ՀամայնքՆոր Ջուղա

Ծաղկազարդն ու Դռնբացէքը նշւեցին Նոր Ջուղայի եկեղեցիներում

Կիրակի՝ մարտի 29-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցիներում, Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշւեց Քրիստոսի Երուսաղէմ կատարած յաղթական մուտքի յիշատակի տօնը։

«Ս. Ստեփանոս» եկեղեցում պատարագը մատուցեց Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանը։

Պատարագին մասնակցում էին եկեղեցական ու դպրաց դասերը, իսկ ընթացքում շարականների երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախումբը՝ ղեկավարութեամբ մայեստրօ Համիկ Ալեքսանդրեանի։

Օրւայ քարոզը տրւեց Հայր Սուրբի միջոցով։ Նա նշեց, որ այսօր Քրիստոսը ոչ միայն մուտք է գործում Երուսաղէմ, այլ նաեւ մեր սրտերում, եւ մենք պէտք է ամենայն բծախնդրութեամբ ու մեր սրտերը մաքրելով դիմաւորենք երկնաւոր թագաւորին, քանզի Քրիստոսը բնակութիւն է հաստատում միայն մաքուր սրտերում։

Հոգ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանն իր խօսքում ծնողներին յորդորեց, ոչ միայն Ծաղկազարդի տօնին, որը մանուկների տօնն է, այլ բոլոր արարողութիւններին երեխաներին եկեղեցի ուղեկցեն, որպէսզի մատաղ սերունդը եկեղեցու շուրջ հասակ առնի, ապա աղօթելով Աստծուն, խնդրեց՝ կատարեալ խաղաղութիւն պարգեւի երկրին եւ Քրիստոսը մուտք գործի բոլորի սրտերում ու հոգիներում։

Աւարտին ներկաներին բաժանւեցին ձիթենու օրհնւած ճիւղերը, իսկ Հայր Սուրբի գլխաւորութեամբ եկեղեցու բակում տեղի ունեցաւ Ծաղկազարդի աւանդական թափօրը։

Նոյն օրը երեկոյեան, դարձեալ Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս» եւ «Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցիներում տեղի ունեցաւ Դռնբացէքի կարգը։

«Ս. Յովհաննու Կարապետ» եկեղեցու կարգը կատարւեց թեմիս առաջնորդական տեղապահ Հայր Սուրբի նախագահութեամբ եւ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի եւ դպրաց դասի մասնակցութեամբ։

Աւետարանական ընթերցումներին, շարականներին եւ փոխ-ասացութիւններին յաջորդեց փակ վարագոյրի առջեւ երկնային արքայութեան դռների թակելը խորհրդանշող բաժինը, որն աւարտւեց Մեծ Պահքի ժամանակաշրջանում փակ մնացած վարագոյրի բացելով։

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button