ԹեհրանՀամայնք

«ԱՐԱՐԱՏԻՑ ԱՐԱՐԱՏ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԸ՝ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Օրհնւեց Իրանի 57-րդ Համահայկական խաղերի ջահը. Խաղերի ջահակիրն է աւտոմրցոյթի բազմակի չեմպիոն Արամ Մարտիրոսեանը

«ԱԼԻՔ» – Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Համահայկական 57-րդ խաղերի ջահի օրհնութեան արարողակարգը տեղի ունեցաւ շաբաթ, օգոստոսի 22-ին՝ մարզաւանի Սուրբ Խաչ մատուռի շրջափակում։

Կրակը օրհնեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը։ Այնուհետեւ ջահակիր Արամ Մարտիրոսեանը կրակը փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանին, որն այս շրջանի Համահայկական խաղերի նախագահ, վետերան ֆուտբոլիստ Արթին Մինասեանի ընկերակցութեամբ այն տեղափոխեց Սուրբ Խաչ մատուռ։ Կրակն այնտեղ կը պահւի մինչեւ խաղերի պաշտօնական բացումը։

Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը կազմակերպիչներին փոխանցեց Սրբազան Հօր պատգամն ու ողջոյնները՝ նշելով, որ «Արարատ»-ի նման նախաձեռնութիւնները ամրացնում են մատաղ սերնդի հայկականութեան զգացումը եւ խորացնում հայրենիքի նկատմամբ սէրն ու նւիրումը։ Նա ընդգծեց, որ հայ մարդուն իր Արարատից կտրելու փորձերի պայմաններում նման նախաձեռնութիւնները խորհրդանշում են այդ կապի ամրապնդումը՝ Արարատը արմատաւորելով մատաղ սերնդի հոգում։

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանն էլ նշեց, որ «Արարատ»-ը շարունակելու է սատարել երիտասարդներին եւ ծառայել հայկական մշակոյթի, ինքնութեան ու արժէքների պահպանմանը՝ այս տարւայ Համահայկական խաղերի «Արարատից Արարատ» նշանաբանին հաղորդելով նաեւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի առաքելութեան խորհուրդը։

Այս տարւայ գլխաւոր ջահակիրն է Իրանի աւտոմրցոյթների բազմակի չեմպիոն Արամ Մարտիրոսեանը, որը նաեւ միջազգային մակարդակով գործունէութիւն է ծաւալում աւտոսպորտի ոլորտում։ Նրան ջահակրութեան ընթացքում ընկերակցում են Իրանի աւտոմրցոյթների առաջատար մարզիկներ՝ Միշէլ Տէր-Գէորգեանը եւ Բեռնարդ Էյւազին։

Ջահակիրների երեք հոգանոց խումբը միջոցառմանը ներկայացել էր իրենց մրցութային եւ դասական աւտոմեքենաներով։

Խաղերի պաշտօնական բացումը նախատեսւած է սեպտեմբերի 9-ին։ Մրցումները կը տեւեն շուրջ 9 օր։ Մասնակցութեան հրաւէրներ են ուղարկւել նաեւ Հայաստանից մարզական խմբերին, սակայն նրանց մասնակցութեան վերաբերեալ դեռեւս յստակ տեղեկութիւններ չկան։

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Related Articles

Back to top button