Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ազատութիւն հայ գերիներին

ՀՅԴ ՆԱՈՒՄ-ը բողոքի ցոյց է կազմակերպել ՄԱԿ-ի գրասենեակի դիմաց

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան կազմակերպութեամբ, երէկ՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրաւունքների պաշտպանութեան օրը, ՄԱԿ-ի երեւանեան գրասենեակի առջեւ տեղի ունեցաւ բողոքի ցոյց:

Ցոյցի նպատակն էր միջազգային կառոյցների ուշադրութիւնը հրաւիրել Բաքւում ապօրինաբար պահւող հայ ռազմագերիների ոտնահարւած իրաւունքներին:

Երիտասարդները պահանջում էին, որպէսզի ՄԱԿ-ի պատասխանատուները գործուն քայլեր ձեռնարկեն հայ գերիների վերադարձի ուղղութեամբ։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան վարչութեան ատենապետ Միրօ Սարգսեանը անգլերէնով ուղերձ յղեց ՄԱԿ-ին եւ միջազգային կառոյցներին:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական միութեան Վահան Յովհաննիսեան ազգային-քաղաքական դպրոցի պատասխանատու Տարօն Ղազարեանը յայտարարեց. «Երկու տարուց աւելի մեր հայրենակիցները Բաքւի բանտում պատանդառութեան մէջ են, եւ մենք պահանջում ենք ՄԱԿ-ից ու միւս միջազգային կառոյցներից իրապէս հետամուտ լինել հումանիտար իրաւունքի իրացմանը, պատանդառւած մեր հայրենակիցների շուտափոյթ ազատ արձակմանը»:

«Մենք հետեւողականօրէն հետապնդում ենք այս խնդիրը, եւ սա մեր առաջին բողոքի ցոյցը չէ: Մեր պահանջը միայն ՄԱԿ-ին ուղղւած չէ, այլ բոլոր այն միջազգային կազմակերպութիւններին, որոնք ունեն յանձնառութիւն: Բողոքի ցոյցեր տեղի են ունեցել նաեւ այլ կազմակերպութիւնների ներկայացուցչութիւնների առջեւ եւ կրկին տեղի կունենան: Սրանք կազմակերպութիւններ են, որոնք ունեն յանձնառութիւն եւ ամէն առիթով խօսում են մարդու իրաւունքների պաշտպանութիւնից, հիմնարար ազատութիւններից, ունեն բազմաթիւ լծակներ, որոնցով կարող են ճնշումներ բանեցնել Բաքւի վրայ»,-ասաց Տարօն Ղազարեանը:

Ցոյցի աւարտին երիտասարդները իրենց պահանջները ներկայացնող նամակ փոխանցեցին ՄԱԿ գրասենեակի ներկայացուցչին։

Arfd.am

Related Articles

Back to top button