Ալիեւ. «Վերադարձի իրաւունքը պէտք է ապահովւի փոխադարձաբար, այդ թւում՝ «արեւմտեան ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար»
«ԱԼԻՔ» – Վերադարձի իրաւունքը պէտք է ապահովւի փոխադարձաբար, այդ թււմ՝ «արեւմտեան ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար: Ինչպէս հաղորդում է Tert.am-ը՝ ադրբեջանական ԱՊԱ-ին յղումով, այս մասին յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ի պատասխան Կանադայի դեսպանի՝ վերադարձի իրաւունքի վերաբերեալ մեկնաբանութեանը (նկատի ունի էթնիկ զտման ենթարկւած արցախցիների վերադարձը-Tert.am)։
Ալիեւը պնդել է, թէ իբր անցած դարում «բնիկ ադրբեջանական բնակչութիւնը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թւականին, ենթարկւել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, իսկ նրա նիւթական եւ մշակութային ժառանգութիւնն ամբողջութեամբ ոչնչացւել է» (չակերտները՝ Tert.am)։
Նշենք, որ Ադրբեջանը 2020-ի արցախեան պատերազմից յետոյ ակտիւ շրջանառում է նախկինում Հայաստանում բնակւած ադրբեջանցիներին միաւորող, այսպէս կոչւած, «արեւմտեան ադրբեջանի համայնքի» եւ դրա ներկայացուցիչների՝ ՀՀ վերադառնալու «իրաւունքի» (չակերտները՝ Tert.am) թեզը:
Ադրբեջանում անգամ «Վերադարձ արեւմտեան ադրբեջան» փառատօն էր անցկացւել, որի շրջանակում հնչել էին կոչեր, որ «մի օր վերադառնալու են իրենց պատմական հայրենիք»: