
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Ամանորի եռուզեռի մթնոլորտում Թեհրանի տարբեր միութիւններ ու կենտրոններ նախաձեռնել են ցուցահանդէս-վաճառք:
Երէկ՝ դեկտեմբերի 10-ին բացումը կատարւեց մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների, ինչպէս նաեւ թխւածքների ու Ամանորի զարդերի ցուցահանդէս-վաճառք, հէնց «Ակունք»-ի կենտրոնում:
Բացման հանդիսութիւնը մեկնարկեց սաների միջոցով հնչող Տէրունական աղօթքով եւ մի քանի երգերով, որոնք կատարում էին Լուիզա Աւետիսեանի ղեկավարութեամբ: Ապա Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը փոխանցելով Սրբազան Հօր պատգամը եւ ողջոյնը «Ակունք» կենտրոնին ընդգծեց. «Ամէն անգամ երբ ես Ակունք կը գամ առաւել կը համոզւեմ կենտրոնի կարգախօսին «Հաւատայ ինձ, ես էլ կարող եմ այն ինչ դու» եւ այս խօսքի ամենամեծ փաստը այս սեղանների վրայ գտնւող ձեռքի աշխատանքներն են, որոնք ցոյց կը տան թէ «Ակունք»-ի սաները որքան կարողութիւններ, շնորհքներ ու առաւելութիւններ ունեն եւ որքան արւեստի հանդէպ սէր եւ ապրում ունեն»:
Իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը իր ողջոյնի խօսքը փոխանցելով կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանին, փոխտեսչուհուն, ուսուցչական կազմին, Ծնողական խորհրդին, ազգային իշխանութեանը, բարերարներին, աշակերտներին ու իրենց ծնողներին կարեւորութեամբ անդրադարձաւ կենտրոնի աշխատանքների արդիւնքին, որը ամէն տարի ամանորին ներկայացւում է, որպէս ցուցահանդէս:
Ներկայ էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանը, եւ դեսպանատան ներկայացուցիչը, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը եւ հոգեւոր հայրերը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, բարերաներ եւ հրաւիրեալներ:



