ԹեհրանՀամայնք

Հ.Մ.Ա.Կ.-ի 2024 թւականի Սկաուտական միութեան երդման արարողութիւնը նւիրւած՝ Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակին

«Բարձրացիր, բարձրացրու» նշանաբանով Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտները երդւեցին հաւատարիմ մնալ Աստծուն, Հայրենիքին ու ընտանիքին:

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, բազմամարդ էր «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահը, որտեղ իրականացաւ կազմակերպութեան Սկաուտական միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած երդման արարողութիւնը, որը նւիրւած էր կազմակերպութեան հիմնադրման ու գործունէութեան 80-ամեակին:

Սկաուտական դրօշակագարդի միջոցով դահլիճ բերւեցին կազմակերպութեան եւ սկաուտական հատւածների դրօշակները, որից յետոյ կրտսեր հատւածի սկաուտներից բաղկացած երգչախումբը խմբաբարութեամբ Մեղեդի Նազարեանի հնչեցրեց կազմակերպութեան հիմնօրհնէքը եւ դրօշակների ծածանումով մեկնարկեց ծրագիրը:

Բացման խօսքով հանդէս եկած սկաուտ Թալին Աղեշը ողջունելով ներկաներին ընդգծեց, որ ընթացիկ տարում Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը կորցրեց իր երկու սկաուտապերեր՝ Հրաչ Զարիֆեանին եւ Սերժ Ասլանեանին եւ հրաւիրեց ներկաներին մէկ րոպէ ոտնկայս լռութեամբ յարգեն նրանց վառ յիշատակը:

Գեղարւեստական յայտագիրը իրականացրին հէնց սկաուտները: Կազմակերպւել էր թատերական ներկայացում, որի ընթացքում սկաուտները ներկայացրեցին սկաուտ լինելու իւրայատկութիւնները: Ներկայացումը իրականացրին՝ Մոնթէ Զոհրաբեանը, Աննամարիա Եղիայեանը, Մոնթէ Քիայեանը, Բրայան Շախմալեանը, Էմիլիա Ադամեանը, Մայա Ալեքսանեանը, Արամէ Միրզայեանը եւ Էլիաննա Տարասեանը, ղեկավարութեամբ Սարբէ Օհանեանի:

Միջոցառման հաղորդավարներն էին արի՝ Միրօ Մկրտչեանը եւ արենուշ Ալին Պօղոսեանը:

Սկաուտների միջոցով իրականացնող գեղարւեստական յայտագրի յաջորդ բաժնում նւագախումբը ելոյթ ունեցաւ նւագների կատարմամբ: Նւագախմբի անդամներն էին արիներ՝ Մաթիօ Աւագեանը, Վարանդ Յովսէփեանը, եւ ոչ շարքային սկաուտներ՝ Ադրիան Քալանթար Մուրադեանը եւ Լէօ Աղաջանեանը:

Միջոցառման ասմունքները իրականացրին արենուշներ՝ Լիոնա Ռաթէոսեանը եւ Մանէ Խոդաբաշխեանը: Գիտառի կատարմամբ հանդէս եկաւ արենուշ Էլիաննա Տարասեանը, քանոնի կատարմամբ՝ արենուշ Փարելի Թահմազեանը, իսկ դաշնամուրով ելոյթ ունեցաւ արի՝ Ռենէ Խանին:

Երդման արարողութեան ընթացքում սկաուտները ոչ միայն հանդիսատեսին ի ցոյց դրեցին իրենց գեղարւեստական կատարումները, այլ հանդէս եկան ֆիզիկական ցոյցերով, որոնք գնահատւեցին ներկաներին կողմից:

Ծրագրի ընթացքում ներկաների դատին յանձնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան անցած ուղին, կազմակերպւած բանակումները եւ կատարւած բոլոր աշխատանքները տեսաֆիլմի ու լուսանկարների միջոցով: Ծրագրի ընթացքում սկաուտները մարզասրահ բերեցին միութեան յաւերժութեան ծառը, որը խորհրդանշում է սերունդների յաջորդականութիւնը եւ հրաւիրւեցին քաւորները, որոնցից իւրաքանչիւրը մի կրտսեր սկաուտի հետ միասին լրացրեցին «Յաւերժութեան» ծառը:

Ապա Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամ Նայիրի Յարութիւնեանը յայտարարեց, որ Սկաուտական միութեան առաջարկով եւ Կենտրոնական վարչութեան հաստատումով խմբապետի աստիճանի արժանանում Դերխմբապետ՝ Էմին Միրզախանեանը:

Երդման արարողութեանը իրենց մասնակցութիւնն էին բերել Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչներ, միութեան սկաուտապետը եւ 20 սկաուտներ եւ կատարւեց յուշանւէրների փոխանակում, յուշանւէր յանձնեց Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի ներկայացուցչին:

Ապա դահլիճ մուտք գործեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան բոլոր հատւածների սկաուտները եւ կատարւեց երդման արարողութիւնը: Ծրագրին ելոյթով հանդէս եկաւ Սկաուտական միութեան ղեկավար կազմի նախագահ Գայիանէ Դաւթեանը ընդգծելով սկաուտների անժխտելի դերը միասնական ոգու կերտման գործում եւ նշեց, որ այսօր սկաուտը դիմագրաւելով հայ ժողովրդի դիմաց ծառացած ժամանակի մարտահրաւէրներն ու բարդութիւնները շարունակում է իր երթը եւ կրթւում են հայրենասէր սկաուտներ, որոնք պիտի դառնան մեր ժողովրդի եւ համայնքի սիւնները:

Արարողութեանը հրաւիրւեց Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը փոխանցելու Թ. Հ. Թ. Առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օրհութեան խօսքը: Տէր Հայրը իր քաջալերանքի խօսքը փոխանցեց սկաուտներին:

Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը:

Իր ելոյթի ընթացքում, նա ողջունեց ներկաներին, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան, սկաուտապետի եւ սկաուտների ներկայութիւնը եւ գնահատեց Ուրմիայի մասնաճիւղի ներկայացուցչի ներկայութիւնը նշելով, որ նրանք մտադիր են վերսկսել սկաուտական աշխատանքները Ուրմիայում: Սոֆի Ջաղարբէգեանը ընդգծեց. «Սկաուտական շարքերում մեր երիտասարդներն ու պատանիները զարգանում են մտայնապէս ու ֆիզիկապէս: Նրանք սերտում են հաւաքական կեանքի եւ հաւաքական աշխատանքի կարեւորութիւններն ու կանոնները: Սկաուտական աշխատանքները կրթում ու դաստիարակում են անհատին եւ բազմակողմանի դաստիարակութեան շնորհիւ կոփւում է նրանց միտքն ու հոգին»: Նա ընդգծեց. «Մենք հպարտ ենք ու երախտապարտ որ 80 տարիներ շարունակ իրանահայ ընտանիքները իրենց սիրասուն զաւակների դաստիարակութեան գործի մի կարեւոր մասը յանձնարարել ու վստահել են «Արարատ»-ին եւ «Արարատ»-ը արժանապատւօրէն իր կարեւոր դերն է ունեցել սերունդների դաստիարակման գործում»:

Երդման արարողութեանը գնահատագրեր յանձնւեցին Հ.Մ.Ա.Կ.-ի մի շարք վաստակաւոր անձանց:

Արարողութեանը ներկայ էին՝ «ԱԼԻՔ» հաստատութեան, ազգային իշխանութեան եւ մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ քոյր միութիւնների սկաուտական կազմեր:

Յատկանշական է, որ նախասրահում կազմակերպւել էր ցուցահանդէս, որը ներկայացնում էր Սկաուտական միութեան անցած ուղին:

 

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button