Կարգ Չարչարանացի (Խաւարման Գիշեր) կրօնական արարողութիւնը Թեհրանի եկեղեցիներում

Հայոց առաքելական եկեղեցին այս տարի Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի վերջին շաբաթը՝ Աւագ շաբաթը եզրափակող արարողութիւններից Սուրբ հաղորդութեան խորհրդի հաստատման, Ոտնալւայի ու Խաւարման կարգը վերապրեց ապրիլի 2-ին։

Այս տարի, Երկրում տիրող պատերազմական պայմանների պատճառով, տնօրինութեամբ եւ հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի՝ Աւագ հինգշաբթի օրւայ արարողութիւնները սահմանափակւեց միայն Կարգ Չարչարանացի (Խաւարման գիշեր) կրօնական արարողութեան կատարումով, որը տեղի ունեցաւ հինգշաբթի երեկոյեան ժամը 4:00-ին, թեմիս Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբ. Թարգմանչաց, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբ. Վարդանանց եկեղեցիներում:

Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Կարգ Չարչարանացը (Խաւարման Գիշեր), Քրիստոսի մատնութեան եւ չարչարանքների յիշատակն է: Սոյն արարողութեան մասնակիցները ունկնդրում են Աւետարանից եօթ ընթերցումներ, որոնք բովանդակում են Գէթսեմանիի պարտէզում Քրիստոսի աղօթքը, Յուդայի մատնութիւնը, Յիսուսի յանձնումն ամբոխին, ձերբակալութիւնը, չարչարանքները, խաչելութիւնը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացութիւնն ու զղջումը:

Արարողութեան ընթացքում, երբ «Փառք ի բարձունս»-ի աւարտին մարեցին եկեղեցու բոլոր լոյսերը եւ երգւեց յուզիչ եւ հոգեզմայլ «Ու՞ր ես մայր իմ»-ը, եկեղեցիներում ներկայ հաւատացեալ ժողովուրդը վերապրեց Քրիստոսի երկրաւոր կեանքի վերջին հանգրւանը եւ վկան եղաւ այն վերաբերմունքի, որ մարդկութիւնը ունեցաւ աշխարհին որպէս փրկիչ աշխարհ եկած Քրիստոսի նկատմամբ:

Հայր Սուրբն իր քարոզի ընթացքում ասաց.-««Ու՞ր ես մայր իմ» եկեղեցական երգի հեղինակը, այսպէ՛ս է նկարագրում Խաչի վրայ Քրիստոսի ապրած հոգեվիճակը: Քրիստոսը փնտռում էր իր մօր, որովհետեւ այն առաքեալները, ովքեր ասել էին.-«Դու Աստծոյ Որդին ես», «Մենք Քեզ երբեք չենք թողնի», «Մինչեւ մահ Քո հետեւից կը գանք», մահից սարսափելով եւ վախենալով, իրեն մենակ էին թողել: Նա փնտռում էր իր մօր, որովհետեւ մարդկանց կողմից մատնւելուց, մահւան դատապարտւելուց, ծաղրանքի ենթարկւելուց, չարչարւելուց եւ խաչւելուց յետոյ, իր մօր ծնողական սիրոյ կարիքն ունէր: Նա փնտռում էր իր մօր, որովհետեւ իմանում էր թէ միակ անձը, որ իրեն անկեղծութեամբ եւ սրտանց էր սիրում, Իր մայրն էր:

Հայր Սուրբը յաւելեց.-«Այս պատերազմական օրերին, Քրիստոսի նման մենք էլ ասում ենք.-«Ու՞ր ես Աստւած, մեր աչքերը արցունքով են լցւած, ոչ ոք չունենք որ սրբի դրանք»:

Նա իւրաքանչիւր ուխտաւորի սրտի թարգմանը հանդիսանալով, դիմեց Խաչեալ Փրկչին, ասելով.-«Ո՜վ Յիսուս, Դու որ տառապեցիր, տե՛ս Քո որդիների տառապանքը եւ գթա՛ նրանց: Ո՜վ Քրիստոս, Դու որ չարչարւեցիր, տե՛ս Քեզ հաւատացողների չարչարանքը եւ փրկի՛ր նրանց: Ո՜վ Աստւածորդի, Դու՛ որ ցաւեցիր, տե՛ս Քո հետեւորդների ցաւերը եւ օգնի՛ր նրանց: Ո՜վ Խաչեալ Տէ՛ր, Դու որ դառն բաժակից խմեցիր, տե՛ս Քո սուրբ անունը կրողների դառնութիւնը եւ ողորմի՛ր նրանց: Տէ՜ր, Դու խոստացար մեզ տալ մի այնպիսի խաղաղութիւն, որ այս աշխարհի խաղաղութիւնից տարբեր է, խնդրում ենք Քո խաղաղութիւնը հաստատի՛ր մեր հոգիներում, մեր սրտերում, մեր մտքերում, մեր ժողովրդի կեանքում, մեր երկրում եւ խռովայոյզ այս աշխարհում»: «Քո Սուրբ եկեղեցին եկած ուխտաւորներս երկրպագում ենք Քո Սուրբ Խաչին, փառաւորում ենք Քո մատնութիւնը, չարչարանքներն ու խաչելութիւնը, ասելով.-«Սուրբ Աստւած, Սուրբ եւ Հզօր, սուրբ եւ անմահ, որ մատնեցար, չարչարեցար ու խաչեցար վասն մեր, ողորմեայ մեզ»: Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Թեմիս եկեղեցիներում կրօնական արարողութեանը ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի, Ազգ. Մարմինների եւ Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ հաւատացեալներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ