Դուք ժողովրդի մեծամասնութեան անունից չունէք մանդատ երկիրը նոր արկածախնդրութեան տանելու

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանի ելոյթը՝ 9-րդ գումարման ԱԺ առաջին նիստում.
Այսօր ես չեմ խօսելու Ազգային ժողովի նախագահի թեկնածուի անձի եւ Ազգային ժողովի նախագահի ընտրութեան մասին: Խոշոր հաշւով, որեւէ նշանակութիւն չունի, թէ գործող ռեժիմի որ ներկայացուցիչը կը լինի Ազգային ժողովի խօսնակ, ովքեր կը նստեն այս վերեւի աթոռներում: Որովհետեւ բոլորը իրականացնելու են այն քաղաքական գիծը, որ այս ընթացքում իրականացրել է: Հետեւաբար, Ազգային ժողովի անդրանիկ նիստում այս ամբիոնից ես խօսելու եմ մեր անելիքների, Հայաստանի Հանրապետութեան առջեւ կանգնած մարտահրաւէրների մասին եւ ամենակարեւորը՝ խօսելու եմ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հետ:
Սիրելի հայրենակից, մենք տարիներ միասին պայքարել ենք, այս ամբիոնից բարձրաձայնել ենք ու Հայաստանի Հանրապետութեան տարբեր հրապարակներից՝ մի շարք կարեւոր խնդիրներ: Խօսել ենք այս իշխանութեան բնոյթի եւ բովանդակութեան մասին: Դժբախտաբար, մեր բոլոր գնահատականները, մտահոգութիւնները եւ կանխատեսումներն իրականութիւն են դարձել՝ Արցախի հայաթափումից մինչեւ անվտանգութեան համակարգի փլուզում: Բաքւի բանտերում տանջւող հայ գերիներից մինչեւ Ադրբեջանի նորանոր պահանջներ, սոցիալ-տնտեսական հարցերից մինչեւ խաղաղամոլութեան ու թմրամոլութեան ահագնացող աճ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրայ յարձակումից մինչեւ տասնեակ քաղբանտարկեալներ։ Մենք ամէն ինչ արել ենք, բարձրաձայնել ենք, պայքարել ենք, որ այս կէտին չհասնենք։
Ցաւօք, այս կորուստների զիջումների շղթան ընտրութիւններով չկտրւեց: Այո, պարոն Ռուբինեան, յունիսի 7-ի ընտրութիւններին ընդդիմութիւնը չի յաղթել, եւ դա վատ է, որ չի յաղթել, բայց չի յաղթել նաեւ օրւայ իշխանութիւնը: Յունիսի 7-ի ընտրութիւնները Հայաստանի պատմութեան մէջ ամենախայտառակ ընտրութիւններից մէկն են եղել: Վարչական ռեսուրսի աննախադէպ եւ բացայայտ կիրառում: Պետական բիւջէի հաշւին սեփական քարոզարշաւի ֆինանսաւորում, պատերազմի սպառնալիքով Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների նկատմամբ տեռոր, ընդդիմադիր գործիչների ձերբակալութիւն, կալանաւորումներ, նախընտրական շտաբների գործունէութեան պարալիզացում։ Այս պայմաններում են տեղի ունեցել ընտրութիւնները։ Եւ ի վերջոյ՝ ընդդիմադիր շեմը յաղթահարած ուժի՝ «Բարգաւաճ Հայաստանի» ձայները գողացւել է։
Հետեւաբար այս խորհրդարանը ունի լեգիտիմութեան լրջագոյն խնդիր, նաեւ այս խորհրդարանի ձեւաւորած կառավարութիւնը, եւ այդ մասին դուք եւս լաւ գիտէք:
Սիրելի հայրենակիցներ, այս ամէն ինչից յետոյ հարց է առաջանում՝ ի՞նչ է անում ընդդիմութիւնն այս դահլիճում եւ ի՞նչ անելիք ունի առաջիկայում: Շատ պարզ եւ ուղիղ ձեւակերպեմ. մենք այստեղ ենք մեր առաջիկայ քաղաքական պայքարը կազմակերպելու եւ մեր համազգային նպատակները առաջ մղելու համար: Մենք այստեղ ենք Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հարցերը բարձրաձայնելու, Բաքւում գտնւող գերիների խնդիրներից խօսելու, Հայաստանի օկուպացւած տարածքների մասին բարձրաձայնելու եւ այո Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի իրաւունքը բարձրաձայնելու համար: Արդեօ՞ք սա բաւարար է փոփոխութեան հասնելու համար: Միանշանակ ոչ:
Սիրելի հայրենակից, մենք գիտենք, որ փոփոխութեան հասնելու պահանջը ձեւակերպւած է ընդդիմութիւնից, մասնաւորապէս՝ խորհրդարանական ընդդիմութիւնից: Մենք ընդունում ենք այդ պահանջը, քննադատութիւնը, մտնում ենք այդ պատասխանատւութեան տակ եւ ամէն ինչ անելու ենք փոփոխութեան հասնելու համար: Մեզ պէտք է ձեր աջակցութիւնը, ձեր վստահութիւնը եւ թիկունքը, որպէսզի գնանք առաջ:
Այս օրերին Հայաստանի Հանրապետութեան համար համակարգային ընդդիմութիւնը անհրաժեշտութիւն է․ դա նաեւ դիմադրութիւն է մեզ պարտադրւող արտաքին եւ ներքին օրակարգերը խափանելու եւ մերժելու համար: Իսկ ինչ վերաբերւում է ընդդիմութեան եւ իշխանութեան տարբերութեան մասին. ուզում եմ շատ յստակ լինի, մեր եւ ձեր հակասութիւնները, առճակատումները չթաքցնեմ՝ երբեմն ատելութիւնը անձնական բնոյթ չունեն, դա ունի խորը գաղափարական հէնք, դա մեր պետութեան անցեալի, ներկայի եւ ապագայի մասին պատկերացումներն է: Այն մոդելը, որ դուք առաջարկում էք «իրական Հայաստանի» փաթեթաւորմամբ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին, դա ինքնաոչնչացման եւ կործանման ճանապարհ է: Մենք չենք կարող թոյլ տալ, որ հայկական պետութիւնը ունենայ Ադրբեջանի պահանջած սահմանադրութիւնը: Մենք չենք կարող թոյլ տալ, որ հրաժարւենք մեր անցեալից, մեր ժառանգութիւնից, մեր իրաւունքներից ուրանալ Հայոց Ցեղասպանութիւն: Մենք չենք կարող թոյլ տալ, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացուն ընտրւելու եւ ընտրելու համար ազատազրկեն, խլեն սեփականութիւնը: Ազատ խօսքը Հայաստանում ոչ միայն վտանգւած է, այլ գողացւած։ Մենք մերժում ենք այս իրականութիւնը։
Մեր այլընտրանքը անվտանգ եւ մրցունակ Հայաստանն է, բայց էութեամբ եւ բնոյթով՝ հայկական Հայաստանը, որը ապրում է խաղաղ, բայց միեւնոյն ժամանակ պատրաստ է պաշտպանելու իրեն, ով չի հրաժարւում իր քաղաքացիների իրաւունքներից, իր համազգային նպատակներից, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման պահանջից, ով չի հրաժարւում Արցախում գտնւող հայ գերիներից:
Սիրելի հայրենակից, իսկապէս ընդդիմութիւն-իշխանութիւն այս հակասութիւնը սովորական կռիւ չէ։ Սա, նորից եմ կրկնում, հայկական դիմադրութիւն է, որը պէտք է կարողանանք առաջ տանել։ Ես հաւատում եմ հայ ժողովրդի յաղթանակին, հայ ժողովրդի ապագային եւ ամէն ինչ անելու ենք այս ընթացքը կասեցնելու, երկիրը պետական ազգային ուղեգիծ վերադարձնելու եւ փոփոխութեան հասնելու համար:
Եւ վերջում. պա՛րոն Ռուբինեան, Դաշնակցութիւնը ձեզ, «Քաղաքացիական պայմանագրին», Նիկոլ Փաշինեանին չի մեղադրում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցութիւնների համար: Մենք ձեզ մեղադրում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները խոնարհաբար իրականացնելու համար:
Եւ մի բան էլ ասեմ, որ յետոյ չասէք՝ չեն ասում: Լաւ իմացէք, դուք մեր ժողովրդի կողմից, ժողովրդի մեծամասնութեան կողմից չունէք մանդատ երկիրը նոր զիջումներ տանելու, դուք չունէք մանդատ անկլաւների անւան տակ Տիգրանաշէն յանձնելու, դուք չունէք մանդատ սահմանագծման եւ սահմանազատման անւան տակ Հայաստանից նոր տարածքներ յանձնելու։ Դուք ժողովրդի մեծամասնութեան կողմից չունէք մանդատ Ադրբեջանի պահանջով Հայաստանի սահմանադրութիւնը փոխելու, անկախութեան հռչակագրից հրաժարւելու, Հայոց Ցեղասպանութիւնը ուրանալու համար։ Եւ վերջապէս, դուք ժողովրդի մեծամասնութեան անունից չունէք մանդատ երկիրը նոր արկածախնդրութեան տանելու։



