Քո ցաւը հայրենիք կրակէ շապիկ է
Հագնում եմ վառում է
Հանում եմ մեռնում եմ
Հայրենիք ինչ անեմ, որ քեզնից հեռու եմ
Քո սէրն էլ կրակէ շապիկ է
Հայրենիք չես լսում վառւում եմ մեռնում եմ:
Ապրիլի 28-ին «Հայ կին» միութեան նախաձեռնութեամբ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան սրահում տեղի ունեցաւ Վարդգէս Պետրոսեանի «Կրակէ շապիկ» վէպի ռադիոբեմադրութիւնը գլխաւորութեամբ՝ Դիանա Յովհաննիսեանի եւ միութեանս գրական խմբակի մասնակցութեամբ:
Ծրագիրը սկսւեց Տէրունական աղօթքով ապա Նորա Դաւթեանը վարչութեան խօսքը փոխանցեց ներկաներին:
Լուսինէ Յովհաննիսեանը նախ ներկայացրեց Վարդգէս Պետրոսեանի կենսագրականը եւ բացատրութիւններ տւեց «Կրակէ շապիկ» վէպի մասին:
Գլխաւոր դէպքերը տեղի են ունենում 1980-ականներին, սակայն վէպի միջանկեալ գլուխներում մէջբերւում են թուրք Մուստաֆա Նեդիմի «Հայ եղեռնը. վկայութիւնները գրքից հատւածներ։ Սրանով հեղինակին յաջողւում է 1980-ականներին սփիւռքահայերի առջեւ ծառացած հիմնախնդիրները կապել հիմնական պատճառի՝ հայերի ցեղասպանութեան եւ դրա հետեւանքների հետ։
Մէկ ընտանիքի՝ Վահանեանների եւ նրանց հետ կապւած ազգականների կեանքի օրինակով հեղինակը ցոյց է տալիս հայ ժողովրդի աշխարհասփիւռ ճակատագրի ողբերգութիւնը: Թուրք Մուստաֆա Նեմիդի կերպարում հեղինակը պատկերում է ցեղասպանութեան տարիներին հայերի կողքին կանգնող, հայի համար ցաւող մարդուն՝ անցեալի մարդուն, իսկ Էնիս բէյի կերպարը ներկայացնում է մերօրեայ թուրքին, որն անտեղեակ է իր պապերի վայրագութիւններին, ցաւով, բայց կասկածանքով է մօտենում ցեղասպանութեան մասին փաստերին եւ փորձում է ընդունել իր ազգի մեղքը:
Սրանց զուգահեռ ներկայացնելով նաեւ տարբեր գաղթօջախներում բնակւող հայերի առօրեան, առկայ հիմնախնդիրներն ու կեանքի դժւարութիւնները, հայրենիքից հեռու գտնւելու պատճառներն ու հետեւանքները սերունդների վրայ։ Սերունդների եւ ծնողների բախման միջոցով հեղինակը ցոյց է տալիս հայապահպանութեան հիմնահարցը գաղթօջախներում։ Մի դէպքում ծնողներն են հեռանում հայկական արմատներից ու իրականութիւնից փոխարէնը երեխաներն են ձգտում հայրենիք, մեկ այլ դէպքում՝ հակառակը։
Վէպը բաղկացած է երեք մասից: Սիւժեն կառուցւած է տարբեր հատւածների կցումով: Վէպում պատմւում են 1980-ական թթ. դէպքերը, որոնց զուգահեռւում են 1912 թ.-ից առաջ Ալքեսանդրոպոլում եւ Կարսում կատարւած դէպքերը:
Ապա տարբեր յաջորդականութեամբ պատկերւում են 1914 թ.-ը՝ Առաջին Համաշխարհային պատերազմը, 1915 թ.-ի ջարդը Կարսում, Էրզրումում, Տիգրանակերտում, գաղթը Արեւելեան Հայաստան, Համաշխարհային Երկրորդ պատերազմը, յետպատերազմեան դէպքերը եւ 1980-ական թթ. վէպի առանցքային ժամանակը 1982 թ. դեկտեմբերի 8-ն է՝ ընտանիքի, աւելի ճիշտ գերդաստանի տատի՝ Նունէ մայրիկի ծննդեան 85ամեակը:
Բոլոր գործողութիւնները պտտւում են այդ օրւայ եւ այդ կերպարի շուրջ:
Յաջորդող ու նախորդող դէպքերը տեղի են ունենում Երեւանում, Ռուսաստանում, Հարաւային Ամերիկայում, Աւստրալիայում, Բէյրութում, Սիրիայում, Անգլիայում:
Նունէ մայրիկի յուշերից իմացւում է, որ 1910 թ. նա Ալքեսանդրապոլում ամուսնացել է կարսեցի Շիրակ Վահանեանի հետ:
Սկիզբ է դրւում Վահանեան-Մուղնեցեան գերդաստանին: Նունէ մայրիկի յուշերում յառնում են Կարսի խաղաղ կեանքը, իր հարսնութեան տարիները, ապա 1914 թ. պատերազմ ամուսնու մասնակցութիւնն այդ պատերազմին, հարազատների դաժան սպանդը, գաղթը:
Գաղթի ճանապարհի կոտորածը:
Այս բացատրութիւններից յետոյ վէպը ներկայացւեց ունկնդիրներին Մարգօ Եաւարեանի, Ժաքլին Չարմահալի, Աշխէն Եղիայեանի, Սեդա Թարւերդեանի եւ Դիանա Յովհաննիսեանի միջոցով արցունք խլելով հանդիսատեսների աչքերից:
Չորս աթոռ տատի բացակայ տղաների եւ եղբօր անունները կրելով դատարկ տեղադրւած էին սրահում, որոնք չկարողացան գալ Նունէ Մայրիկի ծննդեան տօնին ցաւ պատճառելով նրան նամանաւանդ իր Արմենակ տղային, որին նա չէր հանդիպել պատերազմից յետոյ:
Թղթակցութիւնը տրամադրել է «Հայ կին» միութիւնը