ԳաղափարականԴաշնակցական Բեմ

Կարէն Խանլարեան. «ՀՅԴ դրօշը՝ Արցախի ԿԿ գրասենեակում, Դումանի պատգամն ու յարատեւ պայքարը»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ-ի դէմ ՀՀ գործող իշխանութիւնների ծաւալած բռնութիւնների ֆոնին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր Կարէն Խանլարեանն իր ֆէյսբուքեան էջում հրապարակել է Ստեփանակերտում, ՀՅԴ Արցախի ԿԿ գրասենեակում փակցւած ՀՅԴ դրօշի լուսանկարը՝ յիշեցնելով մեծ հայդուկապետ Նիկոլ Դումանի պատգամը:

«Լուսանկարում պատկերւած է Դաշնակցութեան արիւնոտ այն դրօշը, որը երեք տասնամեակ շարունակ փակցւած է եղել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի գրասենեակում՝ Արցախի Հանրապետութեան քաղաքամայր Ստեփանակերտում։

Այս դրօշի հետ է ասոցացւում դաշնակցական բազմաթիւ հերոսների անթառամ յիշատակը, որոնք զէն ի ձեռին ընկել են Հայրենիքի ազատագրութեան եւ պաշտպանութեան ռազմադաշտերում։ Նրանց թւում է նաեւ 1905-1906 թթ․ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ՀՅԴ ինքնապաշտպանութեան մարմնի ղեկավար՝ հայդուկապետ Նիկոլ Դումանը։

Դումանն իր երիտասարդ ընկերներին յորդորում էր. «Բայց ինչ էլ լինի, թէ՛ թշնամուն, եւ թէ՛ բարեկամին յարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է։ Եւ մի ազգ, եթէ ուզում է մնալ յարգւած, եթէ չի ուզում կորչել, պէտք է լինի զէնքի ընդունակ, միշտ պէտք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանութեան համար, մանաւանդ քաղաքական ցնցումների վայրկեաններում»։

Այս գաղափարները կրող երիտասարդ դաշնակցական ընկերներս այսօր անհիմն մեղադրանքներով ձերբակալւած են «իրաւապահ» մարմինների կողմից։ Նրանք ընդամէնը միակամ էին Դումանի խօսքով՝ կազմ ու պատրաստ դիմագրաւել իրենց Հայրենիքին ուղղւած վտագը, որի մասին օրն ի բուն ահազանգում էին Ադրբեջանն ու Թուրքիան, եւ որոնց սպառնալիքների հանդէպ մեղսակցական ու երկչոտ անտարբերութիւն էր ցուցաբերում ՔՊ-ական ապազգային իշխանախումբը…»,- գրել է նա:  

Related Articles

Back to top button