Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ ազգային առաջնորդարանի Զբօսաշրջային գրասենեակի կազմակերպութեամբ, Նոր Ջուղայի հայկական թաղամասը, ինչպէս նաեւ մշակոյթն ու արւեստը զբօսաշրջիկներին առաւել ծանօթացնելու նպատակով, նախագծւել է «Շրջապտոյտ Նոր Ջուղայում» խորագրով զբօսաշրջային փաթեթը:
Այս փաթեթում ներառւել են այցելութիւններ դէպի հայկական թանգարաններ, եկեղեցիներ, հնամեայ կոթողներ ու փողոցներ եւ տեսարժան այլ վայրեր: «Շրջապտոյտ Նոր Ջուղայում» նախագիծն սկիզբ է առնելու թւականիս յուլիսի 11-ից, ամենօրեայ կարգով, առաւօտեան ժամը 9:00-ից:
Նշելի է, որ Թեմական խորհուրդը նկատի է առել յետագային աշխատանքը ընդարձակելով, ծրագրին մասնակից դարձնել նաեւ հայկական միութիւններին եւ թաղամասի փոքր բիզնեսներին:
Մինչեւ նախագծի մեկնարկը, այս փաթեթի մասին իրազեկելու նպատակով՝ յուլիսի 3-ին եւ 4-ին, մասնակցութեամբ Սպահանի զբօսաշրջային գործակալութիւնների եւ զբօսավարների ասոցացիաների տնօրէնների, ինչպէս նաեւ զբօսաշրջութեան բնագաւառում աշխատող գործակալութիւնների ներկայացուցիչների ու անհատների տեղի ունեցան շրջայց-հանդիպումներ, որոնց ընթացքում զբօսավար Արգին Աբնուսեանը փոխանցեց իւրաքանչիւր վայրի մասին համառոտ տեղեկութիւններ։
Յատկանշական է, որ վերոնշեալ շրջայցերի ծիրում, Ս. Ամենափրկիչ վանք կատարած այցելութեան ժամանակ, վանքի «Ծաղկեայ դահլիճ»-ում տեղի ունեցան հանդիպումներ, որտեղ Թեմական խորհրդի անդամ Նարբէ Ջարդն Դաւուդը ողջունեց հիւրերի ներկայութիւնը եւ ընդառաջումը այս ծրագրին, իսկ Առաջնորդարանի Հանրային կապի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը մանրամասն բացատրութիւններ տւեց փաթեթի բովանդակութեան եւ հնարաւորութիւնների, ինչպէս նաեւ նկատի առնւած զեղչային տարբերակների մասին:
Հիւրերը բարձր գնահատելով Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների գործունէութիւնը՝ հնամեայ շինութիւնների եւ գոյքերի պահպանման ուղղութեամբ, իրենց սերտ համագործակցութեան խոստումը տւեցին այս նախաձեռնութեան իրականացման գործում: Հանդիպումներն աւարտւեցին թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. Արք. Քէչէճեանի՝ ներկաներին փոխանցած ողջոյնի եւ գնահատանքի խօսքերով։
Հանրային Կապ
Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարան