
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Մարտի 29-ի երեկոյեան Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Թեհրանի կենտրոն համայնքի շտաբի պատասխանատու Մհեր Անդրէասեանը եւ Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը այցելեցին պատերազմի օրերին վիրաւորւած եւ ապաքինման փուլում գտնւող զոյգեր Սիլւա եւ Նորիկ Խաչատրեաններին, որոնց բնակարանը եւ աւտոմեքենան եւս խիստ վնասւել է։
Հանդիպման ընթացքում պատգամաւորը մանրամասն հետաքրքրւեց տուժած զոյգի ապաքինման ընթացքի եւ խօսւեց վնասից հատուցման փուլերի մասին:
Հայր Սուրբը փոխանցեց Սրբազան հօր օրհնութիւնը եւ կարեւորեց Աստծուն ապաւինելու, վստահելու եւ յուսով ապրելու անհրաժեշտութիւնը:
Ապա Հայր Սուրբը եւ քահանայ հայրը աղօթեցին նրանց ապաքինման համար:
Նշենք, որ նրանք վիրաւորւել էին պատերազմի առաջին իսկ օրերին, երբ աւտոյով գնումների էին դուրս եկել, հէնց իրենց բնակարանին յարակից տարածքում:



