
Դկտր. Ազատ Հախնազարեանը ծնւել է 1920 թւականին Թաւրիզում: Փոքր հասակից ճանաչւելով որպէս ուշիմ եւ սովորող աշակերտ, վայելում էր ուսուցիչների ուշադրութիւնն ու գուրգուրանքը:
Բարձրանլով տարիքը՝ բարձրացաւ նաեւ նրա սէրը դէպի գիտութիւնը եւ այդպիսով աւարտելով Թաւրիզի հայոց դպրոցի միջնակարգը՝ շատ բարձր միջինով, ընդունւեց Թաւրիզի համալսարանի բժշկական ճիւղը: Կեանքը գեղեցկանում էր՝ ապագան ձեւաւորւում ու նպատակին հասնելու ճանապարհը՝ հարթւում եւ ինչպէս սպասւում էր, աւարտելով համալսարանը եւ ունենալով բժշկի կոչումը, պատրաստւած ու լի աւիւնով նետւեց կեանքի ասպարէզ: Առաջին քայլը՝ սկսւեց հայկական երիտասարդական միութիւններից՝ անդամակցելով եւ լայն գործունէութիւն ունենալով:
Հիւանդանոցներում աշխատելով, ցանկանում էր դարմանել բուժել մարդկանց հիւանդութիւնները՝ օգնելով չքաւորներին՝ բժշկելով նրանց անվճար: Տեղափոխւելով մայրաքաղաք, շարունակեց նոյն գործունէութիւնը՝ Թեհրանում:
Սիրում էր կարդալ՝ զինւել արդի գիտական մեթոդներին եւ փոխանցելով այդ սէրը իր երեք զաւակներին, առաջնորդեց նրանց դէպի գիտութիւնների լայն աշխարհը՝ օգնելով ստանան բարձրագոյն ուսում՝ տարբեր մասնաճիւղերում: Գուցէ կարողանար նւաճել աւելի լայն ասպարէզներ եթէ չյայտնւէր չարագուշակ ախտանշանները հիւանդութեան: Տարիների ընթացքում դանդաղ-դանդաղ հիւծւեց մարմինը՝ հանգչելով օգոստոսի 26-ին խորը վիշտ պատճառելով մերձաւորներին:
Մնաս բարով ի՛մ ընկեր:
Ննջիր խաղաղ ու հանգիստ քո յաւիտեանական ննջարանում:
Ս. Ս.



