Նահատակ Յովհաննէս Սիմոնեանի յուղարկաւորութեան եւ թաղման կարգը տեղի ունեցաւ երեքշաբթի՝ մարտի 31-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Աստւածածին» եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանի եւ թեմիս եկեղեցական դասի:
Արարողութեան աւարտին արժ. Տ. Մեսրոպ Աւ. քհնյ. Գալստանեանն ընթերցեց նահատակի կենսագրականը, ապա թեմի առաջնորդական տեղապահ Հայր Սուրբի, եկեղեցական դասի, ազգային մարմինների եւ ժողովրդի անունից ցաւակցական խօսք ուղղեց նահատակի ընտանիքին: Նա ցաւակցական խօսք ասաց նաեւ Իրանի ժողովրդին՝ յարձակումների պատճառով խաղաղ բնակչութեան, պետական պաշտօնատարների եւ ի մասնաւորի երկրի առաջնորդ այաթ. Խամենէյիի նահատակութեան համար:
Այնուհետեւ դին փոխադրւեց եկեղեցու շրջափակ, որտեղ դամբանախօսական արտայայտութիւններով հանդէս եկան՝ հոգ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանը, պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը եւ նահատակի որդու ընկերներից՝ Արայիկ Գրիգորեանը:
Հայր Սուրբն իր խօսքում շեշտելով, որ մեր պարտականութիւնն է Աստծուն մօտիկ կեանք ապրելով խաղաղութիւնը դարձնենք մեր կեանքի գեղեցիկ զարդը, ընդգծեց, թէ կեանքի երկնակամարը խաղաղութեամբ զարդարելու արդիւնքում նման ողբերգութիւնները նւազագոյնի կիջնեն: Նա Քրիստոսի խօսքը մէջբերելով՝ ասաց. «Մեծագոյն սէրը, այն սէրն է, որ մարդ իր կեանքը զոհում է իր բարեկամի համար եւ այսօրւայ ննջեցեալն իր կեանքը զոհաբերեց Իրանի ժողովրդի, Իրանի բարեկամների համար»:
Այնուհետեւ նահատակի դին տեղափոխւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. գերեզմանատուն, որտեղ իր հարազատների ներկայութեամբ հողին յանձնւեց:
Ցաւակցականներն ընդունւեցին «Ս. Աստւածածին» եկեղեցում:
Յուղարկաւորութեանը ներկայ էին նաեւ՝ պետական բարձրաստիճան պաշտօնատարներ, թեմիս ազգային մարմինների ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայ ու պարսիկ հայրենակիցներ:
Թղթակից (Նոր Ջուղա)














