Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ կայացաւ «Արարատ» պարախմբի տարեկան ելոյթը
80 տարիներ առաջ համայնքում իր աշխատանքը սկսեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը, որը տարիների ընթացքում համալրւել է բազմաթիւ միութիւններով, կրթելով ու դաստիարակելով մեր նոր սերնդի սաներին:
Կազմակերպութեան միութիւններից է Արւեստից միութիւնը, որի նախաձեռնութեամբ ուրբաթ, փետրւարի 23-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում տարեկան ելոյթով հանդէս եկաւ «Արարատ» պարախումբը հանդիսատեսին ներկայացնելով հայկական, ու միջազգային պարային կատարումներ:
Ելոյթի սկզբում օրւայ բացման խօսքով հանդէս եկաւ Մեղրի Սարխոշեանը: Իր խօսքի ընթացքում նա նշեց. «Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը իր 80-ամեայ փառաւոր պատմութեան ընթացքում, ունեցել է բազմիցս սիրողական եւ մասնագիտական պարախմբեր, սակայն 28 տարիներ առաջ հիմքը դրւեց «Արարատ պարի դպրոց»-ի, որը թերթել է պատմական արժէքաւոր էջեր, տարիների հետեւողական եւ տքնաջան աշխատանքի արդիւնքում»: Նա նշեց, որ «Արարատ» պարախումբը նախկին տարիներին հիւրախաղերով հանդէս է եկել Հայաստանում, Լիբանանում, մասնակցել է Վրաստանում կազմակերպւած պարի մրցոյթին, շահելով «Գրանդ պրի» մրցանակը եւ վերջերս 2023 թւականի օգոստոսի 5-ին Գիւմրիում հանդէս է եկել Հայաստանի 8-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը»: Նա ընդգծեց, որ «28-ամեայ պարախումբը, իր առաջին քայլերը սկսեց ՀՀ պարի պետական անսաբլի մենակատար՝ Ժոռա Դիլանեանի ղեկավարութեամբ, իսկ քանի տարիներ անց պարի դպրոցը պատիւն ունեցաւ վայելելու եւ մասնագիտանալու ՀՀ պարի պետական անսամբլի նախկին մենապարուհի, «Բարեկամութիւն» համոյթի տարիների փորձավար եւ ՀՀ վաստակաւոր արտիստ՝ Կարինէ Ղազարեանին, որպէս գեղարւեստական ղեկավար, իսկ յաջորդ տարիներում պարի դպրոցը իր մօտ հիւրընկալել է հայրենիքի պարարւեստի վաստակաւոր արտիստների եւ արւեստի անւանի գործիչների ներկայութիւնը, ինչպէս օրինակ՝ Գագիկ Կարապետեանի, Քրիստինէ Յովահկիմեանի, Ռուդոլֆ Խառաթեանի, Սրբուհի Բաբայեանի, Յակոբ Մարգարեանի եւ Զոհրաբ Բակալեանի, որոնց կատարած բեմադրութիւնները աւելի գունեղ են դարձրել «Արարատ» պարախմբի պարերի ցանկը:
Պարախումբը նաեւ ներկայացրել եւ վայելել է իրանահայ անւանի արւեստագէտ Աւագ Աբրահամեանի բեմադրութիւնները, որը բացի բեմադրութիւններ, միշտ ոգի եւ շունչ է տւել մեր պարուհիներին ելոյթների սեմին:
Հարկ է գնահատել նաեւ խմբիս սիրելի Անահիտ Աւետեանի աւելի քան 20 տարիների սիրայօժար գործունէութիւնը, թէ՛ որպէս բեմադրիչ, եւ թէ՛ որպէս աւագ ուսուցիչ»:
Նա այսպէս շարունակեց. «Այսօր երախտապարտ ենք մեր սիրելի ուսուցչական կազմին, Լինետ Սարգսեանին, Ալմարա Շահմիրեանին եւ օգնականներ՝ Էլին Դանիէլեանին, Նարէ Մնացականեանին եւ Նարէ Տէր-Մկրտչեանին իրենց կատարած աշխատանքի ու ներդրման համար»:
Միջոցառմանը տեսաֆիլմեր ցուցադրւեց «Արարատ» պարախմբի Հայաստանում ունեցած ելոյթների մասին: Կատարումները իրականանում էին շատ արագ տեմպով եւ մէկը միւսին յաջորդում էին տարիքային տարբեր խմբերը:
Յատկանշական է, որ միջոցառման աւարտին բեմ հրաւիրւեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը բարձր գնահատեց մարզամշակութային միութիւնների անխոնջ աշխատանքը, հայ նոր սերնդի դաստիարակման գործում եւ գնահատեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան 80-ամեակին նւիրւած «Արարատ» պարախմբի ելոյթը: Պատգամաւորը համապարփակ գծերով անդրադարձաւ այն աշխատանքների մասին, որոնք իրականացել են մարզամշակութային միութիւնների ազգանւէր միութենականները աշխատանքները աւելի սահուն դարձնելու համար:
Հանդիսութեանը ներկայ էին Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, արւեստագէտներ, միութիւնների եւ միութիւնների յարկերի տակ աշխատող տարբեր պարախմբերի ու պարային համոյթների պարուսոյցներ ու ղեկավարներ եւ մեծ թւով հանդիսատես:
Վերջում պարախմբի տարբեր տարիքային սահմաններում բոլոր սաները միասնաբար բեմ բարձրանալով գնահատւեցին:
Թղթակից ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ