Հայոց Եկեղեցին անձեռնմխելի սրբարանն է մեր ազգի

Ի հետեւումն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցած ոստիկանական ներխուժման եւ կալանաւորումների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը հետեւեալ գիրը հրապարակեց.
«Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր սրբավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ բարձրաստիճան հոգեւորականութեան նկատմամբ պաշտօնականացւած անարգական պահւածքը, ցաւագին բառերով են արձանագրւելու Հայոց ժամանակակից Պատմութեան էջերում:
«Հայոց Ցեղասպանութեան օրերի, ինչպէս նաեւ անաստւածեան եօթանասուն տարիների ընթացքում հայ հոգեւորականութեան նկատմամբ անմարդկային վերաբերմունքը վերյիշեցնող դէպքեր են տեղի ունենում այսօր անկախ Հայաստանում, երբ հայ եկեղեցու արքեպիսկոպոսներ՝ Միքայէլ արք. Աջապահեանը եւ Բագրատ արք. Գալստանեանը ձերբակալւել եւ բանտարկւել են, Հայոց Հայրապետի հեղինակութիւնը վարկազրկւում է, եւ Սրբութիւն Սրբոց Ս. Էջմիածինը թշնամական թիրախի է վերածւում, հայ զինւորների կողմից:
«Աւետարանը հաւատքի դասագիրք լինելով, դրա էջերում ներկայացւած է այն պահը, երբ մեղաւոր կինը Յիսուսի մօտ է բերւում օրէնքի ուսուցիչների ձեռամբ, նրան քարկոծելուց առաջ: Երկնքի Տէրը ասում է՝ ով որ անմեղ է, առաջին քարը թող գցի նրա վրայ: Բոլորը գլխիկոր հեռանում են: Մեղք յայտնաբերելու եւ մեղաւորներին պատժելու աստւածային իրաւունքը ո՛չ ոքի չի՛ շնորհւել այս կեանքում. իսկ հողեղէն մարդկանց կողմից սոյն իրաւունքի պահանջը, արդէն մեղքերի մեղքն է համարւում:
«Ամօթահար սրտով ականատես ենք լինում այն իրողութեան, որ չի՛ յարգւում աստւածահիմն մեր եկեղեցին: Մարդկային լեզւի նւաստագոյն բառապաշարով է ստորացւում լուսաւորչահաստատ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, աստւածային օծում ստացած հայ եկեղեցու ծառաները, սկսեալ Հայոց Հայրապետից, վնասելով մեր ազգի դարաւոր հաւատքի հիմերին:
«Ուստի, քրիստոնէական խորը հաւատքով եւ եկեղեցասիրութեան ու ազգասիրութեան խորը ապրումներով գրւած այս տողերը թող արթնութեան կոչ լինեն բոլորին, մեր ազգի հիմքը ներկայացնող անձեռնմխելի սրբարանին՝ հայ եկեղեցու պաշտպանութեան ի խնդիր:
«Աղօթում ենք առ Աստւած, որ անմար պահի Սուրբ Լուսաւորչի կանթեղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանում, ու մեր հաւատացեալ զաւակների սրտերում»:
ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
11 յուլիս, 2025, Թաւրիզ