ՀՅԴ Մամուլ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական գալիքը չի՞ ուշանալու

Արցախեան պայքարի եւ Հայաստանի անկախացման գործընթացի ճանապարհով Հայաստանում իշխանութեան եկած ուժի հակախորհրդային տրամադրութիւնները սահուն կերպով վերափոխւեցին հակառուսական կողմնորոշման։ Շատ շուտ պարզ դարձաւ, որ Ռուսաստանին հեռու վանելու եւ դէպի արեւմուտք շրջադարձի ճանապարհը պէտք է անցնի Ադրբեջանի եւ, յատկապէս, Թուրքիայի հետ եղբայրութեան մայրուղով։ Պատահական չէր, որ անկախ պետութեան առաջին ղեկավար Լեւոն Տէր-Պետրոսեանը վերածւեց իր իսկ գլխաւորած շարժման նպատակների հակառակորդի, պատերազմին հակադրեց խաղաղութեան գաղափարը եւ յայտարարեց, թէ խաղաղութեան պէտք է հասնել ամէն գնով։ Իր հերթին Թուրքիան, լաւ հասկանալով, թէ ինչ բարդ խնդիր է ինքն իր առջեւ դրել Հայաստանի ղեկավարութիւնը, որպէս մերձեցման գին նրա առջեւ դրեց ծանր պայմաններ, որոնք վերաբերում էին Արցախի հարցի ադրբեջանանպաստ լուծմանը, ցեղասպանութեան հարցից հրաժարմանը, միմեանց տարածքային ամբողջականութեան, իսկ աւելի կոնկրետ, առկայ սահմանների ճանաչմանը եւ այլն։ Միաժամանակ պատերազմող Հայաստանը չէր կարող կապերը խզել Անդրկովկասի նկատմամբ քաղաքական ազդեցութիւնը պահպանող Ռուսաստանից, նկատի ունենալով նաեւ տնտեսական մեծ կախւածութիւնը։

Այնուամենայնիւ, կառավարման գրեթէ ողջ ընթացքում Հայաստանի իշխանութեան այս ոչ հեշտ կացութիւնը հնարաւոր եղաւ պահպանել, որովհետեւ Ռուսաստանի ղեկավարն ինքը Արեւմուտքի դուդուկի տակ էր պարում։ Ռուսաստանի քաղաքական ընդերքից ազգային տրամադրութիւնների աճը սկսեց վերափոխել իշխանութեանը, մասնաւորապէս Հայաստանի իշխանութեան համար փոքրացնելով երկու լարի վրայ խաղալու հնարաւորութիւնը։ Իշխանութեան անակնկալ փոփոխութեամբ Հայաստանի իշխանութեան համար ուրբաթը շաբաթից շուտ եկաւ, իսկ Ռուսաստանը Հայաստանի ղեկավարի եւ նրա թիմի ճակատագրի նկատմամբ կրաւորականութիւն դրսեւորեց։ Անդրադառնալով երեք տասնամեակ առաջւայ իրադարձութիւններին՝ ցանկանում ենք ցոյց տալ այն բազմաթիւ նմանութիւնները, որոնք մինչ այս պահը գոյութիւն ունեն ՀՀՇ-ական եւ նրա քաղաքական ժառանգորդ ՔՊ-ական իշխանութիւնների միջեւ։

Նմանութիւններից մէկն էլ երկու իշխանութիւնների քարոզչամեքենաների հետեւողական ճիգն է հայ հանրութեանը համոզելու, թէ Ռուսաստանը կործանման ճանապարհին է, եւ Հայաստանը հարկադրւած է փնտրելու այլընտրանքներ։ Թերեւս այն տարբերութեամբ, որ ազգային շահերը աւելի զգօն գիտակցող այն օրերի հասարակութիւնը չվարակւեց հակառուսականութեամբ, ինչը տեղի ունեցաւ, երբ ՔՊ-ական իշխանութիւնը պատերազմում կրած խայտառակ պարտութեան մեղքը բարդեց ընդդիմութեան եւ Ռուսաստանի վրայ։

Հայաստանի նոր իշխանութիւնը, երբեք չհաւատալով ու հաշւարկ չանելով սեփական ժողովրդի վրայ, փորձեց Արեւմուտքի միջնորդութեամբ դուրս բերել հայ-ադրբեջանական յարաբերութիւնների գործընթացը ռուսական միջնորդութեան դաշտից եւ, բերելով Արեւմտեան ազդեցութեան ներքոյ, վերջինիս միջոցով պարտադրելու Ադրբեջանին կնքել խաղաղութեան պայմանագիր։ Ադրբեջանը, սակայն, սթափ գնահատելով Ռուսաստանի հնարաւորութիւնների ներուժը, ցոյց տւեց, թէ շարունակում է հաւատարիմ մնալ վերջինիս միջնորդական դերին եւ փաստացի ընդդիմանում է նախաձեռնութիւնը խլելու արեւմտեան ջանքերին: Միաժամանակ շարունակելով թուրքական աւանդական քաղաքական գիծը լաւ յարաբերութիւններ է պահպանում Արեւմուտքի հետ այդ յարաբերութիւնները ցեմենտելով իր տնտեսական, հաղորդակցական եւ տարածաշրջանային առաւելութիւններով։

Միւս կողմից, Արեւմուտքը Հայաստանին յստակօրէն հասկացրել է, որ իր հետ լինել՝ Հայաստանի համար նշանակում է, մաս կազմել այն սցենարին, որն Արեւմուտքը ցանկանում է իրականացնել տարածաշրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջոցով։

Այս բարդ կացութեանը վերջին շրջանում աւելանում է այն հանգամանքը, որ պատերազմում դրական յստակութեան հասնելով եւ Արեւմուտքի դիմաց իրեն աւելի ինքնավստահ զգալով՝ Ռուսաստանը, ինչպէս պատահել է 30 ու 100 տարի առաջ, փորձում է վերականգնել իր դերակատարութիւնն անդրկովկասեան տարածաշրջանում։ Ասւածի վկայութիւններն են տարբեր առիթներով Նիկոլ Փաշինեանին Ռուսաստան մեկնելու հրաւէրները, որոնք նա չի կարողանում մերժել, տարբեր յայտարարութիւնները հայ-ադրբեջանական յարաբերութիւններում Ռուսաստանի միջնորդական դերի մասին եւ, գործնական քայլ որպէս, սոյն թւականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում 3+3 ձեւաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Հայաստանի իշխանութիւնը, չնայած լիակատար անձնատւութեանը Արեւմտաթուրքական դաշինքին, չի կարող հաշւի չնստել այն փաստի հետ, որ Հայաստանը տնտեսական, էներգետիկ եւ այլ կենսական կապերով կապւած է Ռուսաստանի հետ։ Պահի թելադրանքով գրկից-գիրկ թռչելու այս քաղաքականութիւնը ոչ միայն ոչնչի է հաւասարեցրել Հայաստանի իշխանութեանը, այլեւ երկիրը դուրս է դրել պատմական փոփոխութիւնների այն գործընթացից, որի մէջ շատ երկրներ ձգտում են գտնել ու պաշտպանել սեփական շահերը։

Հայաստանի իշխանութեան նեղ կացութիւնը տեսնելով՝ ադրբեջանցիներն ու թուրքերը մղում են նրան նորանոր զիջումների։ Իշխանութիւնը ակնդետ հետեւում է ԱՄն-ում տեղի ունեցող նախընտրական գործընթացներին, Վրաստանում ծաւալւող իրադարձութիւններին, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական այլ գործընթացներին՝ դրանցում անուղղակի եւ ուղղակի վտանգներ տեսնելով իր համար։ Միւս կողմից, Ռուսաստանի դիրքորոշումների կարծրացման ու գործնականացման պայմաններում իշխանութիւնը սարսափով է նայում դէպի հիւսիս, եւ մղձաւանջային երազներ է տեսնում, թէ ինչպէս է Ռուսաստանը յեղաշրջում կազմակերպում եւ տապալում իրենց։ Հայաստանի ղեկավարն ու իշխանախումբը, հեռու լինելով ազգային շահերի գիտակցութիւնից եւ վեց տարւայ ընթացքում փաստացի տապալելով ամէն գործ, ինչին առնչւել են, հիմա ունեն մէկ գլխաւոր մտահոգութիւն՝ ինչպէս պահպանել իշխանութիւնը, իշխանութեան միջոցով սեփական անձերը պաշտպանելու համար։

Քանի դեռ կարող են իրենց օգտին ընտրութիւններ կազմակերպել, նրանք դռնից դուռ ընկած, անգամ թուրքերի միջնորդութիւնն են մուրում, որպէսզի Ադրբեջանը խաղաղութեան պայմանագիր կնքի։ Այս ոչինչ չարժեցող թղթի կտորը նրանց անհրաժեշտ է արտահերթ ընտութիւններ անցկացնելու համար, որպէսզի ընտրողին ասեն, թէ 2021 թւականին չեն խաբել, խաղաղութեան տեսքով ահա իրականացրել են «Ապագայ կայ» կարգախօսը։ Սրա կողքին ժողովրդին եւս մէկ անգամ խաբելու գայթակղիչ խաղալիք են դարձրել, Եւրամիութեանը եւ անգամ ՆԱՏՕ-ին միանալու ցնորական հեռանկարը։ Նիկոլ Փաշինեանը մտածում է, որ մէկ անգամ եւս յաղթելով ընտրութիւններում, ձեռքերը ազատ կը լինեն նորանոր զիջումների համար, երկրի ներսում անելու համար ցանկացածը՝ հասնելով արտաքին ուժերի մէկ դէպքում՝ աջակցութեանը, մէկ այլ դէպքում՝ հարկադրւած չէզոքութեանը։ Իր նպատակին հասնելու համար իշխանութիւնը գնում է հապշտապ քայլերի՝ ոտնահարելով երկրի հիմնական շահերը, անտեսելով որեւէ կարծիք երկրի ներսում, ինչպէս եւ ոտնահարելով պետութեան հիմնական օրէնքները։ Խորհրդարանական ընդդիմութեանը հրաժարականի դրդելու խաղը նոյնպէս թելադրւած է իշխանական կուլիսներից, որպէսզի գործող վարչապետը կարողանայ ազատօրէն երկու անգամ հրաժարական տալ, այդ ընթացքում ոչ ոք չառաջադրւի յանկարծ եւ ձեռք բերի արտահերթ ընտրութիւններ անցկացնելու իրաւունք։

Այո, աշխարհը մեծ փոփոխութիւնների շրջապտոյտի մէջ է, սակայն ամենաճակատագրական իրողութիւնները սեփական իշխանութիւնների ձեռքով պատուհասում են հայ ժողովրդին։ Արդեօք չի՞ ուշանալու չտրորւած ճանապարհով երկիրն անդունդից դուրս բերելու քաղաքական գալիքը։

«Դրօշակ» թիւ 10, 2024 թ.

Related Articles

Back to top button