Մուժումբար գիւղի Ս. Հռիփսիմէ հնադարեայ եկեղեցու անւանակոչութեան տօնը

Ատրպատական, Ազգային Առաջնորդարան, Թաւրիզ – Ուրբաթ, յունիս 5-ին, Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կուսանաց տօների առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ ուխտագնացութիւն կազմակերպւեց դէպի Մուժումբար գիւղը, որտեղ է գտնւում 9-13-րդ դարերում կառուցւած թեմապատկան պատմական Ս. Հռիփսիմէ եկեղեցին:
Ուխտաւորների խումբը նախկին հայաբնակ Մուժումբար գիւղը ժամանեց առաւօտեան ժամը 9:30-ին, Թաւրիզից 50 կլմ. դէպի հիւսիս-արեւելք գտնւող, եւ հայ ֆիդայիների մարտնչական անցեալի պատմութեամբ հարուստ այս գիւղը, որտեղ ամրօրէն կանգուն է մնացել բերդանման Ս. Հռիփսիմէ եկեղեցին:
Եկեղեցու անւանակոչութեան տօնը նշելու համար, դէպի Մուժումբար առաջնորդ Սրբազան հօր ընկերակցում էին Թաւրիզի Հոգեւոր հովիւ՝ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, սարկաւագներ՝ Վարդան Տէր-Մարտիրոսեանը եւ Սեւան Ենովքեանը, որոնք դիմաւորւեցին հաւատացեալների խմբի բարձր տրամադրութեամբ: Առաւօտեան ժամը 11:00-ին սկիզբ առաւ Գիշերային ժամերգութիւնը, որին յաջորդեց Առաւօտեան ժամերգութիւնը, նախագահութեամբ Սրբազան հօր:
4-րդ դարի հիմքեր ունեցող հեթանոսական մեհեանի վրայ 9-13-րդ դարերում է կառուցւել սոյն հողածածկ եւ երկթեք տանիքով հսկայական տաճարը, որի խորհրդաւոր կամարների տակ, նեղ լուսամուտերից հազիւ ներս է ներթափանցում արեւի լոյսը:
Կոմիտաս Աղցեցի Կաթողիկոսի հեղինակած «Անձինք Նւիրեալք» շարականը Ժամերգութեան ընթացքին երգւեց, որը երաժիշտ Կաթողիկոսը 7-րդ դարում էր հեղինակել, Սրբոց Հռիփսիմեանց կուսանաց մասունքները պարփակող գերեզմանափոսերը վերանորոգել տալուց եւ Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմէի հոյակերտ տաճարը կառուցել տալու օրերին:
Առաւօտեան Ժամերգութեան ընթացքում, եկեղեցու խորախորհուրդ կամարների տակ երգւեց «Քրիստոս Աստւած մեր» մաղթանքը, յիշելով Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կոյսերին, զօրանալով նրանց նահատակութեան գերազանց ոյժով:
Հանդիսաւոր արարողութեան վերջին մասում քարոզելով ներկայ ուխտաւորներին, Սրբազան հայրը ներկայացրեց Կուսանաց պատմութիւնը, որը հիմը համարեց մեր ժողովրդի հրաշալի քրիստոնէացման. «Հռիփսիմեանց կոյսերի նահատակութիւնն է արմատը, հեթանոսութեան սին հաւատքից մեր ժողովրդի դէպի քրիստոնէութիւն դարձին: Սա մի երկնային հրաշք էր, որով մեր ազգը հոգեւին արթնացաւ դիցաբանական տգիտութիւնից, եւ ճանաչեց Աստծուն: Փառքն ու պատիւը Հռիփսիմեանց կոյսերին է վայելում, որոնց աղօթքների շնորհիւ, նոյնիսկ խողխողւելու պահին, երկնային միջամտութիւն կատարւեց մեր հեթանոս Տրդատ արքայի կեանքում, երբ մեր ազգի Լուսաւորիչ Գրիգորը դուրս բերւեց Վիրապից, ու աղօթքով բժշկեց անհաւատ արքային:
Հայոց քրիստոնէութեան դարձի փառքի մասին արտայայտւելով, Սրբազան հայրը ցաւով յիշեց, որ այսօր մեր հայրենի պետութիւնը այս մասին անտարբեր մօտեցումով է վերաբերւում հայ ազգի դարձի հոգեւոր կենտրոն Ս. Էջմիածնին, անտեսելով դրա Սրբութիւն Սրբոց լինելն ու դրա Կաթողիկոսական հանգամանքը:
Առաջնորդ Սրբազանը իր քարոզի պահին պատգամեց գիւղի եւ եկեղեցու պատմութեան մասին, յատկապէս առաջին յեղափոխութեան ժամանակաշրջանում այնտեղ նահատակւած հայ ֆիդայիների հերոսութեան պատմական անդրադարձը կատարելով: Նոյն պահին եկեղեցում ծնւել են երկու երեխաներ: Նա յուզումով յիշեց, որ Թեհրանում վերջին տարիների, յառաջացեալ տարիքում մահացել է այդ նորածիններից մէկը, իր խոր ծերութեան տարիքում: Երբ ծնւել է, նոյն պահին, ծնողները նրան կոչել են Արտեմ, ի յիշատակ իրենց համար նահատակւած Արտեմ Ռազմիկին: Երկրորդին ծնողներն էլ, ի յիշատակ դարձեալ նոյն օրը գիւղում նահատակւած Նիկոլ Գանձակեցուն, նրան կոչել են Նիկոլ: Երկու ֆիդայիներ, որոնք «Հրաչի Տասնեակ» կոչւած իրենց ընկերների հետ, ընդամէնը 20 հոգով, կռւել են Ղարադաղի Սամի եւ Բոյուգ խաների 300 հաշւող ղարադաղցի հրոսակների դէմ:
Նրանք անակնկալ յարձակումով, փրկել են նոյն այս Ս. Հռիփսիմէ եկեղեցում ապաստանած 300 հայերին»:
Սրբազան հայրը իր գնահատանքը յայտնեց Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմնի անդամուհիներին եւ հաւատացեալ ուխտաւորներին, որոնք ժամանել էին Մուժումբար, միօրեայ ուխտագնացութեամբ իրենց հաւատքը վերանորոգելու համար:
Նախկին հայաբնակ Մուժումբար գիւղը հայաթափւել է անցած դարի կէսերին: Թուրքերով բնակւած գիւղի նորեկները յարգանքով են վերաբերւում հայերի թողած կարեւոր յիշատակի՝ Ս. Հռիփսիմէ եկեղեցու հանդէպ: Երկրի Մշակութային Ժառանգութիւնների պետական հիմնարկութիւնը եւ Իրանի հայկական եկեղեցիների պետական գրասենեակի տնօրէն դոկտ. Շերլի Աւետեանը եւ օգնական Ալէն Գրիգորեանը եւս յատուկ հոգատարութիւն են ցուցաբերում կրօնական սոյն կառոյցի նկատմամբ, որտեղ ամէն տարի սրբոց Կուսանաց տօնի առիթով եկեղեցական արարողութիւն է տեղի ունենում:
Ժամերգութեան աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, բոլոր ննջեցեալ Մուժումբարցիների հոգւոց խաղաղութեան համար: Յատկապէս յիշւեցին այն երկու նահատակ ֆիդայիները՝ Արտեմ Ռազմիկը եւ Նիկոլ Գանձակեցին:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ, ազգային տօնախմբութեան նման հաւաքոյթ կատարւեց գիւղում, երբ ուխտաւոր հաւատացեալներ հոգեւորականաց դասի հետ զբօսնեցին գիւղի նախապէս հայապատկան այգիներում, վայելելով իրենց բերած ուտեստները եւ Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմնի հիւրասիրութիւնը:







