանը եւ անդամներ, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, քահանայ հայրեր եւ մեծ թւով հայրենակիցներ:



