ԹեհրանՀամայնք

Մաջիդիէ թաղամասում տեղի ունեցած պայթիւնների հետեւանքով մարդկային զոհեր չեն գրանցւել

«ԱԼԻՔ» – Այսօր Թեհրանի վրայ իրականացւած աւիահարւածների հետեւանքով պայթիւն է որոտացել նաեւ Մաջիդիէ թաղամասի փողոցներից մէկում։

* * *

Զէյթուն (Մաջիդիէ) թաղամասում տեղի ունեցած պայթիւնների հետեւանքով վնասւել են Աքբարի փողոցում գտնւող հայ հայրենակիցների երկու բնակարան։

Մեր ունեցած տեղեկութիւններով՝ շէնքերից մէկի բնակիչները պայթիւնի պահին գտնւել են տնից դուրս, իսկ միւս բնակարանի բնակիչներն անմիջապէս լքել են վնասւած բնակարանը։

Նոյն կապակցութեամբ ԹՀԹ Ազգային առաջնորդարանը հաղորդել է, որ նրանք քաղաքամասի շտաբի օգնութեամբ տեղափոխւել են տրամադրւած ժամանակաւոր կացարան։

Նշւում է, որ մարմնական վնասւածքներով վիրաւորներ են նկատւել նրանց մէջ, սակայն նրանց կեանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։

* * *

Այսօր՝ մարտի 9-ին Թեհրանի վրայ իրականացւած իսրայէլա-ամերիկեան աւիահարւածի հետեւանքով լուրջ վնասներ է կրել նաեւ հայկական միութիւններից՝ ԻԱՄՄ-ի շէնքը։ Մարդկային զոհեր եւ մարմնական վնասւածքներով տուժածներ չկան։

Նոյն կապակցութեամբ կապւել ենք դոկտ. Անդրանիկ Սիմոնեանի հետ։Նա ԱԼԻՔ-ին յայտնեց, որ ռմբակոծութեան հետեւանքով ԻԱՄՄ-ի (Իրանահայ ազգային եւ մշակութային միութիւն) շէնքը լուրջ վնասւել է եւ այլեւս օգտագործելի չէ։

Դոկտ. Սիմոնեանը յաւելեց, որ միութեան պահակի սենեակը նոյնպէս ամբողջութեամբ վնասւել է։ «Բարեբախտաբար ինքը չի տուժել»,- նշեց նա։

Նա յաւելեց, որ միութեան բակում կայնած երեք մեքենաներ են եղել, որոնք նոյնպէս հիմնովին վնասւել են եւ անօգտագործելի են դարձել։

* * *

Դէպքի վայր ու վնասւած շէնքերին մօտենալ հնարաւոր չէ, քանի դեռ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։

Արգելւած է նաեւ լուսանկարելը։ Դա չի թոյլատրւում նաեւ արտօնեալ լուսանկարիչներին։ Ուստի աւելորդ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ չի տրւում խախտել սահմանւած կարգը։

 

Related Articles

Back to top button