ԹեհրանՀամայնք

Այցելութիւն Թեհրանում ռմբակոծութեան հետեւանքով վնասւած հայկական բնակարաններ

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Այսօր` մարտի 30-ի առաւօտեան համայնքի ներկայացուցիչները Թեհրանում այցելել են ռմբակոծութեան հետեւանքով վնասւած հայկական բնակարաններ

Երկու օր առաջ Մահնազ թաղամասի փողոցներից մէկում տեղի ունեցած ռմբակոծութեան հետեւանքով աւերւած շէնքի հարեւանութեամբ գտնւող Բէյգեանների եւ Շահումեանների բնակարան են այցելել պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը եւ Թ. Հ. Թ. Կենտրոն համայնքի շտաբի պետ Մհեր Անդրէասեանը։

Բէյգեանների ընտանիքի բնակարանը, գտնւելով պայթիւնի կենտրոնին աւելի մօտ տարածքում, անհամեմատ աւելի խոշոր վնասներ է կրել։ Իսկ Շահումեանների բնակարանի դէպքում ջարդւել են պատուհանների ապակիները: Մինչ այդ երկու բնակարանների դէպքում պատուհանների ապակիները եւս մէկ անգամ ջարդւել էին 12-օրեայ պատերազմի ժամանակ։

Այցի ընթացքում նրանք հետաքրքրւել են ընտանիքների վիճակով եւ քննարկել վնասների փոխհատուցման հետ կապւած հարցեր։

ԲԷյգեանների բնակարանը գտնւում էր պայթիւնի վայրից որոշ հեռաւորութեան վրայ, սակայն զգալի վնասներ է կրել պայթիւնի ալիքից։ Աւելի քան 100 կգ կշռող բետոնէ բեկորների հարւածից մասամբ փլւել է երրորդ յարկի պատը, կոտրւել են պատուհանների երկաթէ ճաղերն ու փեղկերը, իսկ աւտոկայանատեղիի դարպասը պոկւել ու ներս է շպրտւել։ Բնակարանի սենեակների դռները եւս լուրջ վնասներ են կրել եւ կոտրւել են:

Հիւրասենեակի պատից կախւած նկարներից մի քանիսն ընկել էին, միսները՝ թեքւել իրենց շրջանակների մէջ։ Այդ տեսարանը կարծես նոր պատկեր էր աւելացրել յիշողութիւնների պատին։

Այստեղ բոլորը գիտեն, որ մենք սովորաբար ժամը մէկից մինչեւ մէկուկէս հաւաքւում ենք սրճելու։ Այդ օրը նոյնպէս նոյն ժամերն էին, երբ ընկաւ արկը։ Այս անգամ պարզապէս տանը չէինք»-պատմում է Պրն. Բէյգեանը ու ժպտում։ Ժպտում է ու յիշում պարսկերէն բանաստեղծութեան տողերը.

این خندهٔ ما بحرِ غمِ پنهان ما نیست

لبخند اگر هست، نشانِ جانِ ما نیست…

Դէպքի պահին ընտանիքը տանը չի եղել, եւ բարեբախտաբար տուժածներ չկան։

Բէյգեանների ընտանիքի աւագ որդի Օշինը «ԱԼԻՔ»-ին յայտնեց նաեւ, որ շէնքը նման միջադէպի էր ենթարկւել նաեւ 12-օրեայ պատերազմի օրերին, երբ պայթիւնների հետեւանքով ջարդւել էին պատուհանների ապակիները։

Արիս Շահումեանի որդին «ԱԼԻՔ»-ին պատմեց, որ դէպքի պահին տարեց ծնողները տանն են եղել եւ նստած են եղել տան ամենաապահով հատւածում։ Նոյնիսկ հայրը՝ պրն. Արիսը չի յիշում թէ պայթիւնի ձայնը լսել է թէ ոչ: Նա կատակով նշեց. «Հայրս ասում է, որ տկն. Քնարը շատ զգայուն է: Եղածը մի բան չէր որ»։ Մինչդեռ ռմբակոծւած շէնքը գտնւում էր ընդամէնը 100 մետր հեռաւորութեան վրայ։

Ընտանիքի անդամներից մէկը ապրում է արտասահմանում եւ դէպքի մասին իմացել էր լրահոսից…

Սա եւս ցոյց է տալիս, որ նման աղէտների ազդեցութիւնը չի սահմանափակւում միայն պայթիւնի ալիքի շառաւղով։

Շէնքի յարկաբաժիններից մէկի փայտէ դուռը եւս կոտրւել ու ընկել էր աստիճաններին։

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button