ՀամայնքՆոր Ջուղա

Սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնը նշւեց Նոր Ջուղայում

Երեքշաբթի՝ փետրւարի 25-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Սրբոց Ղեւոնդեանց քահանաների եւ քահանայութեան տօների առթիւ:

Սուրբ Պատարագին մասնակցում էին թեմիս բոլոր քահանաները. շարականների երգեցողութեամբ հանդէս եկան Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի անդամները:

Սրբազան Հայրն օրւայ քարոզախօսութեան ընթացքում անդրադառնալով Վարդանանց պատերազմի ընթացքում հոգեւորականների դերակատարութեանն ու  քաջագործութիւններին՝ յատկապէս ընդգծեց. «Ղեւոնդեանց Քահանայից տօնի առիթով մի անգամ եւս խորապէս մտածենք լաւագոյն առիթների ու բացառիկ ընտրութիւնների մասին, որպէսզի միշտ երկրաւորից ու գնայունից շատ աւելի վեր դասենք երկնաւորն ու մնայունը. զղջումն ու ապաշխարութիւնը, աղօթասացութիւնը, Սուրբ Գրային ընթերցումները, բարեգործութիւնը, աստւածահաճոյ ապրելակերպը, ներումն ու եղբայրութիւնը, համերաշխութիւնն ու հանդուրժողութիւնը, հաւատքը, յոյսը, սէրը, յաւիտենական կեանքը, Աստծու արքայութիւնը, երկնքի թագաւորութիւնը, Սուրբ Հոգու շնորհներն ու Երկնաւոր Հօր օրհնութիւնները»:

Աւարտին հոգեհանգստեան պաշտօն իրականացւեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր ննջեցեալ եկեղեցականների՝ ի մասնաւորի Սպահանի հայոց թեմի հոգելոյս եկեղեցականների հոգիների խաղաղութեան համար, ապա քահանայութեան տօնը նշւեց եկեղեցու սրահում, որտեղ նախ բոլոր քահանայ հայրերի անունից արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը շնորհաւորանքի եւ բարեմաղթանքի խօսքեր ասաց բոլոր եկեղեցականներին, սկսած՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետից մինչեւ թեմիս առաջնորդ Սրբազան Հօրն ու ենթակայ եկեղեցականներին: Այնուհետեւ թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը բարձր գնահատելով հայոց պատմութեան էջերում արձանագրւած հոգեւորականների դերը հայ ժողովրդի եւ հայրենիքի պաշտպանութան գործում՝ շնորհաւորանքի խօսք ուղղեց ներկայ եկեղեցականներին՝ տօնի առիթով: Սրբազան Հայրը շեշտելով, որ ինչպէս ցանկացած թեմակալ առաջնորդ, ինքը նոյնպէս հպարտանում է իր քահանաներով, տօնի առիթով բարեմաղթանքների շարան ուղղեց՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին եւ միւս եկեղեցականներին՝ ի մասնաւորի թեմիս քահանայից դասին: 

Միջոցառումը եզրափակւեց հիւրասիրութեամբ, իսկ Կրօնական խորհրդի կողմից նւէրներ յանձնւեցին բոլոր քահանայ հայրերին։

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button