ԹեհրանՀամայնքՀարցազրոյց

Հ. Մ. «Սարդարապատ» միութեան անցած ուղին եւ ներկան

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2003 թւականից սկսեալ իւրաքանչիւր տարին ձօնում է մեր համահայկական կեանքի հետ անմիջական աղերս ունեցող երեւոյթի, դէպքի, դէմքի կամ յոբելեանի։ 2024 թւականը Նորին Սրբութիւնը Հայրապետական յատուկ գրով հռչակել էր ՄԱՐԴՈՒԺԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ, իսկ այս տարի՝ 2025 թւականը «ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԵՆՍԱՒՈՐՄԱՆ ՏԱՐԻ»:

Սփիւռքեան պայմաններում մարդուժի դաստիարակման եւ հայկական ազգային ու կրօնական աւանդոյթների վերակենսաւորման կարեւոր հանգամանքից ելնելով շարունակում ենք հարցազրոյցների շարանը՝ համայնքիս միութիւնների պատասխանատուների եւ վարչականների հետ, ծանօթանալու նշեալ երկու ոլորտներում միութիւնների յարկերի տակ ծաւալւող աշխատանքներին:

 

Թեմայի մասին Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ հարցազրոյց ենք ունեցել միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանի, վարչականների եւ տարբեր միաւորների ու բաժանմունքների պատասխանատուների հետ:

Միութեան վարչութեան նախագահը անդրադառնալով թեմայի գծով միութեան ծաւալած աշխատանքների մասին նախ հակիրճ գծերով ներկայացրեց միութեան պատմական տւեալները. «Ես Մուշեղ Ծատուրեանն եմ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան նախագահը: Միութիւնը հիմնադրւել է 1983 թւականին, միութեան նախկին շէնքի տարածքը օրհնւել է 1984-85 թւականների ընթացքում Թեհրանի հայոց թեմի ժամանակի առաջնորդ, երջանկայիշատակ Տ. Արտակ արք. Մանուկեանի ձեռամբ եւ ժամանակի ազգային իշխանութեան, ազգայինների, բարերաների եւ հոծ բազմութեան ներկայութեամբ: Միութեան այդ տարածքը գտնւում էր, Թեհրանի «Ղասր» շրջանում, 200 մետր տարածքով երկու յարկանի շէնք, որտեղ պաշտօնապէս սկսւեց միութեան աշխատանքները իսկ նախապէս աշխատանքները կատարւում էին քաղաքամասի մեր ընկերների բնակարաններում: Սկզբնական տարիներին, յատկապէս Ամանորի գիշերը, մինչեւ 15 ձմեռ պապիներ, 15 օգնական թաղեցիների հետ միասին միութեան նախաձեռնութեամբ սկսեցին այցելել թաղամասի բնակիչների տները եւ այսպիսով ժողովուրդը աստիճանաբար ծանօթացաւ միութեան աշխատանքներին, քանզի այդ ժամանակ չկար ներկայի հաղորդակցական միջոցները եւ թաղամասը եւս հայահոծ էր բառիս բուն իմաստով եւ ժողովուրդը երկար էր սպասել իր թաղամասում ազգային ոգով մի միութեան, ուստի ամէն միջոցով փորձում էինք թաղեցներին հաղորդ պահել միութեան աշխատանքներին: Թէեւ ապագայում միութեան վայրը փոխւեց, քաղաքապետարանի, քաղաքային նոր ճանապարհների բերումով, սակայն մինչ օրս միութիւնը ոչ մի օր չի դադարեցրել իր աշխատանքը եւ ժամանակի վարչականները եւ միութենականները չեն խնայել ոչինչ այս առումով: Միութեան նախկին տարածքի մասին նշեմ, որ մեր նախկին շէնքի տարածքը մտնում էր «Սայադէ Շիրազի» մայրուղու պլանում, ուստի ստիպւած եղանք վաճառել քաղաքապետարանին եւ այդ գումարով, նաեւ ժամանակի Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի օժանդակութեամբ հնարաւոր եղաւ գնել միութեան ներկայի տարածքը, որի հիմնօրհնէքի արարողութիւնը կատարւեց Թ.Հ.Թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք.Սարգսեանի ձեռամբ: Իսկ բացման արարողութիւնը եւ նորակառոյց շէնքի օրհնութիւնը կատարւել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ձեռամբ, ժամանակի ազգային իշխանութեան ,ազգայինների եւ մեծ թւով թաղեցիների ներկայութեամբ:

Այս տարի միութեան վարչութեան 14-րդ շրջանն է եւ ուրախութեամբ պիտի ասեմ, որ Հ. Մ. «Սարդարապատ» միութիւնը առաջին մազամշակութային միութիւններից է եղել, որի կանոնագիր-ծրագիրը օրւայ Թեմական խորհրդի միջոցով վաւերացւել է եւ դրա վաւերացումից յետոյ, այն յանձնւել է Ներքին գործերի նախարարութիւն նաեւ առաջին միութիւնն է եղել, որ պաշտօնապէս ստացել է աշխատանքի արտօնագիր:

Հայահոծ քաղաքամաս լինելու բերումով ժամանակին միութիւնը ունեցել է մեծ թւով միութենականներ, ունեցել ենք 200-ից աւելի սկաուտներ, որոնք նախքան միութեան շէնքի բացումը իրենց աշխատանքները կատարում էին «Սահակեան» ազգային դպրոցի տարածքում, որը այսօր վերածւել է համայնքիս խնամքի կարօտ ընտանիքների բնակութեան կենտրոնի: Միութիւնը ժամանակին օգտւել է Հ. Մ. «Սիփան», Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնների բակերից ու տարածքներից, իսկ բանակումներ եւ արշաւներ ենք իրականացրել «Արարատ» մարզաւանում, որոնց առումով միութիւնը միշտ իր երախտագիտութիւնն է յայտնել նշեալ միութիւններին:

Ցաւօք սկաուտական միաւորի թւային պակասի բերումով,որը կապւած է թաղամասի բնակչութեան թւի նւազման հետ հնարաւորութիւն չունեցանք պահպանել Սկաուտական բաժանմունքը եւ պահպանւեց մի փոքր բաժանմունք Երէցների փաղանգ: Երէցների փաղանգի շնորհիւ միութեան մէջ դաստիարակւել են յանձնառու միութենականներ, որոնց ներկայութիւնը , միութենական կեանքին իսկապէս գոյն եւ երանգ է հաղորդում: Ժամանակին միութիւնը ունեցել է մարզական լայնածաւալ աշխատանքներ, ինչպէս օրինակ ունեցել ենք ֆուտբոլի 3 տարիքային խմբեր,որոնք փայլուն ներկայութիւն են ունեցել երկար տարիներ տարբեր կարգի մրցութիւններում, ինչպէս՝ Արարտեան գաւաթ, Իրանի Համահայկական խաղեր, Նոր Ջուղայի Գարնանային խաղեր եւ այլն: Միութեան ֆուտբոլիստները ժամանակին բոլոր մրցութիւններին մասնակցել են, մեզ մօտ աշխատանք են տարել Իրանի մակարդակում հանրայայտ ֆուտբոլիստներից Ժորժիկ Թէյմուրեանը, Անդրանիկ Թէյմուրեանը, Էդմոնդ Ախթարը: Նշեմ, որ հանգուցել Ժորժիկ Թէյմուրեանը երկար տարիների մեր ֆուտբոլի խմբի դարպասապահն է եղել եւ Անդրանիկը մեր մօտից է ֆուտբոլը սկսել:

Ունեցել ենք բասկետբոլի տղայոց եւ աղջկանց մասնագիտական խմբեր, նաեւ ուսուցողական դասընթացներ: Ունեցել ենք շատ յաջող բռնցքամարտի խումբ, որը Իրանի Համահայկական խաղերում բաւականին մեծ խնդավառութիւն էր առաջացնում:

220 հոգուց բաղկացած պարախումբ ենք ունեցել «Եղնիկ» անունով, որի պարուսոյցն էր Կարինէ Պետրոսեանը»:

Անդրադառնալով միութեան ներկայի կարգավիճակին Մուշեղ Ծատուրեանը նշեց. «Ցաւօք պէտք է նշեմ, որ 60-70 տոկոսով թաղամասի բնակիչներից պակսել են, որի պատճառները բազմազան են:

Ներկայիս միութիւնը մօտաւորապէս ունի 100-ից 120 միութենականներ, իսկ աշխատանքները ընդհանրապէս ծանրանում են 40-50 հոգու վրայ: Ունենք Մարզական եւ Երէցների բաժանմունքներ, Գրական խումբ, որոնք բաւականի մեծ աշխատանք են տանում: Միութեան յարկի տակ, շնորհիւ մեր յանձնառու միութենականների նշել ենք բազմաթիւ միջոցառումներ, ինչպէս իրանահայ անւանի բանաստեղծ Վարանդ Քուրքչեանի ծննդեան 70-ամեակը, բանաստեղծ ով իր անմնացորդ ներդրումն է բերել մեր միութեան գրական խմբի զարգացման ու երիտասարդների ուսուցման գործում: Նշել ենք մեր միութեան հիմնադիրներից հանգուցեալ լրագրող եւ ազգային գործիչ Վարդան Դաւթեանի յուշերեկոն, մարդ ՝ ով իր կեանքի ընթացքում չի խնայել իր կարելին միութեան վերելքի ճամբին:

Մեր մարզական խմբերը են՝ սեղանի թենիս եւ շախմատ, իսկ Համահայկական խաղերին երիտասարդների ցանկութեան դէպքում հնարաւորութիւն ենք ընձեռնում եւ հովանաւորում նրանց, որպէսզի խմբերի շրջագծում մասնակցեն մարզական միջոցառումներին: Մեր շախմատի խումբը բաւականաչափ ակտիւ է մեր սիրելի մարզիչի եւ պատասխանատու՝ Գառնիկ Մելիք Ստեփանեանի ջանքերի շնորհիւ, ով երկար տարիներ Համահայկական խաղերում աշխուժ գործունէութիւն է ունեցել, իսկ մարզիչն է Արմիդա Գրիգորեանը:

Միութեան սեղանի թենիսի խումբը նոյնպէս շատ ակտիւ է, որի մարզիչն է Գեւիկ Ծատուրեանը: Մարզական խմբի պատասխանատուն եւ վարչութեան կապն է փոխնախագահ Ալինա Բաբախանեանը:

Միութեան ակտիւ բաժանմունքներից է՝ Երէցների բաժանմունքը , որը կազմակերպում է նաեւ շահավէտ եւ հաճոյական միջոցառումներ, օժտւած է մէկ տասնեակ անդամներով եւ վարչութեան ու բաժանմունքի կապն է Ժասմէնա Առաքելեանը, իսկ Երէցների նախագահը Ժիւլիէթ Սիրիկեանն է: Մենք աշխատում ենք համահունչ բոլոր միութիւնների եւ ազգային դրւածքի ու հաստատութիւնների հետ եւ տարբեր միջոցառումների առումով համագործակցում ենք միմեանց հետ: Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ֆինանսական հարցերին, որը ինչ որ տեղ խոչընդոտում է մեր աշխատանքներին, սակայն շնորհիւ մեր միութենականների, բարերարների, վարչական ընկերների, երէցների եւ մեր համակիրների, աշխատում ենք մեր միութեան դուռը բաց պահել:

Ես շնորհակալ եմ «ԱԼԻՔ»-ին, որ միշտ մեր կողքին է կանգնած»:

Հարցազրոյցը շարունակեցինք միութեան վարչութեան քարտուղար Ժասմենա Առաքելեանի հետ:

Նա իրեն ներկայացնելով նշեց. «Արդէն 2 շրջան է, որ ստանձնել եմ վարչութեան քարտուղարութեան պաշտօնը, սրանից 12 տարի առաջ 2008 թւականին աշխատել եմ միութեան գրադարանում, յետոյ որպէս գրադարանի պատասխանատու եւ այդ տարիների ընթացքում որպէս վարչութեան անդամ: Ժամանակին եղել եմ միութեան հանրութեան հետ կապը եւ մինչ օրս շարունակաբար ներկայացնում եմ հանրային կապը: Ուրախութեամբ պէտք է նշեմ, որ այսօր միութեան յարկի տակ աշխատում է երիտասարդ բաժանմունք, որը համալրւել է 10-ից 12 պատանիներով եւ երիտասարդներով եւ ունենում են իրենց հանդիպումները եւ ներկայ են ունենում միութեան կազմակերպած ծրագրերին:

Գրական խմբից, որպէս պատասխանատու եւ վարչութեան կապը փոխանցեմ, որ խումբը ժամանակին բաղկացած էր 10 անդամներից եւ խմբի հետ սիրայօժար աշխատանք էր տանում մեր բոլորի կողմից յարգւած, բանաստեղծ Վարանդ Քուրքչեանը: Ներկայ դրութեամբ խումբը իր վեց անդամներով փորձում է իր աշխատանքները իրականացնել եւ յուսանք, որ գրականութեամբ հետաքրքրւող երիտասարդները միանան խմբին, որպէսզի էլ աւելի աշխուժ միջոցառումներ իրականացնենք մեր ազգային ու կրօնական տօների առիթով:

Անդրադառնալով միութեան գրադարանին, նա ընդգծեց որ միութեան «Վաչիկ Յովհաննիսեան» գրադարանը երրորդ յարկում է: Գրադարանում գոյութիւն ունի 1036 անուն համարակալւած գրքեր, գրական, մարզական, հասարակական, գիտական տարաբնոյթ թեմաներով եւ օտար լեզուներով, ունենք 20-ից 25 գրքեր ՝100 ամեայ վաղեմիութեամբ»:

Զրոյցի ընթացքում նա նշեց. «Միութեան յարկի տակ կազմակերպում ենք Գեղագրութեան մրցութիւն, որի մտայղացումը վերապահւած է միութեանս հիմնադիրներից՝ Գուրգէն Քարամեանին»:

Այս թեմայով զրոյցը շարունակեցինք Գուրգէն Քարամեանի հետ: Նա նշեց. «Այս մրցութեան նպատակն է՝ քաջալերել մեր սիրելի աշակերտութեանը եւ երիտասարդներին, էլ աւելի հետաքրքրւելու գիր ու գրականութեամբ: Գնահատանքս եմ յայտնում Թ. Հ. Թ. Կրթական խորհրդին, նաեւ բոլոր նրանց, ովքեր ընդունելով իրաւարար կազմի համար հրաւէրը, սիրայօժար համագործակցում են, որպէսզի լաւագոյնս իրականանայ այս մրցութիւնը: Ցայսօր կազմակերպել ենք Գեղագրութեան եօթ մրցութիւններ»:

 

Մեր յաջորդ զրուցակիցն էր միութեան վարչութեան փոխնախագահ եւ մարզական բաժանմունքի հետ կապ՝ Ալինա Բաբախանեանը: Նա անդրադառնալով մարզական բաժանմունքին նշեց. «Միութիւնը այսօր ունի շախմատի խումբ, բաղկացած 15 մարզիկներից մարզիչ ունենալով Արմիդա Գրիգորեանին եւ Գառնիկ Մելիք Ստեփանեանին:

Ունենք 12 մարզիկներ սեղանի թենիս մարզաճիւղում, որոնց պատասխանատուն է Գեւիկ Ծատուրեանը: Մասնակցում ենք Նոր Ջուղայում Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան նախաձեռնութեամբ ամենամեայ Գարնանային խաղերին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ Իրանի համահայկական խաղերին, մասնակցել ենք Հայաստանի համահայկական խաղերին եւ ունեցել ենք յաղթողներ: Թաղամասի մեր հայրենակիցները յաճախ երեկոյեան իրենց ժամերը անց են կացնում միութեան յարկի տակ եւ զբաղւում են դոմինոյով, նարդիոյով կամ բիլիարդով»:

Մեր յաջորդ զրուցակիցն էր միութեան Երէցների խմբի պատասխանատու Ժուլիետ Սիրիկեանը: Նա ներկայացնելով Երէցների խմբին ,նշեց , որ այն համալրւած է 10 անդամներով: Խումբը ունենում է իր շաբաթական հանդիպումները եւ վարչութեան հովանաւորութեան ներքոյ կազմակերպում մշակութային ,ազգային եւ կրօնական տօներին համապատասխան միջոցառումներ եւ հասութաբեր ուրախ ժամանցներ :

 

Զրոյցը շարունակեցինք Արմիդա Գրիգորեանի հետ: Նա իր մասնագիտութեան մասին անդրադառնալով, նշեց ,որ ուսման հետ զուգահեռաբար միութենական աշխատանք է ծաւալում եւ խօսքը ուղղելով երիտասարդ միութենականներին այսպէս շարունակեց. «Մասնագիտութեամբ ֆիզիոլոգիայի գերլիսանսի մակարդակում եմ ուսանում: Իսկ որպէս միութենական ամենակարեւորը հետեւեալն է, որ այսօր քանի որ երիտասարդները յաճախ զբաղւում են բջջային հեռախօսներով ու կիբեր տարածքով, ուստի շատ էլ տեղեակ չեն մեր հայ ժողովրդի պատմութեան, գրականութեան ու մշակոյթի մասին, եւ ոչ էլ հետաքրքրւած են միութենական կեանքով, որը պատճառ է դառնում նրանց անտարբերութեան: Ուրեմն նման բացը լրացնելու ամենալաւ միջոցներից է՝ միութիւնների աշխատանքներին մաս կազմելը: Ինձ համար եւս պարագան նոյնն է եւ խորհուրդ կըտամ իմ համատարքներին մասնակցել միութենական աշխատանքներին»:

 

Մեր զրուցակիցներից էր միութենական Սելիա Աւանէսեանը: Նա իրեն ներկայացնելով նշեց. «Սելիա Աւանէսեանն եմ եւ համալսարանական ճիւղս հաշւապահութեան է: Ըստ իս երիտասարդները միութիւն յաճախելով շատ բան ունեն սովորելու եւ միութենական կեանքը ոչ միայն ազգային ոգի է փոխանցում ,այլ նաեւ հնարաւորութիւն է տալիս մտքերի փոխանակում կատարել այլ միութենականների կարծիքների հետ եւ աւելի ուշադիր հետեւել հարցերին: Ես միութեան մէջ զբաղւում են սեղանի թենիս մարզաձեւով, նաեւ ժամանակին զբաղւում էի լող մարզաձեւով»:

Զրոյցը շարունակեցինք միութեան երէց անդամուհիներից Վարդուհի Օրուջեանի հետ, ով ոչ մի ջանք չի խնայել միութեան զանազան աշխատանքների իրականացման համար: Նա զրոյցի ընթացքում նշեց. «Ես Վարդուհի Օրուջեանն եմ 16 տարի է ինչ միութեան գրասենեակում եմ աշխատում: Անդամակցում եմ տարբեր յանձնախմբերին, երբ նոր էր հիմնւել «Սարդարապատ» միութիւնը ես անդամակցում էի Գրական խմբին, հանգուցեալ Միշա Հայրապետեանի ղեկավարութեամբ եւ իրապէս շատ բան սովորեցի նրանից եւ գրականութեան նկատմամբ ունեցած իմ սիրուց մինչեւ այսօր գրական խմբի անդամ եմ, երկու շրջան վարչութեան անդամ եմ եղել:

Ժամանակին Երէցների բաժանմունքի պատասխանատուն էի, իսկ այսօր ստանձնել եմ քարտուղարութեան հանգամանքը, աշխատում եմ գրասենեակում եւ փորձում եմ իրականացնել իւրաքանչիւր աշխատանք, որը ինձ է վստահւում կամ յանձնարարւում: Յուսանք միասնական աշխատանքով կարողանանք քաջալերել նաեւ մեր երիտասարդներին ,որ մասնակցեն միութենական աշխատանքներին, քանզի միութեան առողջ շրջանը, լաւ միջավայր է երիտասարդներին ազգային ոգով դաստիարակելու եւ մեր գիր ու գրականութիւնը փոխանցելու համար»:

Վերջում միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանը հետեւեալ տողերով եզրափակեց. «Միութիւնը մեր միւս միութիւնների հետ համահունչ, համախորհուրդ եւ համաքայլ իրականացնում է այն բոլոր աշխատանքները, որոնք կրում են ազգային, համայնքային բնոյթ, սկսած Արցախեան պատերազմի օրերին նպաստների տրամադրման ու հաւաքագրման, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովների ընտրութիւնների իրականացման, Իսլամական խորհրդարանի մեր շատ սիրելի պատգամաւոր Արա Շահվերդեանի ընտրապայքարի օրերին եւ այլ աշխատանքներին: Պարտքս եմ համարում շնորհակալական եւ երախտագիտութեան խօսքս փոխանցելու թէ՝ Թհերանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, որ միշտ թէ՛ հովանաւորել է եւ թէ՛ ներկայ եղել միութեան բազմազան միջոցառումներին, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, ում ջանքերով, միութեան հարցերով հանդիպումներ են իրականացել քաղաքապետի, քաղաքապետարանի յարակից բաժնի քաղաքապետի եւ խորհրդականների հետ, որի արդիւնքում քաղաքապետարանի ջանքերով անվճար ասֆալթապատւել է միութեան տարածքը, «ԱԼԻՔ» հաստատութեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովին, Թեմական խորհրդին «ԱԼԻՔ» օրաթերթին, Սրբոց Վարդանանց եկեղեցու հոգեւոր հայր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանին, ով միշտ մեր կողքին է եւ ազգային մարմիններին: 

Մեր առաջիկայ ծրագրերից է Հայոց Ցեղասպանութեանը նւիրաւծ յուշակոթողի տեղադրումը, որը մեր միութենականների եւ թաղամասի մեր սիրելի թաղեցիների վաղեմի ցանկութիւններից է:

Այս հարցով ստացել ենք սրբազան հօր հաստատումը: Յուշակոթողի նախագիծը պատրաստ է եւ հաստատւել է թեմակալ առջնորդի կողմից:

Նախնական աշխատանքը կատարւել է դոկտ. Շեռլի Աւետեանի միջոցով:

Միութիւնը հրատարակել է պատկերազարդ եւ միութեան ու թաղամասի վերաբերեալ գիրք, որի մեկենասութիւնը եւ ծախսերը յոգացել է Թաթուլ Եդգարեանը, իր ծնողների յիշատակին: Բոլոր ընկերների ջանքերի շնորհիւ հաւաքագրել ենք նիւթերը խմբագրել եւ դասաւորել: Այս հարցով իր կարեւոր դերն է ունեցել բանահաւաք Յովիկ Մինասեանը : Կատարել ենք գրքի շնորհանդէսը:

Կրկին շնորհակալ ենք «ԱԼԻՔ»-ին աշխատանքները արտացոլելու համար»:

Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button