
Մայիսի 29-ին, ժամը 17:30-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում, միութեան Գրական-գեղարւեստական միաւորը կազմակերպել էր ներքին ձեռնարկ՝ նւիրւած Հայոց Տօների Տօն Մայիս 28-ին:
Ծրագրի բացումը կատարեց միաւորի նախագահ՝ Տանիա Վարդանեանը, ով ողջոյնի մաղթանքից յետոյ, յարգանքի եւ երախտագիտութեան իր խօսքն ուղղեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան կերտողներին եւ նւիրեալ հայորդիներին, ովքեր հիմքը դրեցին ազատ, անկախ Հայաստանի ստեղծման։ Նա յոյս յայտնեց, որ ներկայ Հայաստանը եւ Արցախը միաւորւելով, կրկին անգամ կերտելու ենք միացեալ եւ ամբողջական Հայաստանի վեհ գաղափարը եւ նպատակը իրականացւելու է։
Ծրագրի հաղորդավար՝ Անայիս Աբնուսը հրաւիրեց՝ Օֆիկ Մատթէոսեանին, Գրական-գեղարւեստական միաւորի կողմից օրւայ առիթով արտայայտւելու։ Նա նշեց՝ «Տօների տօն Մայիս 28-ը՝ մեր պատմութեան ամենահպարտ եւ վճռական օրերից մէկն է, որտեղ 1918 թւականի, ծանր ու ճակատագրական պայմաններում, հայ ժողովուրդը կարողացաւ վերականգնել իր անկախութիւնը, որը ձեռք բերւեց պայքարով, միասնականութեամբ եւ սեփական ժողովրդի անկոտրում ուժով։ Թող Մայիս 28-ի ոգին միշտ ապրի մեր սրտերում, եւ ոգեշնչի մեզ՝ կառուցելու աւելի ուժեղ եւ խաղաղ Հայաստան»։
Միջոցառման գեղարւեստական բաժինը համեմւած էր ազգային-յեղափոխական երգերի շարանով, որոնք ծրագիրը ճոխացնելուց բացի, ներկաներին լիցքաւորեցին ազգային յոյզերով։ Սեւակ Խուդաբախշեանը՝ կատարեց «Գնդակ որոտաց», «Արդեօք ովքեր են», «Արմէնեան հողը» եւ «Կարս», երգերը նաեւ մեներգեցին Առլէթ Սիմոնեանը՝ «Անդրանիկ», Եօլանդա Մանսուրեանը՝ «Մայր իմ Հայաստան», եւ Նորիկ Աբրահամեանը՝ «Հայ մնայ» երգերը։ «Մայիսեան Զարթօնք» բանաստեղծութիւնն եւս ասմունքեց՝ Անայիս Աբնուսը։
Յայտագիրն իր մէջ ներառում էր եւս տեղեկատւական ամփոփ բացատրութիւն, որը ներկայացրեց Լորեթա Ղեւոնդեանը, Հայաստանի Առաջին Հանրապետութեան ճակատամարտերի՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի մասին։ Նա անդրադարձաւ ժամանակի վարչապետների եւ ականաւոր դէմքերի տքնաջան աշխատանքների մասին՝ ամրապնդելու պետական հիմքերը ներքին եւ արտաքին ճակատներում եւ իհարկէ Հայաստանը ներկայացնելու համայն աշխարհին, որպէս անկախ պետականութիւն՝ վեց դար ստրկութեան լուծը թօթափելուց յետոյ, բազում դժւարութիւներով եւ խոչընդոտներով հանդերձ։ Նա խօսեց եռագոյն դրօշի մասին եւ հետաքրքիր բացատրութիւն տւեց «Սարդարապատ» յուշահամալիրի հիմնական հատւածների վերաբերեալ. Նշելով, որ զանգակատունը, 35 մետր բարձրութեամբ, որպէս յաղթանակի եւ վերածննդի խորհրդանիշ է, երբ ազգը «արթնացաւ» եւ դիմադրեց թշնամուն, իսկ, թեւաւոր ցուլերը, ցոյց են տալիս ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեւոր վերելք։ Ցուլերը պահապաններ են՝ պաշտպանելով հայրենի հողը եւ մարմնաւորում են այն ուժը, որով հայ ժողովուրդը դիմակայեց ցեղասպանութիւնից յետոյ։ Արծիւը, հայկական խորհրդանիշ է՝ բարձրութիւն, հպարտութիւն, անկախութիւն։ Արծիւները յիշեցնում են զինւորներին՝ պատրաստ թռիչքի ու յարձակման։ Նրանց Համաչափ դասաւորութիւնը խորհրդանշում է կազմակերպւած բանակ եւ ազգային միասնութիւն։
Միջոցառման գեղարւեստական բաժնին զուգահեռ, ներկաները ջերմ մթնոլորտում՝ հայկական պարեղանակների ներքոյ, հիւրընկալւեցին համեստ հիւրասիրութեամբ։
Ծրագրի աւարտին միութեան կենտրոնական վարչութեան նախագահ՝ Սերժիկ Հաքեանը շնորհակալական խօսք ուղղեց Գրական-գեղարւեստական միաւորին եւ գնահատեց միջոցառման բովանդակալից յայտագիրը։
Ծրագրի ընթացքում միութենականների կողմից եղան՝ նւիրատւութիւններ, միութեան աշխատանքների բարելաւման համար։
Միութենականները բաւարարւած եւ լիցքաւորւած թողեցին սրահը։
Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան
Գրական-գեղարւեստական միաւոր












