Սպահանի ժողովուրդը հրաժեշտ տւեց նահատակ Յովհաննէս Սիմոնեանին եւ Իսրայէլի ու ԱՄՆ-ի յարձակումների ընթացքում զոհւած տասնեակ պարսիկ հայրենակիցներին

Երկուշաբթի՝ մարտի 30-ի կէսօրից յետոյ, Սպահանի գլխաւոր պողոտաներում տեղի ունեցաւ Իսրայէլի եւ ԱՄՆ-ի ռազմական գործողութիւնների արդիւնքում զոհւած տասնեակ նահատակների, ինչպէս նաեւ նորջուղայեցի նահատակ Յովհաննէս Սիմոնեանի հրաժեշտի արարողակարգը:

Նախատեսւած ծրագրի համաձայն, նահատակների դիակները կրող դիակառքերը, այդ թւում նաեւ նահատակ Սիմոնեանի դին կրող Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատան դիակառքը, «Ֆէյզ» հրապարակից ընթացան Սպահանի գլխաւոր պողոտաներով, իսկ ընթացքում Սպահանի սգակիր ժողովուրդն առիթ ունեցաւ դիակառքերի յետեւից քայլելով՝ հրաժեշտ տալու իր նահատակներին: Այս երթն աւարտւեց Սպահանի Նահատակների բուրաստանում:

Նշելի է, որ հրաժեշտի միջոցառմանը մասնակից հայկական պատւիրակութեանը մաս էին կազմել՝ Իրանի Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, թեմիս Պատգամաւորական ժողովի, Թեմական ու Կրօնական խորհուդների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, քահանայ հայրեր, նահատակի որդի Սասուն Սիմոնեանն ու մի շարք հարազատներ:

Նոյն օրը երեկոյեան ժամը 9:30-ին, «Նոր Ջուղա» թաղամասի «Խաղանի» խաչմերուկում գտնւող Սպահանի Արւեստի համալսարանին կից տարածքում տեղի ունեցաւ մեծարման երեկոյ նւիրւած նահատակ Սիմոնեանի յիշատակին:

Սկզբում նահատակի դագաղը տեղադրւեց պատւանդանի վրայ, ապա թեմիս եկեղեցական դասը ննջեցեալի տան կարգը կատարեց: 

Շարունակութեան մէջ հնչեցին խօսքեր:

Խորհրդարանի պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանն իր խօսքում մատնանշելով Իրանի պատմութեան բոլոր հանգրւաններում իրանահայերի ներկայութիւնը իրենց մուսուլման հայրենակիցների կողքին եւ եզակի համարելով Իրանում մուսուլման եւ քրիստոնեայ ժողովուրդների խաղաղ համակեցութիւնը, անդրադարձ կատարեց նահատակ Յովհաննէս Սիմոնեանի դառնաղէտ մահւանը եւ ասաց. «Ասում են, թէ յարձակումների ընթացքում խաղաղ բնակչութիւը չի թիրախաւորւում, սակայն զոհւած բազմաթիւ քաղաքացիներն ու յատկապէս մանուկները եւ այս դէպքում աշխատասէր արհեստաւոր, նահատակ Յովհաննէս Սիմոնեանը, որի դին դրւած է այստեղ, փաստում են այդ խօսքի անիրական լինելը»:

Նա ընդգծելով նաեւ երկրի հողային ամբողջականութեան պաշտպանութեան կարեւորութիւնը եւ այն հանգամանքը, որ չենք պատրաստւում Իրանի տարածքից մէկ թիզն անգամ զիջել, իր խորին դժգոհանքը յայտնեց միջազգային ատեաններին՝ ի մասնաւորի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին՝ այս ապօրինի յարձակումներն ու ոտնձգութիւնները չդատապարտելու համար:

Գեղարդ Մանսուրեանը գնահատեց «Սադեղ 4» գործողութեան 86-րդ հերթազարկային ալիքը քրիստոնեայ նահատակներին՝ յատկապէս Յովհաննէս Սիմոնեանի յիշատակին նւիրելու համար:

Արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանն իր խօսքում ասաց. «Իրանահայութիւնը, Իրանի ժողովրդի անբաժան մասը լինելով, պատմութեան բոլոր ժամանակներում, ուս-ուսի կանգնել է իր հայրենակից քոյրերի ու եղբայրների կողքին: Երկրի պաշտպանութեան գործում իրանահայ զաւակների արիւնը միախառնւել է երկրի միւս զաւակների արեան հետ: Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում իրանահայերը հայրենիքի պաշտպանութեան համար միեւնոյն խրամատում զոհել են իրենց կեանքը եւ այս աւանդոյթը շարունակւում է նոյնպէս այսօր, քանի որ երբ խօսւում է հայրենիքի պաշտպանութիւնից, հայերը սրտանց հրապարակ են մտնում: Մենք կանգնած ենք, որպէսզի Իրանը գոյատեւի»:

Սպահանի նահանգապետ Մեհդի Ջամալինեժադը յիշելով Իրան-Իրաք պատերազմի ընթացքում հայ զինւորների սխրագործութիւնն ընդգծեց. «Իրանահայութիւնը, պարտադրեալ պատերազմին յաջորդող Իրանին պարտադրւած բոլոր դրւագներում, այդ թւում 12-օրեայ եւ այժմ ընթացող պատերազմներում եղել է իր մուսուլման հայրենակիցների կողքին»:

Նահանգապետը նշելով, որ սա զէնք ու զինամթերքի պատերազմ չէ, այլ մեր ժողովրդի կամքն արտայայտող պատերազմ, իր շնորհակալութիւնը յայտնեց իրանահայութեանը՝ հայրենիքի պաշտպանութեան գործում ցուցաբերած հաստատակամութեան եւ արիական ոգու համար եւ յոյս յայտնեց, որ շուտով, բոլորը միասնաբար նշելու են պատերազմը յաղթելու տօնը։

Ընթացքում ներկաներն առիթ ունեցան ծաղիկներ զետեղելու դագաղի շուրջ:

Մեծարման երեկոյին ներկայ էին՝ Սպահանի պետական պաշտօնատարներ, թեմիս եկեղեցականաց դասի եւ ազգային մարմինների, ինչպէս նաեւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայ ու պարսիկ հայրենակիցներ:

Թղթակից (Նոր Ջուղա)