Թուլացնել Սփիւռքը նշանակում է թուլացնել Հայաստանը

Հայաստանի խորհրդարանի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան (Նիկոլ Փաշինեանի քաղաքական ուժի) պատգամաւոր Արման Եղոյեանը հարցրել է, թէ ովքեր են Արամ Համբարեանը (Վաշինգտոնի Հայ Դատի գրասենեակի տնօրէնը), Գասպար Կարապետեանը (Բրիւսէլի Հայ Դատի գրասենեակի տնօրէնը) ու Մուրադ Փափազեանը (CCAF-ի համանախագահ եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ), եւ թէ քանի հոգու անունից են նրանք խօսում։
Իր ելոյթի ընթացքում վերոնշեալ պատգամաւորը յատկապէս փորձել է արժէզրկել Սփիւռքը, թերագնահատել դրա օգտակարութիւնը եւ վերջում պաշտպանել այն անհեթեթ թէզը, թէ աւելի ուժեղ Սփիւռքը նշանակում է աւելի թոյլ Հայաստան։ Մեր անձնական գործօնն այստեղ հիմնական խնդիրը չէ։ Իրական խնդիրը հայ ազգի, նրա պատմութեան եւ ապագայի վերաբերեալ նրանց պատկերացումն է։ Մենք երբեք չենք յաւակնել խօսել բոլոր հայերի անունից։
Մենք խօսում ենք մեր համոզմունքների, մեզ վստահւած պատասխանատւութեան եւ Հայաստանի, Արցախի ու Հայ Դատի ծառայութեանը նւիրւած տասնամեակների հանրային գործունէութեան անունից։ Լեգիտիմութիւնը չի սահմանափակւում միայն ընտրական մանդատով. այն բխում է նաեւ ծառայութիւնից, հետեւողականութիւնից, համախմբելու կարողութիւնից եւ ձեռք բերւած արդիւնքներից։ Կառավարութիւնը ժամանակաւոր է, պետութիւնը՝ մնայուն։ Իսկ հայ ազգը դրանից էլ աւելի ընդգրկուն է։
ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԷԿ ԴԱՐ
Ժամանակակից հայկական Սփիւռքը չի ծնւել յարմարաւէտութեան ընտրութիւնից։ Այն մեծապէս Ցեղասպանութեան, աքսորի, տեղահանութիւնների եւ Օսմանեան կայսրութեան հայկական համայնքների ոչնչացման հետեւանք է։ 1915 թւականից յետոյ իրենց հողից, ունեցւածքից եւ յաճախ նաեւ ընտանիքներից զրկւած վերապրածները հաւաքական կեանք վերակերտեցին Լիբանանում, Սիրիայում, Ֆրանսիայում, Միացեալ Նահանգներում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգւայում, Յունաստանում, Կիպրոսում, Իրանում, Եգիպտոսում, Աւստրալիայում եւ տասնեակ այլ երկրներում։ Նրանք կառուցեցին եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, երիտասարդական տներ. հիմնեցին թերթեր, սոցիալական եւ բարեգործական կառոյցներ։ Նրանք փոխանցեցին հայոց լեզուն՝ յատկապէս այսօր վտանգւած արեւմտահայերէնը, մեր հաւատքը, մշակոյթը, յիշողութիւնը եւ նոյն ազգին պատկանելու գիտակցութիւնը։ Հայ Առաքելական, Հայ Կաթողիկէ եւ Հայ Աւետարանական եկեղեցիները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, Հայկական Բարեգործական ընդհանուր միութիւնը, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Համազգայինը, ՀՄԸՄ-ն, Հայ Կապոյտ Խաչն ու Հայ Օգնութեան Միութիւնը, ինչպէս նաեւ հազարաւոր կրթական, մշակութային, մարզական եւ բարեգործական կազմակերպութիւններ թոյլ չտւեցին, որ աշխարհասփիւռ վիճակը վերածւի անհետացման։ Այս կառոյցները կատարեալ չեն։ Ոչ մի մարդկային հաստատութիւն կատարեալ չէ։ Սակայն ժխտել դրանց պատմական դերը՝ նշանակում է ջնջել մշակութային եւ ազգային դիմադրութեան մի ամբողջ դար։ Առանց դրանց՝ Սփիւռքի մեծ մասը կը լուծւէր ձուլման մէջ։ Առանց դրանց՝ վերապրածների միլիոնաւոր ժառանգներ չէին պահպանի ո՛չ լեզուն, ո՛չ յիշողութիւնը, ո՛չ էլ կենդանի կապը Հայաստանի հետ։
ՀԱՅՈՒԹԵԱՆ ՈՉ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ
Խորհրդային տարիներին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը չունէր ինքնիշխան դիւանագիտութիւն, որը կարող էր ազատօրէն պաշտպանել հայ ժողովրդի ազգային իրաւունքները։ Այս պայմաններում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն ու Հայ Դատի յանձնախմբերի համաշխարհային ցանցը ստանձնեցին ոչ պաշտօնական իրական դիւանագիտութեան դերը։ Վաշինգտոնում, Փարիզում, Բրիւսէլում, Օտտաւայում, Լոնդոնում, Բուէնոս Այրեսում, Բէյրութում, Թեհրանում եւ բազմաթիւ այլ մայրաքաղաքներում դրանք միջազգային հանրային ու քաղաքական օրակարգում պահեցին Հայոց Ցեղասպանութեան յիշողութիւնը, հայ ժողովրդի իրաւունքներն ու հէնց Հայաստանի գոյութեան հարցը։ 1991 թւականի անկախութեան հռչակումից յետոյ այս աշխատանքը չդադարեց. այն ծառայեց Հայաստանի Հանրապետութեանը, դրա անվտանգութեանը, զարգացմանն ու միջազգային հեղինակութեանը։ Սփիւռքը համախմբւեց 1988 թւականի երկրաշարժից յետոյ, շրջափակման տարիներին, պատերազմական ծանր շրջանում՝ յանուն Արցախի պաշտպանութեան, փախստականների աջակցութեան, մարդասիրական ծրագրերի ֆինանսաւորման, ներդրումների ներգրաւման եւ Հայաստանի ներկայացուցիչների առջեւ օտարերկրեայ քաղաքական հաստատութիւնների դռները բացելու։ Հայաստանի որեւէ կառավարութեան քաղաքականութեանը ընդդիմանալը երբեք չի նշանակել ընդդիմանալ հայկական պետութեանը։ Երբեմն հէնց կառավարութեան դէմ հանդէս գալն է պետութեանը երկարաժամկէտ ծառայելու լաւագոյն ձեւը։
ԱՆՎԻՃԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐ
Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ինքնստինքյան չի տրւել. այն վերապրածների, նրանց ժառանգների, պատմաբանների, եկեղեցիների եւ Սփիւռքի կազմակերպութիւնների տասնամեակների աշխատանքի արդիւնքն է, որոնց շարքում վճռորոշ դեր են ունեցել Հայ Դատի յանձնախմբերը։ 2026 թւականի դրութեամբ առկայ միջազգային տւեալների համաձայն՝ Հայաստանից բացի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը տարբեր իրաւական ձեւերով՝ օրէնքով, խորհրդարանական բանաձեւով կամ կառավարութեան որոշմամբ, արձանագրւել է երեսուներեք պետութեան կողմից՝ Արգենտինա, Աւստրիա, Բելգիա, Բոլիւիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Յունաստան, Իսրայէլ, Իտալիա, Լատւիա, Լիբանան, Լիտւա, Լիւքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Պարագւայ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սլովակիա, Շւեդիա, Շւէյցարիա, Սիրիա, Սուրբ Աթոռ, Վենեզուէլլա, Միացեալ Նահանգներ եւ Ուրուգւայ։
Միջազգային մակարդակում պաշտօնական փաստաթղթեր, զեկոյցներ կամ յայտարարութիւններ են ընդունւել, մասնաւորապէս, Եւրոպական խորհրդարանի, ՄԱԿ-ի Խտրականութեան կանխարգելման եւ փոքրամասնութիւնների պաշտպանութեան ենթայանձնաժողովի, ՄԱԿ-ի Պատերազմական յանցագործութիւնների յանձնաժողովի, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի, Մերկոսուրի խորհրդարանի, Ժողովուրդների մշտական տրիբունալի եւ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցութեան կողմից։ Դրանց գումարւում են Անցումային արդարադատութեան միջազգային կենտրոնի, Էլի Վիզէլի հիմնադրամի, Մարդու իրաւունքների լիգայի, Ամերիկեան հրէական համայնքների միութեան, Թուրքիայի Մարդու իրաւունքների ասոցիացիայի, վտարանդի Քրդստանի խորհրդարանի եւ միջազգային այլ գիտական ու բարոյական հեղինակաւոր կառոյցների աշխատանքները։ Ահա թէ ինչ է տալիս կազմակերպւած Սփիւռքը․ այն ջնջման վտանգի տակ գտնւող յիշողութիւնը վերածում է միջազգայնօրէն ճանաչւած ճշմարտութեան։
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ԵՒՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ
Մենք պայքարել ենք նաեւ Եւրամիութեանը Թուրքիայի անդամակցութեան դէմ այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան շարունակում էր Հայոց Ցեղասպանութեան ժխտումը, Հայաստանի շրջափակումը, Կիպրոսի օկուպացիան եւ եւրոպական նախագծի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների խախտումը։ Այդ պայքարն ուղղւած չէր թուրք ժողովրդի դէմ. այն պաշտպանում էր Եւրոպայի արժանահաւատութիւնը եւ ճշմարտութեան, արդարութեան, ժողովրդավարութեան ու ժողովուրդների նկատմամբ յարգանքի արժէքները։
2005 թւականին հէնց Եւրոպական խորհրդարանը սահմանեց, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը պէտք է նախապայման լինի Թուրքիայի անդամակցութեան համար։ Այդ դիրքորոշումը երբեք չէր ընդունւի առանց Եւրոպայի հայկական կազմակերպութիւնների տարիների հետեւողական աշխատանքի։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆԸ
Ֆրանսիայում մեր երկու երկրները միաւորող բացառիկ կապերը սոսկ դիւանագիտական յայտարարութիւնների արդիւնք չեն։ Դրանք տասնամեակներ շարունակ կառուցւել են հայկական համայնքի, դրա կառոյցների եւ ակտիւիստների կողմից՝ բոլոր քաղաքական ուղղութիւնների ֆրանսիացի պատասխանատուների հետ համագործակցութեամբ։
2001 թւականի յունւարի 29-ի՝ Հայոց Ցեղասպանութիւնը հրապարակայնօրէն ճանաչող ֆրանսիական օրէնքը, Հայաստանի եւ Արցախի օգտին ընդունւած խորհրդարանական բանաձեւերը, քոյր քաղաքների կապերը, ապակենտրոնացւած համագործակցութիւնը, ապրիլի 24-ը որպէս Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր Ֆրանսիայի Հանրապետութեան պաշտօնական օրացոյցում ամրագրելն ու ֆրանսիացի ընտրւած պաշտօնեաների մշտական համախմբումն այդ աշխատանքի արդիւնքն են։
Ես իմ բաժինն եմ ունեցել այս պայքարում՝ յաճախ լինելով առաջին գծում։ Շատերի հետ միասին նպաստել եմ, որ ֆրանս-հայկական բարեկամութիւնը դառնայ քաղաքական եւ ռազմավարական իրականութիւն։ Մենք դռներ ենք բացել Փարիզում, Ազգային ժողովում, Սենատում, Եւրոպական խորհրդարանում եւ Ֆրանսիայի Հանրապետութեան տարբեր նախագահների աշխատակազմերում։ Բայց պէտք է արժանին մատուցել տասնամեակների ընթացքում գործած հազարաւոր ակտիւիստների աշխատանքին. սա անձնական յաջողութիւն չէ։
ԻՄ ԱՐՏԱՔՍՈՒՄՆ ՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ
Հէնց այն պատճառով, որ մասնակցել եմ այս պայքարին եւ հրաժարւել եմ լռել՝ դատապարտելով Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութիւնը, 2022 թւականի յուլիսի 13-ի լոյս 14-ի գիշերը Հայաստանի իշխանութիւններն արգելեցին ինձ մուտք գործել իմ իսկ Հայրենիք եւ արտաքսեցին «Զւարթնոց» օդանաւակայանից։ Որպէս պատրւակ ներկայացվեց իմ ենթադրեալ մասնակցութիւնը 2021 թւականի յունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինեանի դէմ կազմակերպւած ցոյցին։
Դատական գործընթացի ընթացքում Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութիւնը դատարանում նոյնիսկ չներկայացրեց այդ պատրւակը. իմ նկատմամբ կիրառւած միջոցը հիմնաւորող որեւէ փաստարկ արդարադատութեանը չցուցադրւեց։ 18 ամիս տեւած դատական պայքարից յետոյ՝ 2024 թւականի յունւարին, Երեւանի վարչական դատարանը վճիռ կայացրեց իմ օգտին եւ պարտաւորեցրեց հանել ինձ անցանկալի օտարերկրացիների ցուցակից։ Այս յաղթանակը ցոյց տւեց, որ որեւէ կառավարութիւն չի կարող կամայականօրէն որոշել, թէ իր իշխանութեանը անյարմարութիւն պատճառող ակտիւ հայը կարող է անցանկալի համարւել իր Հայրենիքում։
ԱԶԱՏ ՍՓԻՒՌՔԸ ԵՐԲԵՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՅԱՒԵԼՒԱԾԸ ՉԻ ԼԻՆԻ
Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնն այսօր փորձում է շրջանցել Սփիւռքի պատմական կառոյցները եւ դրանք փոխարինել իր իսկ ընտրած զրուցակիցներով ու «յանձնակատարներով»։ Հայաստանի պետութիւնն, իհարկէ, իրաւունք ունի կազմակերպելու Սփիւռքի հետ իր յարաբերութիւնները, սակայն այն իրաւունք չունի որոշելու, թէ ովքեր են ներկայացնում ժողովրդավարական երկրներում ապրող ազատ քաղաքացիներին։
Սփիւռքը ո՛չ Նիկոլ Փաշինեանի ընտրատարածքն է, ո՛չ էլ Երեւանի կառավարութեան վարչական յաւելւածը։ Սփիւռքի հետ չեն երկխօսում՝ ընտրելով միայն իշխանութեանը հաւանութիւն տւողներին եւ դուրս մղելով իրեն քննադատողներին. դա երկխօսութիւն չի կոչւում, դա ենթարկեցնելու փորձ է։ Այդ փորձը ձախողւելու է։ Սփիւռքի խոշոր հաստատութիւնները գոյութիւն են ունեցել ներկայիս կառավարութիւնից առաջ եւ կը շարունակեն գոյութիւն ունենալ դրանից յետոյ։ Դրանց լեգիտիմութիւնը բխում է իրենց պատմութիւնից, անդամներից եւ գործունէութիւնից, այլ ոչ թէ որեւէ նախարարական կաբինետի հաւանութիւնից։
ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՒ ԲԱՔՒԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԵՏ
Իլհամ Ալիեւը հրապարակայնօրէն համաշխարհային «հայկական լաբբին» անւանել է Ադրբեջանի թիւ մէկ թշնամի։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին Ֆրանսիայի եւ Միացեալ Նահանգների հայկական Սփիւռքին մեղադրել է յարաբերութիւնների կարգաւորման իր պատկերացումներին խոչընդոտելու մէջ՝ Հայաստանի կառավարութեանը կոչ անելով չէզոքացնել դրանց ազդեցութիւնը։
Երբ Հայաստանի իշխանութիւնները յարձակւում են Սփիւռքի պատմական կազմակերպութիւնների վրայ, փորձում ապալեգիտիմացնել Հայ Դատի գործիչներին եւ բազմակարծութիւնը փոխարինել հնազանդութեամբ, դրանք օբիեկտիւօրէն իրականացնում են այն, ինչ Անկարան ու Բաքուն տասնամեակներ շարունակ ցանկացել են։ Այս համընկնումն արձանագրելու համար գաղտնի հրահանգների շղթայ պատկերացնելու կարիք չկայ. քաղաքական արդիւնքը մեր աչքի առջեւ է. Ցեղասպանութեան յիշողութիւնը, Արցախի իրաւունքներն ու Հայաստանի շահերը պաշտպանող կառոյցները թուլացնելու փորձն ուղղակիօրէն ծառայում է Էրդողանի եւ Ալիեւի ռազմավարութիւններին։
Պանթուրքական նախագիծը չի վախենում լուռ, բաժանւած եւ անկազմակերպ Սփիւռքից. այն վախենում է գիտակից, կազմակերպված, ազդեցիկ եւ խոշոր ժողովրդավարական երկրներում գործելու ունակ Սփիւռքից։
ՈՒԺԵՂ ՍՓԻՒՌՔ ՉԻ ԿԱՌՈՒՑՒՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՐԿԵԼՈՎ
Փաշինեանի վարչախմբի տրամաբանութիւնը հիմնւած է սկզբունքային սխալի վրայ. այն շփոթում է ժողովրդագրական ուժը քաղաքական ուժի հետ։ Սփիւռքը չի ուժեղանում միայն այն պատճառով, որ հայեր են հեռանում Հայաստանից. այն ուժեղանում է, երբ կազմակերպում է արդէն գոյութիւն ունեցող համայնքները, լեզուն փոխանցում նոր սերունդներին, պատրաստում քաղաքական գործիչներ, գիտնականներ, լրագրողներ, իրաւաբաններ ու ձեռնարկատէրեր, ստեղծում փորձագիտական ցանցեր եւ համախմբում իր տնտեսական ու դիւանագիտական ներուժը։ Այս գործողութիւններից ոչ մէկը Հայաստանից չի հեռացնում թէկուզ մեկ բնակչի։
Մենք կարող ենք միաժամանակ ցանկանալ, որ աւելի շատ հայեր ապրեն Հայաստանում, որ աւելի շատ հայրենադարձութիւն լինի, եւ որ Սփիւռքն աւելի կազմակերպւած ու ազդեցիկ դառնայ։ Այս նպատակները հակասական չեն. դրանք փոխլրացնող են։ Հայաստանն ու Սփիւռքը երկու հաղորդակից անօթներ չեն, որոնցից մէկը պէտք է դատարկւի, որպէսզի միւսը լցւի. դրանք նոյն ազգի երկու չափումներն են։
Հայաստանն իր քաղաքացիների ինքնիշխան պետութիւնն է, բայց այն նաեւ ամբողջ հայ ազգի հայրենիքն է։
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱՅ Ո՛Չ ԱՐՑԱԽԸ, Ո՛Չ ԲԱՔՒԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ
Այս ազգը երբեք չի մոռանայ Արցախը, 2023 թւականին բռնի տեղահանւած 120000 հայերին, սեփական հողի վրայ անվտանգ ապրելու նրանց իրաւունքն, ինչպէս նաեւ այսօր վտանգւած հայկական մշակութային ու կրօնական ժառանգութիւնը։ Այն չի մոռանայ նաեւ Արցախի նախկին ղեկավարներին, զինւորականներին, քաղաքացիական անձանց եւ միւս հայ գերիներին, որոնք դեռ պատանդառւում են Բաքւի բանտերում։
Նրանց անյապաղ եւ անվերապահ ազատ արձակումը պէտք է լինի Ադրբեջանի հետ ցանկացած քննարկման կենտրոնական, հրապարակային ու անսակարկելի պահանջը։ Անընդունելի է, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնն այս հարցը բանակցութիւնների կենտրոնում չի դնում. գերիներին լքելու, Արցախը ջնջելու եւ Սփիւռքին լռեցնելու վրայ կառուցւած խաղաղութիւնը ո՛չ արդար կը լինի, ո՛չ էլ կայուն։
ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ՈՒ ԳՆՈՒՄ, ԱԶԳԸ ՄՆՈՒՄ Է
Պարոն Եղոյեան, Ձեր եւ Ձեր գործընկերների մանդատը ժամանակաւոր է, հայ ազգը՝ մնայուն։ Դուք հարցնում էք՝ ո՞վ է Մուրադ Փափազեանը։
Ես միլիոնաւոր հայերից մէկն եմ՝ մի պատմութեան ժառանգորդ, որը ոչ ոք չի կարող վերացնել, եւ ծառայում եմ մի հայրենիքի, որը ոչ ոք չի կարող ինձանից խլել։
Ես Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնից թոյլտւութիւն չեմ խնդրում հայ լինելու համար, եւ առաւել եւս թոյլտւութիւն չեմ խնդրում պաշտպանելու Հայաստանը, Արցախը, Բաքւի բանտերում պահւող հայերին կամ Հայոց Ցեղասպանութեան պատմական ճշմարտութիւնը։ Մենք շարունակելու ենք պայքարել Հայաստանի Հանրապետութեան անկախութեան, ինքնիշխանութեան եւ անվտանգութեան համար։ Մենք շարունակելու ենք պաշտպանել հայութեանը, նրա ժառանգութիւնն ու շահերը բոլոր այն երկրներում, որտեղ ներկայ ենք։
Ուժեղ Սփիւռքը սպառնալիք չէ Հայաստանի համար. այն ռազմավարական խորութիւն է, անփոխարինելի դիւանագիտական, մշակութային, տնտեսական եւ քաղաքական ուժ։ Թուլացնել Սփիւռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. դրանց միմեանց դէմ հանել՝ նշանակում է ծառայել նրանց ծրագրին, ովքեր ցանկանում են լռեցնել հայ ազգը։ Այդ ծրագրին մենք հակադրելու ենք մեր յիշողութիւնը, մեր միասնութիւնն ու մեր վճռականութիւնը։
Կառավարութիւնները գալիս են ու գնում, Հայաստանն ու հայ ազգը մնում են։
ՄՈՒՐԱԴ ՓԱՓԱԶԵԱՆ
ՀՅԴ Բիւրոյի անդամ



