Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ս. Պատարագ մատուցեց Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի՝ յուլիսի 14-ին, Թաւրիզի հայոց Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց եւ իր պատգամը տւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը: Խորանի վրայ Սրբազան Հօրը սպասարկում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Վարդան աւագ սրկ. Տէր Մարտիրոսեանը, Սեւան սրկ. Ենովքեանը եւ օգնականներ, իսկ քառաձայն երգեցողութիւնը կատարում էր «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:
Յայտնենք, որ Սրբազանը Հայրը անցնող երեք ամսիների ընթացքում Միացեալ Նահանգներում էր գտնւում ֆիզիկական առողջութեան հետեւելու համար, եւ բարեյաջող քննութիւններից յետոյ այժմ վերադարձել էր իր թեմը: Սրբազան Հօրը դիմաւորողների շարքում էին Թեմական խորհրդի անդամները, գլխաւորութեամբ ատենապետ Գագիկ Ջորջեանի, Պատգամաւորական ժողովի անդամները, գլխաւորութեամբ ատենապետուհի Արմինէ Վահրամեանի, դպրոցի տեսչուհի Սիլւա Աշըղեանը, Եկեղեցիների խնամակալ մարմնի անդամուհիները, գլխաւորութեամբ Էմմա Յարութիւնեանի, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան ատենապետ Նժդիկ Աբրահամեանը, Վանքերի յանձնախմբի պատասխանատու Գագիկ Յարութիւնեանը եւ այլ բոլոր միութիւնների պատասխանատու անդամները:
Ս. Պատարագին ներկայ գտնւեցին մեծ թւով թաւրիզահայեր, որոնք երեք ամիսների ընթացքին կարօտի զգացմամբ ողջունեցին Սրբազան Հօրը: Եկեղեցական արարողութեանը յարգանքի այցով ներկայ գտնւեց Փոքրամասնութիւնների պատասխանատու Մուսաւին, օդանաւակայանում պետական բարձրաստիճան հիւրերի հետ ներկայ գտնւելուց բացի, եկեղեցում եւս բարեմաղթութիւններ հաղորդելով Սրբազան Հօրը:
Քարոզի պահին, առաջնորդ Սրբազան Հայրը առաջին հերթին իր հայրական սէրը հաղորդեց բոլոր հաւատացեալներին, որոնք իրենց աղօթքով զօրավիգ էին կանգնել անցած երեք ամիսների ընթացքում իրեն մատուցւած բժշկական խնամքին: Սրբազան Հայրը յատուկ շնորհակալութիւն յայտնեց նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան, եւ յատկապէս Ատրպատականի պետական բոլոր կառոյցներին, որոնք Թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին, օդանաւակայանի ընդհ. տնօրէնութեան առաջնորդութեամբ դիմաւորել էին իրեն Թաւրիզի միջազգային օդանաւակայանում ծաղկեփնջերով, եւ պաշտօնական ընդունելութեամբ յարգել հայոց առաջնորդի վերադարձը իր առաջնորդական նստավայրը, զարմացնելով հարիւրաւոր ճամբորդների եւ օդանաւակայանի սովորական պաշտօնէութեանը:
Սրբազան Հայրը օրւայ աւետարանական հատւածից վերցնելով մի բնաբան, ցոյց տւեց, թէ իննսունիննը ոչխարներից մէկն էլ որ անյայտանայ, դա մեծ մտահոգութիւն է իսկական՝ բարի հովւի համար: Ուստի, Սրբազան Հայրը ասաց, որ թեմից իր ստիպողական բացակայութեան օրերին նոյնիսկ, իր աղօթքը չդադարեցրեց նոյնիսկ մեր ժողովրդի այն զաւակների նկատմամբ, ովքեր հեռու են մեր եկեղեցական ու ազգային կեանքից: Նա քաջառողջութիւն մաղթեց նրանց, ովքեր հեռու են աղօթական առօրեայից, խնդրելով Աստծուց, որ նրանց եւս արթնացնի հոգեպէս եւ հոգեւոր շնչով ազգային կեանքի մղի:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Խնամակալ մարմնի աջակցութեամբ հիւրասիրւեց հաւատացեալ ժողովուրդը, քաջառողջութիւն մաղթելով առաջնորդ Սրբազան Հօրը: Նշենք, որ Սրբազան Հօրը ընկերակցել եւ այժմ Թաւրիզի էր վերադարձել նաեւ տիրամայր Շուշանը. նա էլ ժողովրդի սիրոյն եւ յարգանքին արժանացաւ: