
Մեծ Պահքի ժամանակաշրջանը Գալստեան կիրակի օրւայ խորհրդով հասնում է իր աւարտին: Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքով յայտարարւում է Օծեալ Փրկչի երկրաւոր կեանքի վերջին ու ամենանւիրական հանգրւանի սկիզբը, որը նաեւ պսակն է հանդիսանում իր մարդեղութեան գլխաւոր նպատակի՝ մարդկային ցեղի փրկագործութեանը:
Հայ եկեղեցում Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ յիշատակւում է իբրեւ «ԾԱՂԿԱԶԱՐԴ»:
Արդարեւ այս առիթով, կիրակի, 29 մարտ 2026 թւականի առաւօտեան Թեհրանի Ս. Սարգիս, Սրբ. Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Ս. Մինաս եկեղեցիներում նշւեց մեր Փրկչի՝ Քրիստոսի յաղթական մուտքը խորհրդանշող Ծաղկազարդը:
Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահում Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Պատարագիչն էր Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանը, ով նաեւ ընթերցեց օրւայ առիթով Սրբազան Հօր պատգամն ըստ հետեւեալի՝
«Սիրելի հաւատացեալ քոյրեր եւ եղբայրներ, առաջին հերթին ուզում եմ Աստծուն փառք տալ, որ հակառակ մեր շուրջը տեղացող ռումբերին մեր գաղութը նւազագոյն վնասով պատերազմին դիմադրել է։ Բոլորս էլ գիտենք, որ պատերազմը աւեր է, մահ է ու աւերւածութիւն։ Տօնական այս օրերին մենք կրկնակիօրէն Աստծուն փառք ենք տալիս Իր հայրական հովանաւորութեան համար։
Բոլորս էլ իմանում ենք, սիրելիներ, որ ծաղկազարդը մեր եկեղեցու պայծառագոյն այն տօներից է, որով մենք մեր եկեղեցիներում խորհրդանշականօրէն դիմաւորում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղէմ։
Այո՛, Երուսաղէմ մուտքը Քրիստոնէական եկեղեցու գեղեցկագոյն տօներից է, որի միջոցով զգում ենք Քրիստոսի ներկայութիւնը մեր մէջ։ Բնութեան ծաղկազարդումի հետ, մենք էլ Քրիստոսին մեր մէջ ընդունելով կը ծաղկազարդւենք, կը վերանորոգւենք ու մեր կենաքին նոր իմաստ կը տանք։
Ծաղկազարդի դրւագը Սւետարանական պատումներով մեզ յուշում է Քրիստոսի երկրորդ գալստեան պատմութիւնը, որի ակնկալութեամբ ողջ Քրիստոնեայ աշխարհը ապրում է։ Ի՜նչ գեղեցիկ էր տեսարանը Քրիստոսի Երուսաղէմ մուտքի, երբ Աւետարանիչների գրչով մեզ նկարագրել է անմեղ մանուկների եւ հաւատացեալ ժողովրդի «Ովսաննա»ներով դիմաւորումը Նրան։ Երեւի պատմութեան մէջ հազւադէպ երեւոյթ է սա, որ մեզ մղում է մտածելու եւ ըստ այնմ կողմնորոշւելու։
Աղօթենք, սիրելիներ որ Ծաղկազարդի այս օրւայ խորհրդով Տէրը օրհնի մեզ եւ մեր ժողովրդին, ինչպէս նաեւ վերջ դնի մեր շուրջը տիրող պատերազմական վիճակին՝ խաղաղութիւն պարգեւելով բոլորին։ Յիշենք անմեղ մանուկների շրթներից արտասանած բառերը՝․«Օրհնեալ է Թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով խաղաղութիւն երկնքում եւ Փառք բարձրեալին»: Այո՛, մենք իսկապէս խաղաղութեան կարիք ունենք եւ դրա համար պիտի աղօթենք, որպէսզի կարողանանք հանգիստ սրտով դիմաւորել եւ ընդունել մեր Տէրը մեր հոգիներում: Այժմ եւ միշտ եւ յաւիտեան յաւիտենից, Ամէն»։
Կրօնական արարողութեանը ներկայ էին Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ նոյն խորհրդի, Ազգ. Մարմինների եւ Եկեղեցական խորհուդների ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ









