Թեհրանի «Վահդաթ» օպերային դահլիճում տեղի ունեցաւ իրանահայ դիրիժոր Սերժիկ Միրզայեանի ղեկավարութեամբ՝ համերգ՝ նւիրւած 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան յիշատակին
«ԱԼԻՔ» – Չորեքշաբթի, մարտի 13-ին, երկու ժամ տեւողութեամբ երաժշտագէտ Սերժիկ Միրզայեանի դիրիժորութեամբ Թեհրանի «Վահդաթ» օպերային դահլիճում տեղի է ունեցել դասական երաժշտութեան գլուխգործոցներով յագեցած՝ փողային, լարային, հարւածային գործիքների եւ քորալ կատարումներով համերգ:
ԻՍՆԱ-ի համաձայն՝ համերգը նւիրւած է եղել 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին, ինչպէս նաեւ Ցեղասպանութիւնը վերապրած բոլոր էթնիկ խմբերին։
Յատկանշական է, որ հանդիսատեսի պնդմամբ համերգը շարունակւել է հիմնական ծրագրի աւարտից առնւազն կէս ժամ անց:
Ընթերցողը Սերժիկ Միրզայեանի «ԱԼԻՔ»-ին տւած հարցազրոյցներից արդէն տեղեակ է, որ անւանի դիրիժորն իր երաժշտական ճանապարհն սկսել է 17 տարեկանում, երբ անդամակցել է «Ուրարտու» երգչախմբին՝ Ժոռա Մինասեանի ղեկավարութեամբ: Նա նաեւ որպէս խմբի դաշնակահար ղեկավարել է իր խմբերգային ստեղծագործութիւններից մի քանիսը: Նոյն տարիներին նա մասնակցել է Հոսէյն Սարշարի հնչիւնաւորման դասերին։ Ապա անդամակցում է Գուրգէն Մովսիսեանի ղեկավարած «Կարապ», ապա Տիգրան Սուքիասեանի «Նարեկ» երգչախմբերին: Նա շուրջ մէկ տարի մասնակցել է Հրաչուհի Մակարեանի ղեկավարած «Ներսէս Շնորհալի» երգչախմբի ձայնավարժումներին ու կատարումներին, որտեղից մուտք է գործում Գուրգէն Մովսիսեանի ղեկավարութեամբ՝ Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարարութեան պաշտօնական երգչախումբ, որտեղ շուրջ 7 տարի խմբի հետ հանդէս է եկել որպէս՝ «տենոր» երգիչ։
Նա հանդէս է եկել նաեւ Գուրգէն Մովսիսեանի, Ֆերէյդուն Նասերիի, Ֆարհադ Ֆախրեդդինիի, Լորիս Ճգնաւորեանի, Շահրդադ Ռոհանիի, Մանուչեհր Սոհբայի, Մաջիդ Էնթեզամիի եւ Էդօ Միչիչի (Աւստրիացի կոմպոզիտոր-Գրաց քաղաքի սիմֆոնիկ նւագախմբի ղեկավար) ղեկավարութեամբ համերգներին: