ՀամայնքՆոր Ջուղա

Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակին նւիրւած Ճարտասանութեան միջոցառում՝ «Քանանեան-Կատարինեան» դպրոցի յարկի տակ

Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրէնութեան, Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման ծրագրերի ծիրում կազմակերպւեց ճարտասանութեան միջոցառում, երեքշաբթի՝ ապրիլի 30-ի երեկոյեան, կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում։

Երեկոյին ներկայ էին՝ թեմի Կրթական խորհրդի եւ Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման Նոր Ջուղայի յանձնախմբի անդամները, դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտներն ու ծնողները։

Միջոցառման թեման էր «Նոր Ջուղան՝ պատմական համայնք», որն ընտրւել էր հէնց մասնակից աշակերտների միջոցով, նկատի ունենալով այն, որ այս հնամեայ համայնքը առեղծւածային է՝ դեռ իր չբացայայտւած բազմաթիւ էջերով ու ծալքերով եւ իր գիրկն է ընդունել Հայաստանից բռնագաղթեցւած վտարանդի ժողովրդի, որն իր հանգրւանած նոր տարածքում զարգացաւ ու զարգացրեց գաղթօջախը եւ տպագրութեան հիմնադրմամբ փայլատակեց Իրանի հողում՝ իր ուրոյն տեղը գրաւելով նաեւ միջին արեւելքում։

Ելոյթների շարանում հանդէս եկան 11-րդ դասարանի բոլոր աշակերտ-աշակերտուհիները. նշելի է, որ այս դասարանի աշակերտները վերջին տարիների հայերէն աւարտական քննութիւններին մասնակցութիւն ցուցաբերած դասարանների համեմատութեամբ արձանագրել են առաւել բարձր նիշ եւ հանդիսացել են որպէս լաւագոյն շրջանաւարտներ։

Ստորեւ ներկայանում ենք մասնակիցների անւանացանկը եւ նրանց միջոցով վարպետօրէն հնչած թեմաները.

Էմիլի Նաւասարդեան՝ «Էրնեստ Հոլեստեր»

Թանիա Յովսէփեան՝ «Ս. Ամենափրկիչ վանքի Խաչատուր Կեսարացի թանգարան»

Քաթրին Ակոն՝ «Գեղանկարիչ Եսայի Շահիջանեան»

Դանիթա Ղազարեան՝ «Նոր Ջուղայի հին բաղնիսները»

Էմմի Մկրտչեան՝ «Բեթղեհէմ եկեղեցի»

Էմին Բարսեղեան՝ «Նոր Ջուղայի գերեզմանատան լեհական բաժինը»

Վահագն Մինասեան՝ «Նոր Ջուղայի բարբառը»

Արութին Քալանթար Օհանեան՝ «Նոր Ջուղայի հայ վաճառականութիւնը»

Նարեկ Բարղեան՝ «Հայերի գաղթը դէպի Պարսկաստան»

Արէն Մարկոսեան՝ «Գէորգ Քանանեան դպրոցի պատմականը»

Սէրլի Շահմիրզայեան՝ «Նոր Ջուղայի գերեզմանատունը»

Աւելացնենք նաեւ, որ միջոցառման բացումը կատարւեց դպրոցի փոխ-տեսուչ Ռիմա Սիմոնեանի միջոցով, իսկ ծրագրի ընթացքում փոխտեսուչը եւ ուսուցչուհի Կարին Տէր-Մարտիրոսեանը յաւելեալ տեղեկութիւններ էին մատուցում այս առիթով։ Երեկոն ընդմիջւեց դպրոցի երգչախմբի «Ապրել խաղաղ» եւ «Դարձիր Անի» երգերի կատարմամբ՝ Նայիրա Ալեքսեանի ղեկավարութեամբ, իսկ Կոմիտասի «Կռունկ»-ը դաշնամուրով կատարեց Էմիլի Նաւասարդեանը։

Վերջում ներկաներից դրւատանքի խօսք ասացին հայկական դպրոցում մատուցւող հայեցի դաստիարակութեան մասին, իսկ աշակերտական ելոյթների կապակցութեամբ արտայայտւեցին պատկան ուսուցչուհիները։ Մասնակիցներին շնորհւեցին պատւոգրեր։

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Related Articles

Back to top button