Փաշինեանը Նիւ Եօրք էր ժամանել ՄԱԿ-ում ելոյթ ունենալո՞ւ, թէ՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը դարձել է այնքան վիճայարոյց կերպար, որ նրա ելոյթները թէ՛ Հայաստանում, թէ՛ արտերկրում յաճախ մեծ հակազդեցութիւն են առաջացնում։
ՄԱԿ-ում օտարերկրեայ բարձրաստիճան պաշտօնեաների հետ նախատեսւած հանդիպումներից զատ՝ Փաշինեանը որոշեց Նիւ Եօրքում սեպտեմբերի 23-ին հանդիպել «Համահայկական Ուսանողական միութեան» (ASA) անդամ հանդիսացող մի խումբ ամերիկահայ ուսանողների հետ։ Ըստ էութեան, սա Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի գործառոյթն է, սակայն վերջինիս չէին խնդրել ուղեկցել վարչապետին ԱՄՆ այցելութեան ընթացքում։
Հաշւի առնելով հայկական հարցերի վերաբերեալ Փաշինեանի խնդրայարոյց դիրքորոշումները՝ ASA-ի խորհուրդը ոչ միայն խախտեց կազմակերպութեան՝ «ապաքաղաքական» մնալու սկզբունքը, այլեւ վարչապետի հետ կայանալիք հանդիպման մասին չտեղեկացրեց եւ չխորհրդակցեց Միացեալ Նահանգների All-ASA-ի տարբեր մասնաճիւղերի ղեկավարների հետ։
Փաշինեանի հետ հանդիպումը պառակտում առաջացրեց «Համահայկական Ուսանողական միութեան» անդամների շրջանում։ Միութեան Արեւելեան տարածաշրջանի փոխտնօրէն Թամարա Գ. Նահապետեանը, դէմ արտայայտւելով այդ հանդիպմանը, հրաժարական տւեց։ Նա ինձ յայտնեց, որ հանդէս է եկել ծաւալուն յայտարարութեամբ՝ ««Ապաղաքական» All-ASA-ն մտնում է քաղաքական դաշտ» վերնագրով՝ ափսոսանք յայտնելով, որ Փաշինեանին յաջողւեց ապակայունացնել եւ պառակտել Սփիւռքում գործող ոչ կուսակցական ու ապաքաղաքական այս հայկական կազմակերպութիւնը։ Միութեան խորհրդի մէկ այլ անդամ եւս հրաժարական տւեց։ All-ASA-ի առնւազն երեք մասնաճիւղեր հանդէս եկան յայտարարութեամբ՝ տարանջատելով իրենց Փաշինեանի հետ հանդիպելու All-ASA-ի որոշումից։ Թէեւ միութեան անդամներն ազատ են իրենց քաղաքական հայեացքներում, All-ASA-ն անկախ հովանոցային կազմակերպութիւն է, եւ չափազանց վնասակար է պառակտում մտցնել այն երիտասարդների շրջանում, որոնք դառնալու են ամերիկահայ համայնքի ապագայ առաջնորդները։
Սակայն խնդիրն աւելի խորն է, քան պարզապէս ASA-ի ներքին տարաձայնութիւնները կամ սփիւռքահայութեան շրջանում քարոզչական յաջողութիւն գրանցելու՝ Փաշինեանի ձգտումը։ Խօսքը Հայաստանի կառավարութեան՝ Սփիւռքն օտարելու ութամեայ քաղաքականութեան շարունակութեան մասին է. քաղաքականութիւն, որին դէմ է սփիւռքահայութեան մեծ մասը՝ չընդունելով Փաշինեանի զիջողական կեցւածքն ու Հայաստանի թշնամիներին արւող անվերջանալի զիջումները։ Այս գործընթացն սկսւեց 2018 թւականին՝ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ Սփիւռքի նախարարութեան լուծարմամբ, որին յաջորդեցին Սփիւռքից ստացւող մարդասիրական օգնութիւնից հրաժարւելու մասին բազմիցս յայտարարութիւնները, ընտրութեան օրը քւէարկելու նպատակով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների մուտքի արգելափակումը, սփիւռքահայերի համար Հայաստանի քաղաքացիութիւն ստանալու գործընթացի բարդացումը, օտարերկրացիների ներգաղթի խրախուսումը (երկրի բնակչութեան «մոնոէթնիկ» պատկերը փոխելու նպատակով), Հայոց Ցեղասպանութեան փաստերը կասկածի տակ դնելը, Արարատ լեռան ու հայկական այլ սրբազան խորհրդանիշների պատմական նշանակութեան արժէզրկումը, ինչպէս նաեւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքների յանձնումը Ադրբեջանին։
Այլ երկրներում հայ համայնքների հետ նախկինում կայացած հանդիպումների ժամանակ վարչապետը պահանջում էր, որ մասնակիցները մինչեւ հանդիպման աւարտը յանձնեն իրենց բջջային հեռախօսները։ Այնուհետեւ Փաշինեանն իր ֆէյսբուքեան էջում հրապարակում էր իր ելոյթից միայն կարճ հատւածներ՝ բացառելով ներկաների հնչեցրած որեւէ հարց։ Մասնակիցները նախապէս ընտրւում էին, որպէսզի ոչ ոք չբարձրացներ վարչապետի դիրքորոշմանը հակասող որեւէ անյարմար հարցադրում։
ASA-ի ղեկավարներն սկզբում խնդրել էին ուսանողներին իրենց հարցերը նախապէս գրաւոր ներկայացնել։ Աւելի ուշ՝ բողոքներից յետոյ, նրանք որոշեցին թոյլ տալ ուսանողներին ուղղակիօրէն հարցեր տալ։ Հանդիպումից յետոյ ASA-ի ղեկավարները յայտարարութիւն տարածեցին՝ պատճառաբանելով. «Համայնքից ստացւած որոշ արձագանքներից յետոյ յետդարձ հայեացքով գիտակցում ենք, որ թափանցիկութեան ապահովման նպատակով մեր ներքին հաղորդակցութիւնը կարող էր աւելի լաւը լինել»։ ASA-ի յայտարարութիւնն ինստագրամեան էջում առայժմ հաւաքել է 172 մեկնաբանութիւն, որոնք հիմնականում քննադատական բնոյթ են կրում։ Բազմաթիւ դժգոհութիւններ են հնչել առ այն, որ ուսանողների բացասական մեկնաբանութիւնները ջնջւել են։ Ոմանք պահանջել են ASA-ի խորհրդի հրաժարականը։
Եթէ Փաշինեանն իսկապէս մտադիր էր հանդիպել Նիւ Եօրքի ամերիկահայ համայնքի հետ, ինչո՞ւ նա մեծ դահլիճ չվարձակալեց եւ համայնքի հարիւրաւոր ներկայացուցիչների հնարաւորութիւն չտւեց լսելու իրեն, ինչպէս նաեւ հարցեր ուղղելու եւ քննադատելու իր հակահայկական քաղաքականութիւնը։
Հայաստանի կառավարութիւնը հակասական դիրքորոշում ունի Հայաստանի գործերին Սփիւռքի ներգրաււածութեան վերաբերեալ։ Մեզ ասում են, թէ իրաւունք չունենք կարծիք յայտնելու Հայաստանի Հանրապետութեանն առնչւող հարցերի մասին։ Նման անհեթեթ պնդում անողները մոռանում են, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ նրանց բնակութեան վայրից։ Սփիւռքահայերին Հայաստանի հարցերով կարծիք յայտնելուց զերծ մնալու կոչերի իրական պատճառն այն է, որ Փաշինեանի անհանդուրժող աջակիցներին դուր չեն գալիս Սփիւռքից հնչող հակադիր տեսակէտները։ Վստահ եմ՝ եթէ սփիւռքահայերը քննադատելու փոխարէն գովաբանէին Փաշինեանին, Հայաստանում ոչ ոք չէր համարձակւի ասել՝ «Դուք իրաւունք չունեք կարծիք յայտնելու»։ Բացի այդ, անկախ կարծիքի բնոյթից՝ մարդիկ ամենուրեք արտայայտւելու իրաւունք ունեն։ Այլակարծութեան նկատմամբ անհանդուրժողականութիւնը ժողովրդավարութեան այն հիմնարար սկզբունքների խախտումն է, որոնց պահպանման մասին բարձրաձայնում է վարչապետը։
Փաշինեանը չի կարող Սփիւռքի նկատմամբ նման բացասական դիրքորոշում որդեգրել, իսկ յետոյ ASA-ի անդամներին հրաւիրել իր հետ հանդիպման։ Աւելին, քանի որ Փաշինեանը բազմիցս պնդել է, թէ Հայաստանի կառավարութիւնն ի վիճակի է լիովին հոգալ բնակչութեան կարիքները եւ արտաքին օգնութեան կարիք չունի, ապա ինչո՞ւ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ամենամեայ դրամահաւաք կազմակերպում տասնեակ երկրներում։ Հայաստանում տեղակայւած այս հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխաւորում է Հայաստանի Հանրապետութեան նախագահը, որին միանում է վարչապետը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտօնեաներ։ Ինչպէս իր բողոքում նշել է Թամարա Գ. Նահապետեանը. «Չի կարելի Սփիւռքին միաժամանակ անտեսել՝ որպէս Հայաստանի քաղաքականութեան համար անկարեւոր գործօն, եւ միեւնոյն ժամանակ օգտագործել նրան՝ որպէս այդ քաղաքականութեան լսարան»։
Գովասանքի են արժանի այն ուսանողները, որոնք դէմ արտայայտւեցին Փաշինեանի հակահայկական քաղաքականութեանը եւ մերժեցին նրա հետ հանդիպելու՝ ASA-ի խորհրդի անդամների որոշումը։
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ



