
Հինգշաբթի՝ փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 4:00-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը, որից յետոյ «Քրիստոս Փառաց Թագաւոր» տաղի երգեցողութեամբ, Ս. Խորանից իջեցւած Քրիստոսը խորհրդանշող լոյսով վառւեց ատեանում դրւած սեղանի մոմերը եւ քահանայ հայրերը կատարեցին մանուկների տաճար ընծայումը:
Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան աւարտին քարոզեց եւ օրւայ առիթով իր պատգամը փոխանցեց Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը:
Հայր Սուրբն իր քարոզի ընթացքում նշեց, որ Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տէրունի եւ անշարժ տօներից է, որ կը նշւի Քրիստոսի ծնունդից քառասուն օր յետոյ: Նա անդրադառնալով տօնի խորհրդին յայտնեց, որ Տեառնընդառաջի տօնը Տիրոջն ընդառաջ գնալու հրաւէր է բոլորին եւ այս խորհուրդը մեզնից իւրաքանչիւրին սովորեցնում է կեանքի մի նոր ընթացք՝ Տիրոջն երթալու՝ հաւատքով, նւիրումով, սիրով, յոյսով եւ առաքինութեամբ:
Արարողութեան աւարտին եկեղեցիների շրջափակում բոցավառւեց աւանդական խարոյկը եւ խանդավառ մթնոլորտում՝ ներկաների երգ ու պարով շարունակւեց տօնախմբութիւնը:
Արարողութեանը ներկայ էին Թեմական խորհրդի եւ ազգ. մարմինների ներկայացուցիչները, Եկեղեցական խորհուրդների անդամները եւ նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ