ԱտրպատականՀամայնք

Ծաղկազարդի տօնը նշւեց Ատրպատականի հայոց թեմում

«ԱԼԻՔ» – Ատրպատական, ազգային առաջնորդարաից տեղեկացել ենք, որ, երկրում տիրող պատերազմական աննպաստ պայմաններում եկեղեցիների դռները փակ պահած լինելով հանդերձ, օգտւելով Ծաղկազարդի եւ Աւագ շաբաթւայ համեմատաբար աւելի տանելի իրավիճակից, առաջնորդ Սրբազանի արտօնութեամբ եւ Թեմական խորհրդի միջոցով ապահովական նախազգուշութիւնների ձեռնարկով, թեմի եկեղեցիներում տեղի ունեցան Ծաղկազարդի եւ Դռնբացէքի արարողութիւնները։

Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, իսկ Կոմիտաս երգչախումբը ղեկավարեց երաժիշտ Վարդան Վահրամեանը։

Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց եւ քարոզեց Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, իսկ Նարեկացի երգչախումբը ղեկավարեց երգեհոնահար Էլիզաբեթ Սարհադեանը։ Թաւրիզում հաւաքւած հաւատացեալներին հաղորդելով իր պատգամը, առաջնորդ Սրբազանը վեր առաւ աստւածային հեղինակաւոր ուժին ապաւինելու կարեւորութիւնը։ Սուրբ պատարագի աւարտին, երեխաներին ուրախացնելու համար, առաջնորդ Սրբազան Հայրը եկեղեցու մուտքին աղաւնիներ արձակելու աւանդական իր արարքը իրականացրեց։

Պատերազմական վիճակը նկատի ունենալով, Սուրբ Պատարագից եւ շրջափակում երեխաների զւարթագին եւ տօնական ուրախութիւնից յետոյ, տեղի ունեցաւ Դռնբացէքի խորհրդաւոր արարողութիւնը, փոխանակ ըստ աւանդութեան, երեկոյեան 4-ին կատարելու։

Յայտնենք, որ նոյն օրը Ուրմիայում եւ Գեարդաբադ գիւղում եւս տեղի ունեցաւ Դռնբացէքի արարողութիւններ։

Related Articles

Back to top button